Մատչելիության հղումներ

Սյունիքի մարզպետը չգիտի, թե ով կարող էր կրակել իր մեքենայի ուղղությամբ


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր մեքենայի վրա կրակոցներից հետո չի ընկճվել
please wait

No media source currently available

0:00 0:02:24 0:00

Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանը իր մեքենայի վրա կրակոցներից հետո չի ընկճվել։

Մահափորձից հետո վնասված «Լեքսուս» մակնիշի մեքենայի փոխարեն այսօր նա Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարություն էր ժամանել «Մերսեդես» մակնիշի շքեղ մեքենայով, ասաց, որ տրամադրությունը լավ է․ - «Խի՞ պետք ա ընկճվեմ որ»:

Խաչատրյանը ասաց, որ չի պատկերացնում, թե ով կցանկանար կրակել իր վրա: Կասկածներ չուներ, սպասում է նախաքննության ավարտին։ Բացառեց կասկածները, թե իրականում մահափորձը հենց ինքն է կազմակերպել, նման կարծիք ունեցող մարդկանց էլ ոչ նորմալ որակեց․ - «Մի քանի թափթփուկ էդպիսի կարծիքներ ունեն, ոչ մի նորմալ մարդ էդպիսի կարծիք չունի»:

Խորհրդակցությանը մասնակցող մարզպետին այսօր նախարարության միջանցքներում փոխնախարարներն ամեն կերպ փորձում էին լրագրողներից պաշտպանել։ Ինչպես նրա տեղակալ Վաչե Գրիգորյանը ասաց, որպես մարդ իրենք վատ են զգում, քանի որ անընդհատ ինչ-որ վատ բաներ են գրում մարզպետի մասին։

«Ես ցավում եմ, որ այդպիսի կարծիքներ շրջանառության մեջ են, ուղղակի պետք էր աշխատել, ապրել, շփվել Սյունիքի մարզպետի հետ և բոլորիս պարզ կլիներ, որ շատ-շատ մտացածին էր այս բոլորը», - ասաց մարզպետի տեղակալը:

Վախի մթնոլորտ մարզում չկա, վատ վերաբերմունք երբեք չի տեսել:Գրիգորյանը իր ղեկավարի մասին միայն լավն էր պատմում և պնդում, որ նա մտահոգվում է Սյունիքի մարզի հոգսերով, անգամ մարդկանց է օգնում։

«Անապահով ընտանիքներին, ազատամարտիների ընտանիքներին բարեգործների միջոցով միջոցներ է ձեռնարկում, որ մեր բարեգործները, հայրենասեր քաղաքացիները կարողանան օգնել նրանց», - ընդգծեց Սուրիկ Խաչատրյանի տեղակալը:

Բազմաթիվ կրիմինալ պատմությունների կենտրոնում հայտնված Սուրիկ Խաչատրյանի որդու մասնակցությամբ վերջին դեպքի մասին ոչ մարզպետը, ոչ էլ նրա մասին դրական պատմություններ պատմող տեղակալը այսօր չէին ցանկանում խոսել։ Գրիգորյանը, օրինակ, ասաց, որ Տիգրան Խաչատրյանի մասնակցությամբ միջադեպի մասին միայն գիտի այն ինչ մամուլում է գրված, Սուրիկ Խաչատրյանն էլ պնդեց, որ հարցերին գրավոր է պատասխանում, հարցազրույցի համար էլ հրավիրում է Սյունիք։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG