Եվրասիական տնտեսական միությունում Հայաստանը փորձում է նոր դերակատարություն ստանձնել, հանդիսանալով կամուրջ դեպի Իրան և Մերձավոր Արևելք, անդրադառնալով նախագահ Սերժ Սարգսյանի մոսկովյան վերջին ելույթին՝ ասում է Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը։
Ելույթում Սարգսյանն ասել էր՝ ԵՏՄ-ն դառնում է առևտրատնտեսական լուրջ միավոր, որը գրավում է շատ երկրների հետաքրքրությունը՝ Լատինական Ամերիկայից մինչև Ասիա: Ապա նշել էր, որ անհրաժեշտ է շարունակել ընդլայնել համագործակցության աշխարհագրությունը նաև հարավային ուղղությամբ, մասնավորապես՝ Իրանի հետ ավելի սերտ կապերի հաստատման միջոցով:
«Հայաստանի քաղաքականությունն ուղղված է ոչ այնքան բուն Եվրասիական տնտեսական միությանը, որքան Հայաստանի՝ նոր դերակատարություն ձեռք բերելուն ու ԵՏՄ-ի համար կամուրջ դառնալուն», - մեկնաբանում է Կիրակոսյանը:
Ի դեպ, ԵՏՄ-ի աշխարհագրության ընդլայնման անհրաժեշտության մասին Սարգսյանից բացի Կրեմլում խոսել է նաև Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը, ով հնարավոր գործընկերների շարքում նշել էր Թուրքիան, Ադրբեջանն ու Մոնղոլիան։
Ռիչարդ Կիրակոսյանի գնահատմամբ, Ռուսաստանի հանդեպ կիրառվող միջազգային տնտեսական պատժամիջոցների պայմաններում ԵՏՄ-ի ապագան պայծառ չէ, հետևաբար այդ միությունում Հայաստանը նման քայլերով փորձում է գոյատևել․ - «Սարգսյանը լավ է աշխատում՝ փորձելով բանակցել Հայաստանի նոր կարգավիճակը այդ միությունում»:
Մինչդեռ՝ փորձագետը չի կիսում Սերժ Սարգսյանի լավատեսությունը ԵՏՄ խոստումնալից հեռանկարների վերաբերյալ՝ նշելով, որ Հայաստանը նախկինում էլ ԱՊՀ-ի շրջանակում ուներ ազատ առևտրի վերաբերյալ համաձայնագիր, ինչը չօգնեց նոր շուկաներ գրավելու հարցում։
«Կրեմլում Սերժ Սարգսյանի ելույթը լավագույնս ցույց տվեց, որ այդ միությունում Հայաստանը ոչինչ չի շահել», - «Ազատության» հետ զրույցում ասաց Միջազգային և անվտանգության հարցերի ինստիտուտի ղեկավար Ստեփան Սաֆարյանը, - «Ճիշտ հակառակ պրոցեսն է տեղի ունեցել: Եվ հետևաբար, քանի որ Սերժ Սարգսյանը չուներ հպարտանալու և մեջբերելու որևէ ցուցանիշ, բնականաբար իրեն ոչինչ չէր մնում, քան խոսել աշխարհաքաղաքական նախագծերի և ԵՏՄ ընդլայնման թեմաներով»:
Փորձագետը կարծում է, որ Հայաստանն այդ միությունում մենակ է մնացել իր շահերը հետամուտ լինելու հարցում, և հենց դա է պատճառը, որ Մոսկվայում Սերժ Սարգսյանը հիշատակեց Իրանին ներգրավելու հնարավորության մասին:
«Թերևս սա նաև արդյունք է նրա, որ Հայաստանը նույնպես տեսնում է, որ Ղազախստանը այդ նախագծի շրջանակներում ստանձնել է թուրքալեզու պետությունների շահերի պաշտպանի դերը», - ասում է Ստեփան Սաֆարյանը: