Մատչելիության հղումներ

Մանուկյանը «Եկամտային հարկի մասին» օրենքի փոփոխությունը «կազմակերպված արտագաղթ» է որակում


ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան, արխիվ
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյան, արխիվ

Ըստ ՀԱԿ խմբակցության քարտուղարի, լավագույն սցենարը կլինի այն, որ նախագահը չստորագրի օրենքի տակ։

Կառավարությունն այս պահին դեռ չի հստակեցրել, թե Հայաստանում գրանցված ու դրսում գործունեություն ծավալող շինարարական կազմակերպություններից քանիսն են պատրաստ օգտվել «Եկամտային հարկի մասին» վիճահարույց օրենքի փոփոխությունից, հայտնի չէ նաև՝ դրա արդյունքում որքա՞ն լրացուցիչ գումար կփոխանցվի բյուջե։

Այս հարցերի պատասխանը չունի նաև Ազգային Ժողովի իշխող Հանրապետական խմբակցության պատգամավոր, տնտեսական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը, ով պաշտպանում է օրենսդրական փոփոխությունը։ «Ես նմանատիպ ինֆորմացիա չունեմ և չեմ էլ կարող ունենալ, հուսով եմ՝ մոտակա ժամանակահատվածում կհաշվարկեն, թե հայկական որ կազմակերպություններն են, որ դրսում ունեն շահած մրցույթներ։ Գիտեք, ամենակարևոր սկզբունքը՝ պարտադրում չկա որևէ մեկի վրա», - ասաց Այվազյանը։

«Սա կազմակերպված արտագաղթ է», - պնդում է Ազգային Ժողովի Հայ ազգային կոնգրես (ՀԱԿ) խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ հավելելով. - «Լավագույն սցենարը կլինի այն, որ նախագահը չստորագրի օրենքի տակ»։

«Եթե մենք մինչև հիմա դժգոհում էինք «Հայրենակիցներ» ծրագրի իրագործումով, որ Հայաստանում հերթ են կանգնած Ռուսաստանում աշխատանք գտնելու համար, և մենք դժգոհում էինք Ռուսաստանի իշխանություններից, հիմա Հայաստանի իշխանություններն իրենք են կազմակերպում Հայաստանի աշխատուժի և Հայաստանի բնակչության կազմակերպված արտահանումը։ Բոլորը գիտեն, որ այս օրենքը գրվել է որոշ մարդկանց համար, այդ մարդիկ Ռուսաստանի բիզնեսմեններն են, հայ բիզնեսմենները, և նրանք է, որ կազմակերպելու են հայերի արտագաղթը դեպի Ռուսաստան՝ շինարարական աշխատուժի արտագաղթը», - ասաց Մանուկյանը։

Փոփոխությանը հիմնական կազմով ձեռնպահ քվեարկած «Բարգավաճ Հայաստան» (ԲՀԿ) խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանին և՛ս մտահոգում են մի շարք հարցեր, որոնց պատասխանը Կառավարությունը դեռ չի տվել։

«Եթե էս կազմակերպված աշխատուժի արտահանումը կարող է նպաստել արտագաղթի, այդ ռիսկերն էլ Կառավարությունը պետք է ներկայացնի, սա կոմպլեքս խնդիր է, սա միայն բիզնեսի խնդիր չէ։ Ինձ մտահոգող հարցերից մեկն էլ նա է՝ Ռուսաստանում՝ շինարարության ոլորտում, ինչքա՞ն է միջին աշխատավարձը, մեզ մոտ ինչքա՞ն է, ի՞նչ ակնկալիքներ ունի պետական բյուջեն, քանի՞ կազմակերպություն մոտավոր կարող է մտնել այդ շուկա, և ի՞նչ շրջանառության մասին է խոսքը։ Կառավարությունը պատրաստ չէր այդ թվերը ներկայացնելու», - ասաց Մելքումյանը։

ՀՅ Դաշնակցությունը, մինչդեռ, շարունակում է պնդել՝ Կառավարության ու մասնավորապես դրա աշխատակազմի անպատասխանատու վերաբերմունքի պատճառով օրենքի նախագիծն ի սկբանե ոչ տեղին ու սխալ քննարկումների տեղիք տվեց։

Դաշնակցական Արծվիկ Մինասյանը հավաստիացնում է՝ օրենքի փոփոխությունը արտագաղթի հետ կապ չունի։ «Օրենքը թերի է, սակայն ոչ բացասական», - ասում է պատգամավորը։

«Փաստորեն, օրենքի նախագիծը հանրային քննարկում չէր անցել, իր մեջ ազդեցության գնահատումների վերաբերյալ տեղեկանքներ, եզրակացություններ չկար, և դա էլ պատճառ դարձավ հաճախ նաև չհիմնավորված քննադատությունների, անտեղի ու օրենքի նախագծի հետ հաճախ նաև բացարձակ կապ չունեցող եզրահանգումների», - ասաց Մինասյանը։

Տնտեսագետ Վիլեն Խաչատրյանի խոսքով, բյուջեի հնարավոր մուտքերից բացի, անորոշ է նաև ռուսական կողմի հետ պայմանավորվածությունների հարցը։

Ըստ տնտեսագետի, Հայաստանում գրանցվող կազմակերպությունների աշխատողները կարող են խնդիրներ ունենալ ռուսաստանյան միգրացիոն օրենսդրության հետ։

«Օրինակ, տեսեք, ասում է ռեզիդենտ է, վեց ամիս աշխատեց, եթե ինքը՝ ծրագիրը, որպես այդպիսին, որ շահել են դրսում իրականացնելու՝ տենդերը, մեկ տարի է, էդ մարդը, երբ որ վեց ամիս անցավ, ի՞նչ պետք է անի, կամ պետք է պայմանագիրը վերակնքեն, բայց, եթե վերակնքեն դու այլևս ռեզիդենտ չես կարող համարվել, որովհետև վեց ամսից ավելի դու գտնվել ես արտերկրում, դու պարտավոր ես սահման հատել», - ասաց տնտեսագետը։

Օրեր առաջ, հիշեցնենք, խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Եկամտային հարկի մասին» օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին Կառավարության առաջարկած օրինագիծը, համաձայն որի, Հայաստանում գրանցված շինարարական կազմակերպությունների արտագնա աշխատողների եկամտային հարկը կհաշվարկվի Հայաստանում՝ 13 տոկոսով։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG