Մատչելիության հղումներ

«Նաիրիտի» աշխատողները մտադիր են նստացույց սկսել կառավարության շենքի մոտ


«Նաիրիտի» աշխատողները մտադիր են նստացույց սկսել կառավարության շենքի մոտ
please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00

«Նաիրիտ» գործարանի նախկին և ներկա աշխատողները մի շաբաթից նստացույց կսկսեն կառավարության շենքի մոտ։

Այսօր նրանք կրկին այնտեղ էին՝ պահանջելու ավելի քան մեկուկես տարվա աշխատավարձի պարտքը, որը հասել է մոտ 5 միլիարդ դրամի։ Իրենց իրավունքները պաշտպանելու համար շաբաթներ առաջ գործարանի աշխատողները դիմել էին նաև օմբուդսմենի գրասենյակին և այսօր ստացել էին Կարեն Անդրեասյանի նամակը։

Էներգետիկայի և բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը մարդու իրավունքների պաշտպանին նույն պատասխանն է տվել՝ պարտքը կմարվի գործարանի ոչ պիտանի գույքի վաճառքից հետո, որի մեծ մասը գրավադրված է Միջպետական բանկում։

Գործարանի արհմիության ղեկավար Հրաչ Թադևոսյանի խոսքով՝ «Կապույտ լիճ» տարածքի խողովակաշարի վաճառքը, սակայն, խնդիրն ամբողջությամբ լուծել չի կարող։

«Էդ 24 կմ-ը վաճառքի գումարը մոտ 1.7 միլիարդ դրամ է, դա մեր աշխատավարձի պարտքի մոտ 30 տոկոսն է կազմում։ Բայց խողովակաշարի որոշ մասը գետնի տակով է գնում, մարդիկ կան, որ հող են սեփականաշնորհել, նույնիսկ էդ գծի վրա տուն են սարքել, հիմա մարդու տունը չես քանդի, 50 մետր տրուբան հանես, որ վաճառես»,- ասաց Թադևոսյանը։

Նախարարից ստացած պատասխանից հետո մարդու իրավունքների պաշտպանը դադարեցրել է նաիրիտցիների բողոքի քննարկումը՝ պնդելով, թե խախտումները վերաբերում են ոչ թե պետական մարմինների, այլ գործարանի տնօրինության աշխատանքին։

«Ոչ միայն ՀՀ կառավարությունը, այլ մարդու իրավունքների պաշտպանն է պարտավոր մեզ օգնել»,- ասաց ցուցարարներից մեկը.- «Մենք միամիտ ենք, խաբվել ենք, հիմա ի՞նչ, մարդու իրավունքների պաշտպանը չպիտի՞ միջամտի մեր ոտնահարված շահերը վերականգնելու հարցում։ Այսինքն եզրակացությունը հետևյալն է՝ մարդու իրավունքներին պաշտպանին էլ է պաշտպան պետք»։

Ավելի վաղ վարչապետ Հովիկ Աբրահամյանը խոստացել էր այս ամսվա վերջին կրկին հանդիպել նաիրիտցիների հետ և խնդիրը նորից քննարկել, սակայն գործարանի աշխատողները նշում էին, որ այլևս չեն կարող սպասել և ստիպված են դիմել ծայրահեղ քայլերի։

«Դա կլինի նախազգուշական նստացույց՝ մեր պարտքերի ամբողջական մարման պահանջով։ Էսօր մեր աշխատավարձերը պիտի փակված լինեին արդեն։ Ակնհայտ է, որ կառավարությունը անընդհատ ժամանակ ձգելով մեզ թողել է փողոցում՝ առանց որևէ հարց լուծելու, և մենք դա հանդուրժել չենք պատրաստվում»,- ասաց բողոքի ցույցերը համակարգող խմբի անդամ Անուշ Հարությունյանը։

««Նաիրիտը» միայն «Նաիրիտ» չէ, սիմվոլ է՝ պայքար վաղվա օրվա, ապագայի համար։ «Նաիրիտով» վերակենդանանալու է Հայաստանի արդյունաբերությունը, եթե «Նաիրիտը» վերագործարկվեց, միայն մեր աշխատավարձի հարցը չի, ամբողջ արդյունաբերության, վաղվա օրվա հարցն է, արտագաղթի դեմն առնելու հարցն է»,- ասաց Հրաչ Թադևոսյանը։

XS
SM
MD
LG