Մատչելիության հղումներ

Թուրքիայում կատաղի պայքար քուրդ ընտրողների ձայների համար


Ռեջեփ Էրդողան և Ահմեթ Դավութօղլու, արխիվ
Ռեջեփ Էրդողան և Ահմեթ Դավութօղլու, արխիվ

Էրդողանն ու Դավութօղլուն երեկ այցելել էին Քրդական աշխատավորական կուսակցության «միջնաբերդը»:

Թուրքիայում խորհրդարանական ընտրություններից տասն օր առաջ կատաղի պայքարը քրդական ընտրազանգվածի ձայների համար մտնում է որոշիչ փուլ: Դա պարզ դարձավ երեկ, երբ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանն ու վարչապետ Ահմեթ Դավութօղլուն միասին ժամանեցին Քրդական աշխատավորական կուսակցության յուրատեսակ միջնաբերդը համարվող, Իրաքին և Իրանին անմիջականորեն սահմանակից և Հայաստանի հետ սահմանից մոտ 200 կիլոմետր հեռավորության վրա գտնվող Հաքյարի գավառ:

Թուրքիայի ղեկավարների այցից մեկ օր առաջ քուրդ զինյալները գնդակոծել էին այստեղ գտնվող խոշորագույն ռազմակայանը, իսկ այցից հաշվված ժամեր առաջ Յուքսեքովա քաղաքի փողոցներում բախումներ էին սկիզբ առել քուրդ երիտասարդների և ոստիկանական ուժերի միջև:

Էրդողանն ու Դավութօղլուն Հաքյարի էին ժամանել ոչ միայն տեղացի քուրդ ընտրողներին հանդիպելու, այլև Յուքսեքովայի նորակառույց օդանավակայանի բացման արարողությանը մասնակցելու նպատակով: Թուրքական ընդդիմությունը, սակայն, պնդում է, որ տեղի իշխանությունները ստիպել էին բյուջետային հիմնարկների աշխատակիցներին մասնակցել այս հանդիպումներին: «Բացակաների նկատմամբ իրավական ներգործության մեթոդներ կկիրառվեն», - Հաքյարիի նահանգապետի գրավոր հրահանգից մեջբերում է Zaman օրաթերթը:

Սա էր թերևս պատճառը, որ թե՛ Էրդողանի և թե՛ Դավութօղլուի ելույթների նկատմամբ Հաքյարիի բնակիչները բավական անտարբեր էին: Ամբոխը փոքր-ինչ ոգևորվեց միայն երբ Թուրքիայի նախագահն իր ճառը սկսեց քրդերեն ողջույնի խոսքերով:

Վարչապետ Դավութօղլուն իր ելույթում հիմնական շեշտը դնում էր քրդաբնակ շրջաններում սոցիալական վիճակի բարելավման վրա` հատուկ ընդգծելով, որ դա տեղի է ունեցել հենց իսլամիստների իշխանության տարիներին: «Վիճակագրությունն ինքնին շատ խոսուն է: Նախկինում Հաքյարիում շտապօգնության միայն մեկ մեքենա կար, այսօր դրանց թիվը հասել է 41-ի», - հայտարարում էր Թուրքիայի վարչապետը:

Նման ակտիվ մարտավարությունը, որ հունիսի 7-ին կայանալիք ընտրություններից առաջ որդեգրել է «Արդարություն և զարգացում» կուսակցությունը հատկապես քրդաբնակ շրջաններում, պատահական չէ: Վերջին օրերին հրապարակված բոլոր սոցիոլոգիական հարցումները վկայում են` քրդերի շահերը ներկայացնող և Էրդողանին խստորեն քննադատող Ժողովրդա-դեմոկրատական կուսակցությունը վստահորեն հաղթահարում է 10 տոկոսի նվազագույն շեմը:

Ստամբուլում գործող Konda հետազոտական կենտրոնի ու Քաղաքական և սոցիալական հետազոտությունների թուրքական ինստիտուտի` SAMER-ի անցկացրած վերջին հետազոտությունների համաձայն՝ քրդական կուսակցության օգտին հունիսի 7-ին պատրաստվում է քվեարկել ընտրողների ավելի քան 11 տոկոսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG