Մատչելիության հղումներ

Դավութօղլու. «Հունիսի 7-ի ընտրությունները չենք կեղծելու»


Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլու
Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլու

Թուրքիայում հունիսի 7-ին կայանալիք խորհրդարանական ընտրություններից մոտ երկու շաբաթ առաջ իշխող իսլամիստները պնդում են՝ «քվեարկության արդյունքները կեղծելու որևէ ցանկություն չունենք»:

Այս մասին երեքշաբթի իշխանությունների հետ սերտ կապեր ունեցող A Haber հեռուստաընկերության եթերում հայտարարեց Թուրքիայի վարչապետ Ահմետ Դավութօղլուն՝ պատասխանելով քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթին Դեմիրթաշի` օրերս հնչեցրած մեղադրանքներին:

«Ես հրաժարական կտամ, եթե այդ մեղադրանքները ճիշտ դուրս գան: Իրականում ընդդիմությունը պարզապես փորձում է արդարացնել իր ապագա պարտությունը»,- ասաց Դավութօղուն:

Երկու օր առաջ քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Սելահեթին Դեմիրթաշը Milliyet օրաթերթին տված հարցազրույցում ասել էր.- «Մենք տեղեկություններ ունենք, որ «Արդարություն և զարգացում» կուսակցության փոխնախագահ Սուլեյման Սոյլուի ղեկավարությամբ ստեղծվել է 3500 հոգանոց հատուկ մի խումբ: Այդ խմբի ուսերին է դրված հունիսի 7-ի քվեարկության ժամանակ ծրագրված կեղծիքներն իրականացնելու պարտականությունը»։

«Դեմիրթաշը պետք է հստակ ապացույցներ, փաստեր ներկայացնի: Եթե դրանք հաստատվեն, ապա պարոն Սոյլուն կամ յուրաքանչյուրն, ով պատասխանատու է այդ գործողությունների համար, հրաժարական կներկայացնի: Նորից եմ կրկնում` անգամ ես եմ պատրաստ հրաժարական ներկայացնել, եթե այդ փաստերը հաստատվեն: Բայց կարծում եմ՝ դրա կարիքը չի լինի, քանի որ վստահ եմ` չկա նման բան: Պարզապես ընդդիմությունը հող է նախապատրաստում հունիսի 8-ին` քվեարկության հաջորդ օրը մարդկանց փողոց դուրս բերելու համար»,- ասել է Դավութօղլուն` հատուկ ընդգծելով, որ քվեարկության ընթացքին հետևելու են ոչ միայն տեղական դիտորդական կառույցները, այլև ԵԱՀԿ դիտորդական առաքելությունը:

ԵԱՀԿ դիտորդների ժամանման մասին պաշտոնապես հայտնի դարձավ երեկ երեկոյան: ԵԱՀԿ գործող նախագահ, Սերբիայի արտաքին գործերի նախարար Իվիցա Դաչիչը հանդես եկավ հատուկ հայտարարությամբ` բացահայտելով 50 հոգանոց կարճաժամկետ դիտորդական առաքելության ղեկավարի անունը: Մոտ 20 պետություններ ներկայացնող դիտորդներին ղեկավարելու է Լիտվայի խորհրդարանի պատգամավոր Վիլյա Ալեկնայտե- Աբրամկիենեն: Նա թուրքական ընտրությունների դիտարկման որոշակի փորձ արդեն իսկ ունի: 2014-ի օգոստոսին Աբրամկիենեն հետևել է Թուրքիայի նախագահի առաջին համաժողովրդական ընտրությունների ընթացքին:

«Տասն ամիս առաջ կայացած նախագահական ընտրությունների ժամանակ ես դարձա թուրքական քաղաքական կյանքի դինամիկ ընթացքի ականատեսը, ինչպես նաև նկատեցի որոշ թերություններ, որոնք հաղթահարման կարիք են զգում»,- ասել է ԵԱՀԿ դիտորդական առաքելության նորանշանակ ղեկավարը:

Վերջին շաբաթներին անցկացված սոցիոլոգիական հարցումները վկայում են, որ իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը ընտրարշավի առաջատարն է: Gezici կենտրոնի կողմից մայիսի 17-ին հրապարակված վերջին հետազոտության արդյունքների համաձայն՝ իշխող իսլամիստները հունիսի 7-ի ընտրություններում կարող են ստանալ քվեների 38, իսկ երկրի առաջատար ընդդիմադիր կուսակցությունը` Ժողովրդա-հանրապետականը` 30 տոկոսը:

Նույն հետազոտության տվյալների համաձայն «Ազգայնական շարժում» կուսակցությունը կարող է հավակնել քվեների 17 տոկոսին: Ինչ վերաբերում քրդերի շահերը ներկայացնող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությանը, ապա այն, ըստ Gezici-ի հարցման տվյալների, ի վիճակի է հաղթահարել խորհրդարանում ներկայացված լինելու համար անհրաժեշտ 10 տոկոսանոց նվազագույն շեմը:

XS
SM
MD
LG