Մատչելիության հղումներ

Անալոգային հեռուստաալիքների հեռարձակումները կարող են երկարաձգվել ևս կես տարով


Հուլիսի 1-ից անալոգային հեռուստաալիքները ամենայն հավանականությամբ չեն անջատվի, չնայած թվայնացման ժամանակացույցով նախատեսված է, որ մեկուկես ամսից արդեն Հայաստանը պետք է ամբողջությամբ անցում կատարի թվային հեռարձակման:

«Քննարկվում է, դեռ որոշված չէ: Օրենքը պետք է Ազգային ժողովում ընդունվի», - «Ազատության» հետ զրույցում ասաց Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի նախագահ Գագիկ Բունիաթյանը:

Անցած տարվա նոյեմբերից Երևանում և մի շարք մարզերում արդեն իսկ փորձնական թվային հեռարձակում է իրականացվում, սակայն հին՝ անալոգային ազդանշանը որոշել են ևս կես տարի սփռել, որպեսզի մարդիկ հասցնեն պատրաստվել փոփոխություններին, պետությունն էլ հասցնի իր պարտավորությունը կատարել՝ անապահով ընտանիքներին թվային ազդանշանն ընդունող սարք հատկացնել:

Ազգային ժողովի անկախ պատգամավոր Էդմոն Մարուքյանը, ով հանդես էր եկել թվայնացումը երկու տարով հետաձգելու օրինագծով, խորհրդարանի ամբիոնից հաճախ է զգուշացրել, որ անցումը թվային հեռարձակման սպառնում է զրկել մարզերը բազմակարծություն ապահովող տեղական հեռուստաընկերություններից:

«Կարևոր հանգամանքը ամբողջ այս քննարկումների, հարցի բարձրացման, այն է, որ այն ձևավորված հեռուստաընկերությունները, որոնք մարզերում այսօր գործում են, դրանք չվերանան, չփակվեն», - ասում է պատգամավորը:

Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ Աշոտ մելիքյանն ասում է՝ իրենք մասնակցել են դեռ անցած ամիս տեղի ունեցած աշխատանքային քննարկումներին: Մելիքյանի խոսքով Կառավարությունը կարծես թե ցանկանում է ընդունել իրենց առաջարկը և հրաժարվել լիցենզավորված չափազանց բարդ ընթացակարգից:

«Մեր օրինագծի առանցքային գաղափարը, որը օգտագործվում Կառավարության կողմից, դա է, որպեսզի իրեն սպառած այդ հին, բարդ ընթացակարգից անցնեն պարզ ընթացակարգի: Սա առաջին քայլը կլինի, որպեսզի փակման եզրին կանգնած հեռուստաընկերությունները հնարավորություն ստանան շարունակել իրենց գործունեությունը», - ասում է նա:

Եթե փոփոխությունները իրագործվեն այն տեսքով, որ հասարակական կազմակերպությունն է պատկերացնում, ապա բոլոր ցանկացողները, այդ թվում և 2002 թվականին՝ նախագահական ընտրություններից առաջ փակված «Ա1+» հեռուստաընկերությունը հնարավորություն կունենան լիցենզիա ստանալ:

Մելիքյանի խոսքով՝ Կառավարությունը վստահեցնում է, որ իրենց ներկայացրած առաջարկների 80 տոկոսը ընդունվել է, այդուամենայնիվ Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահը զգուշավոր է:

«Ուղղակի մենք մինչև ականատես չլինենք այդ բարեփոխումների, չենք կարող վստահաբար պնդել, որ ամեն ինչ այդպես կլինի, որովհետև 2010 թվականից ի վեր բազմիցս իշխանությունները մի բան խոստացել են, հետո չեն արել: Այս թվայնացման գործընթացում մենք բազմաթիվ առիթներ ենք ունեցել չվստահելու», - ասում է նա:

XS
SM
MD
LG