Մատչելիության հղումներ

Եվրախորհրդարանի նախագահը քննադատում է Ադրբեջանին


Եվրախորհրդարանի նախագահը քննադատում է Ադրբեջանին
please wait

No media source currently available

0:00 0:04:12 0:00

Եվրոպական խորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը այսօր խստորեն քննադատեց Ադրբեջանին՝ «անիմաստ և ոչ այնքան խելացի» որակելով այդ երկրի ներկայացուցչի պահվածքը Ռիգայում ընթացող Արևելյան գործընկերության գագաթնաժողովի ընթացքում։

Գագաթնաժողովի ավարտից րոպեներ անց, միջանցքում պատասխանելով ադրբեջանցի լրագրողի այն հարցին, թե արդյոք այլ հակամարտությունները, հատկապես՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը ներառվա՞ծ էին գագաթնաժողովի օրակարգում, Շուլցը նշեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը մտահոգում է Եվրամիությանը։

«Մենք հույս ունենք, որ Ուկրաինայի արևելքում իրադարձությունները նմանատիպ ընթացք չեն ստանա և դա չի վերածվի սառեցված հակամարտության, սակայն ավելի լայն մասշտաբներով։ Այդ թեման այսօր քննարկվել է», - ասաց Եվրոպայի խորհրդարանի նախագահը՝ շարունակելով. - «Ինչ վերաբերում է Ադրբեջանին՝ հենց Ադրբեջանի ներկայացուցիչը ինչ-որ մի պահի արգելափակեց [գագաթնաժողովի եզրափակիչ] հռչակագրի ընդունումը։ Ես դա, անկեղծ ասած, անիմաստ և ոչ այնքան խելացի քայլ եմ համարում»։

Շուլցը հայտարարեց, որ ինքն անձամբ բարձրացրել է Ադրբեջանի ներսում տիրող իրավիճակի հարցը։

«Ես ինքս այդ հարցը բարձրացրեցի, և որպես Եվրոպական խորհրդի նախագահ ես պնդում եմ, որ Ադրբեջանի կառավարությունը նկատի ունենա, որ մենք բացարձակապես անբավարար ենք համարում այդ երկրում ժողովրդավարության զարգացման ընթացքը։ Այն, որ այդ երկրում քաղաքական բանտարկյալներ կան, մեզ համար բացարձակապես անընդունելի է», - նշեց նա՝ հավելելով, սակայն, որ ամեն դեպքում Եվրամիությունը պետք է շարունակի երկխոսությունը Ադրբեջանի հետ։

Երբ ադրբեջանցի լրագրողները հայտարարեցին, որ Ադրբեջանի իշխանությունների կարծիքով Ուկրաինայում այս ամենը տեղի է ունենում այն պատճառով, որ «ժամանակին չեն կանխվել հայ անջատականների քայլերը Լեռնային Ղարաբաղում», Եվրոպական խորհրդարանի նախագահը հակադարձեց. - «Ես համաձայն չեմ։ Յուրաքանչյուր հակամարտություն յուրահատուկ է, չի կարելի մեկը մյուսի հետ համեմատել։ Դա չի նշանակում, որ մենք պետք է հանձնվենք և չպայքարենք սառեցված հակամարտությունների դեմ։ Եվ այդ առումով, նրանք, ովքեր զուգահեռներ են անցկացնում, իրավացի են՝ մենք պետք է լուծում գտնենք թե՛ մեկ, թե՛ մյուս դեպքում, սակայն չի կարելի համեմատել երկու տարբեր երկրներում առկա իրավիճակը։ Յուրաքանչյուր դեպքում պետք է լուծում գտնել՝ ելնելով կոնկրետ իրադրությունից»։

XS
SM
MD
LG