Մատչելիության հղումներ

Վերջին մեկ ամսում Անկարա են վերադարձել երեք թուրք դեսպաններ


Վերջին մեկ ամսում Անկարա են վերադարձել երեք թուրք դեսպաններ
please wait

No media source currently available

0:00 0:02:55 0:00

Էրդողանը վստահեցրել է, թե անհրաժեշտության դեպքում Մոսկվայից էլ ետ կկանչեն դեսպանին:

Եվս մեկ թուրք դեսպան մնաց առանց աշխատանքի. Անկարան ետ է կանչել Լյուքսեմբուրգում իր դեսպանին այն բանից հետո, երբ այդ պետության խորհրդարանը միաձայն Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձև է ընդունել:

Դատապարտելով այդ բանաձևը՝ պաշտոնական Անկարան հերթական անգամ հայտարարել է, թե խորհրդարանը, այս անգամ արդեն՝ լյուքսեմբուրգյան, խեղաթյուրում է պատմական փաստերը:

Թուրքական դիվանագիտական գերատեսչությունը չի բավարարվել միայն Լյուքսեմբուրգից իր դեսպան Լևենթ Շահինքային ետ կանչելով․ ըստ Թուրքիայի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության՝ Անկարայում Լյուքսեմբուրգի դեսպանին էլ կանչել են արտգործնախարարություն, որպեսզի վերջինը բանաձևի շուրջ Թուրքիայի մտահոգությունը փոխանցի նրա երկրին:

Հիշեցնենք՝ այս առիթով անցած ամիս Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը հեգնել էր՝ ասելով, որ այսպես շարունակվելու դեպքում թուրք դեսպանների համար գործազրկության լուրջ խնդիր կառաջանա:

Եվրամիություն շտապող Թուրքիան, ըստ Hurriyet Daily News-ի, 2010 թվականից մինչ այսօր դիվանագիտական կապերը խզել է ընդհանուր առմամբ 8 երկրների՝ Սիրիայի, Եգիպտոսի, Իսրայելի, Լիբիայի, Եմենի, Վատիկանի, Ավստրիայի և Լյուքսեմբուրգի հետ: Միայն վերջին մեկ ամսվա ընթացքում Անկարա վերադարձան երեք թուրք դեսպաններ՝ Վատիկանից, Ավստրիայից, Լյուքսեմբուրգից:

Մոսկվայում թուրք դեսպանի աշխատանքը նույնպես վտանգի տակ է. ըստ թուրքական Milliyet թերթի՝ երեկ նախագահ Ռեջեփ Էրդողանը հայտարարել է, թե անհրաժեշտության դեպքում Մոսկվայից էլ ետ կկանչեն դեսպանին:

Milliyet-ը ծավալուն հոդվածում պատմում է երեկ Անկարայում տեղի ունեցած մի ճաշկերույթի մասին, որին մասնակցել են Թուրքիայի նախագահն ու մի խումբ պատմաբաններ, քննարկման թեման «1915 թվականի դեպքերն» էին:

Թերթի հետ զրույցում պատմաբան Մուսթաֆա Արմաղանը խոսել է Էրդողանի հայտարարությունների մասին: Milliyet-ը մեջբերում է․ - «Թուրքիան հարկ եղած դեպքում կվերանայի դիվանագիտական հարաբերությունները Ռուսաստանի հետ, այսինքն ՝դեսպանին հետ կկանչի, և աշխատանքը կշարունակվի հյուպատոսության, կամ անհրաժեշտության դեպքում՝ գործերի հավատարմատարի մակարդակով»:

Էրդողանը վստահեցրել է, թե այդ քայլին կդիմեն անգամ այնպիսի երկրների դեպքում, որոնց հետ լավ հարաբերություններ ունեն:

Թուրք պատմաբանը մանրամասնել է․ - «Էրդողանը պատմեց, որ Պուտինի հետ հեռախոսազրույց ունեցավ, ասաց, որ կոտրված է, նաև ավելացրեց, որ Անկարայի և Մոսկվայի միջև հարաբերությունները կարող է վերանայվեն»:

Հարևան Հայաստանի հետ հարաբերություններին անդրադառնալով՝ Էրդողանը հայտարարել է, թե սխալ էր 2008 թվականին նախկին նախագահ Աբդուլա Գյուլի Երևան գնալու որոշումը, սակայն, միևնույն ժամանակ, իր խոսքում հավաստիացրել է, թե հայերի հետ թշնամիներ չեն, ընդհակառակը՝ հայերին միշտ գրկաբաց են ընդունել: «Պարզապես դիմացինն էլ պետք է նույն կերպ պատասխանի», - ավելացրել է Թուրքիայի նախագահը, ում հավաստմամբ՝ Անկարան ամեն ինչ անում է ջերմացնելու Երևանի հետ հարաբերությունները, իսկ Երևանն ի պատասխան կոշտ դիրքորոշում է դրսևորում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG