Մատչելիության հղումներ

HRW. Ուղեցույց Բաքվի խաղերը լուսաբանող լրագրողների համար


Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ջեյն Բաչանան, արխիվ
Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ջեյն Բաչանան, արխիվ

Ադրբեջանի կառավարությունն իրականացնում է այլախոհների դեմ աննախադեպ լայնածավալ արշավ, շեշտում է իրավապաշտպան կազմակերպությունը:

Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունը պատրաստել է հատուկ ուղեցույց այն լրագրողների համար, ովքեր պատրաստվում են լուսաբանել Բաքվում կայանալիք Եվրոպական խաղերը։

Այդ միջոցառմանը մասնակցելու են մոտ 6 հազար մարզիկներ 50 երկրներից։ Խաղերը լուսաբանելու է շուրջ 700 արտասահմանցի և 600 տեղացի լրագրող։

Human Rights Watch-ը ցանկանում է բացատրել լրագրողներին, թե ինչ կարգի երկիր է Ադրբեջանը։ Ուղեցույցում կան տեղեկություններ այդ երկրի քաղաքական, տնտեսական և, իհարկե, մարդու իավունքների պաշտպանության ու ազատությունների բնագավառներում ստեղծված վիճակի մասին։

«Ադրբեջանի կառավարությունը ողջունում է մարզական միջոցառման մասնակցելու համար ժամանող եվրոպացիներին և միևնույն ժամանակ առավել քան երբևէ հալածում է ընդդիմադիրներին ու այլախոհներին», - ասել է Human Rights Watch-ի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գրասենյակի տնօրեն Ջեյն Բաչանանը և ավելացրել. - «Այդ խաղերը «պատմական» են դառնում հենց կառավարության վարած հալածանքների քաղաքականության տեսակետից, և շատ կարևոր է, որ լրագրողները տեսնեն ամբողջական պատկերը»։

Ըստ Human Rights Watch-ի ուղեցույցի, այդ ամբողջական պատկերը ներառում է անկախ խմբավորումների նկատմամբ իշխանության կիրառած «դրակոնյան» օրենքները, հանրային բողոքները ամենակոշտ միջոցներով լռեցնելու գործելակերպը, բռնությունները ոստիկանության բաժանմունքներում և ռեժիմի կողմից քաղաքացիների հետապնդումները։

Ուղեցույցում ասվում է, որ 2014 թվականից սկսած Ադրբեջանի կառավարությունն իրականացնում է այլախոհների դեմ աննախադեպ լայնածավալ արշավ։ Այսօրվա դրությամբ առնվազն 35 լրագրողներ, իրավապաշտպաններ և քաղաքական ակտիվիստներ գտնվում են ադրբեջանական բանտերում։

Մամուլի ազատությունը ոտնահարված է։ 2009 թվականից սկսած փակվել են միջազգային մի շարք ռադիոկայաններ, ինչպես նաև ընդդիմադիր և անկախ լրատվամիջոցներ։ Այս ամենը արտացոլվել է նաև Freedom House-ի Մամուլի ազատության 2015 թվականի ցուցիչում, որի համաձայն՝ Ադրբեջանում մամուլի գործունեության պայմաններն անցած տարում է՛լ ավելի են վատթարացել։

Մամուլի ազատության անկում է ամբողջ աշխարհում, սակայն Ադրբեջանը գտնվում է մեկ տարում առավել շեշտակի և վտանգավոր հետընթաց գրանցած երկրների թվում։

Միջազգային իրավապաշտպան կառույցների բոլոր զեկույցներում նշվում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության հետաքննող լրագրող Խադիջա Իսմայիլովայի բանտարկությունը, ինչպես նաև ռադիոկայանի Բաքվի գրասենյակի և իրավապաշտպան առաքելությամբ զբաղվող մի շարք այլ կազմակերպությունների աշխատանքի արգելափակումը։

Ըստ Freedom House-ի Մամուլի ազատության 2015 թվականի ցուցիչի՝ Ադրբեջանը 199 երկրների ցանկում անպատվաբեր 188-րդ տեղում է։

Human Rights Watch-ը և Freedom House-ը որպես ադրբեջանական պետական պրոպագանդայի օրինակ են բերում արտգործնախարարության խոսնակ Հիքմեթ Հաջիևի ապրիլին հրապարակած ուղերձը, որի համաձայն՝ «մամուլը միանգամայն ազատ է, իսկ բոլոր քննադատական զեկույցների նպատակը երկիրը վարկաբեկելն է»։

Բաքվում Եվրոպական խաղերը տեղի կունենան հունիսի 12-28-ը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG