Մատչելիության հղումներ

Ոստիկանություն են տարվել Արթուր Հարությունյանի եղբայրը, եղբայրներին պատկանող մեքենաները


Արթուր Հարությունյան, արխիվ
Արթուր Հարությունյան, արխիվ

Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին՝ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված մեքենաներում թմրամիջոց է օգտագործվել։

Այսօր Ոստիկանություն է տարվել Աբովյանի քաղաքապետի պաշտոնում իր թեկնածությունը առաջադրած Արթուր Հարությունյանի եղբայրը՝ 46-ամյա Հուսիկ Հարությունյանը։

Արթուր Հարությունյանն «Ազատության» հետ զրույցում ասաց, որ Ոստիկանություն տանելու պատճառը չգիտի, միայն հույս հայտնեց, որ կպարզաբանեն ու բաց կթողնեն։

«Եղբորս բերման են ենթարկել առանց որևէ բան ասելու, մենակ է եղել իր մեքենայում, կանգնացրել են, առանց որևէ բան ասելու տարել են։ Նույնն էլ ինձ՝ կանգնացրին, իջացրին, բացի ինձանից մնացած բոլորին տարան, մեքենայիս մեջ գիտությունների դոկտոր-պրոֆեսոր կար, իրան էլ տարան, էդ տարիքով մարդուն», - ասաց Արթուր Հարությունյանը։

Հարցին, թե տարօրինակ չէ՞, որ դեպքը տեղի է ունեցել ընտրությունների նախաշեմին, Հարությունյանը պատասխանեց. - «Ես չեմ կարող կոնկրետ ասել, տարել են՝ կպարզաբանեն, բաց կթողնեն, ես ոչ մի բանի հետ չեմ կարող սա կապել, ինձ համար նորություն էր, սպասում եմ, որ կպարզաբանեն։ Էդ տղան ոչ մի բանով չի զբաղվում, սրճարան է աշխատացնում։ Առաջին անգամն է սա, իմ եղբայրները խելոք են, ոչ մի բանի հետ կապ չունեն»։

Ոստիկանությունից «Ազատության»-ը փոխանցեցին՝ օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ նշված մեքենաներում թմրամիջոց է օգտագործվել, մեքենաները տարվել են բաժին՝ ինֆորմացիան ստուգելու նպատակով։

Իսկ Արթուր Հարությունյանը նաև «Ազատությանը»-ը փոխանցեց, որ այսօր անջատվել է իրեն պատկանող հեռուստաընկերության կաբելային եթերը։ Հեռուստաընկերության տնօրենի խոսքով, այսօր պատրաստվում էին եթեր հեռարձակել ռեպորտաժ այն մասին, որ Աբովյանի քաղաքապետի թեկնածուներից Վահագն Գևորգյանի պաստառը փակցվել է շենքերից մեկի պատին։

«Ազատության» հարցին՝ օրենքն արգելո՞ւմ է արդյոք մինչև քարոզարշավի մեկնարկը թեկնածուների պաստառները փակցնել պատերին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը պատասխանեց. - «Թիվ 28 ընտրատարածքային հանձնաժողովը ևս իրազեկված է այդ հարցի վերաբերյալ, ու հիմա իրենք տանում են ոսումնասիրություն։ Ուսումնասիրության արդյունքում իրենք համապատասխան գնահատական կտան։ Բայց հավելեմ, որ Ընտրական օրենսգիրքը հստակ սահմանում է նախընտրական քարոզչության ժամանակահատվածը, ինչը մայիսի 26-ից մինչև հունիսի 5-ն է»։

Հիշեցնենք՝ երբ Արթուր Հարությունյանն իր թեկնածությունն առաջադրեց Աբովյանի քաղաքապետի ընտրություններում, Հանրապետական կուսակցության Կոտայքի մարզային կառույցը հայտարարեց, որ որոշել է այդ ընտրություններում սատարել ոչ թե հանրապետական Արթուր Հարությունյանին, այլ անկուսակցական Վահագն Գևորգյանին, ով վայելում է Գագիկ Ծառուկյանի աջակցությունը: Այնուհետև Հանրապետականը հեռացրեց Արթուր Հարությունյանին կուսակցության շարքերից՝ որպես պատճառ նշելով կարգապահական խախտումը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG