Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանականները Ադրբեջանին կոչ են անում ազատ արձակել քաղբանտարկյալներին


Ադրբեջանի քաղբանտարկյալները, արտապատկերում musavat.com կայքից
Ադրբեջանի քաղբանտարկյալները, արտապատկերում musavat.com կայքից

Բաքվում մեկ ամսից մեկնարկող Եվրոպական խաղերի թեմայով Եվրախորհրդարանում միջոցառում է անցկացվել:

Եվրախորհրդարանի պատգամավորները Ադրբեջանին կոչ են անում հունիսի 12-ին Բաքվում մեկնարկող Եվրոպական խաղերին ընդառաջ ազատ արձակել բանտարկված իրավապաշտպաններին, լրագրողներին, ընդդիմության ներկայացուցիչներին, ակտիվիստներին, որոնք շատերի կարծիքով քաղբանտարկյալ են:

Եվրախորհրդարանի փոխնախագահ Ալեքսանդր Գրաֆ Լամբսդորֆը երեկ հայտարարել է, որ Ադրբեջանի կառավարությունը պետք է երաշխավորի իր քաղաքացիների բոլոր ազատությունները, որոնք ընկած են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի և Օլիմպիական խարտիայի հիմքում՝ փաստաթղթեր, որոնց Ադրբեջանը միացել է:

Նա ելույթ է ունեցել Բաքվի խաղերի թեմայով Եվրախորհրդարանում անցկացված միջոցառմանը, որին մասնակցել են բոլոր հիմնական կուսակցությունների խմբակցությունները:

Հաղորդելով այս մասին՝ Բրյուսելում «Ազատություն» ռադիոկայանի թղթակից Ռիկարդ Յոզվիակը նշում է, որ Ադրբեջանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ բանաձևը Եվրախորհրդարանում հավանաբար քվեարկության կդրվի հունիսին: Իսկ գալիք շաբաթների ընթացքում խմբակցությունների մի շարք անդամներ պլանավորում են նամակներ հղել Ադրբեջանի կառավարությանը՝ կոչ անելով ազատ արձակել քաղաքական հայացքների համար բանտարկվածներին: Եվրախորհրդարանի պատգամավորները հույս ունեն, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նրանց ներում կշնորհի մայիսի 28-ին երկրում նշվող անկախության օրվա կապակցությամբ:

Եվրոպական խաղերը է՛լ ավելի կենտրոնացրեցին ուշադրությունը Ադրբեջանում մամուլի և քաղաքացիական ազատությունների խնդիրների վրա:

Ակնկալվում է, որ հունիսի 12-ին Բաքվում մեկնարկող խաղերին եվրոպական 50 երկրից մոտավորապես 6 հազար մարզիկ է մասնակցելու:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության հարավկովկասյան հարցերով ավագ փորձագետ Գիորգի Գոգիան ասել է, թե վերջին 15 տարվա ընթացքում Ադրբեջանում ում հետ աշխատել է՝ շատերը կա՛մ բանտարկված են, կա՛մ թաքնվում են, կա՛մ հեռացել են երկրից: Նա նշել է, որ Ադրբեջանի իշխանությունները խիստ սահմանափակել են ոչ կառավարական կազմակերպությունների գործունեությունը: «Քաղաքացիական հասարակության համար իրականում գործունեության հնարավորություն չկա», - հայտարարել է Գոգիան:

Եվրախորհրդարանի միջոցառմանը ելույթ է ունեցել նաև Դիանա Յունուսը: Նրա ծնողները՝ հայտնի իրավապաշտպան Լեյլա Յունուսը և պատմաբան Արիֆ Յունուսը 2014 թվականից բանտարկված են: Դիանա Յունուսը Եվրախորհրդարանում ասել է, որ իր մայրը տառապում է հեպատիտ C և դիաբետ հիվանդություններով, կալանավայրում 16 կիլոգրամով նիհարել է և դանդաղորեն կուրանում է, իսկ հոր ձերբակալությունից մինչև հիմա նրա մասին որևէ լուր չունի․ - «Օգոստոսի 5-ից ես ոչ մի լուր չունեմ հայրիկիցս, նա ասես կենդանի թաղված լինի»:

Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումների նկատմամբ արևմտյան երկրների դիրքորոշումը Դիանա Յունուսը բնորոշել է որպես լուռ դիվանագիտություն, որը շատ քիչ է Ադրբեջանում իրավիճակը բարելավելու համար:

«Ես չեմ տեսնում որևէ բարելավում, ես կորցնում եմ ծնողներիս կենդանի տեսնելու հույսս», - Եվրախորհրդարանում ասել է Դիանա Յունուսը՝ ընդգծելով․ - «Ես միայն նրանց ազատ արձակելու կոչ չեմ անում՝ սա նրանց կյանքը փրկելո՛ւ կոչ է, նրանք արտերկրում բուժվելու, բժշկական օգնություն ստանալու կարիք ունեն»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG