Մատչելիության հղումներ

Բարաք Օբամա. «Ռուսաստանը բացահայտ հարձակողական կեցվածք է դրսևորում»


ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ, 26-ը մայիսի, 2015թ.
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ, 26-ը մայիսի, 2015թ.

ԱՄՆ-ի նախագահի խոսքով, ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել բոլոր անդամ պետություններին ցանկացած վտանգից։

Ռուսաստանը բացահայտ հարձակողական կեցվածք է դրսևորում, հայտարարել է Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ:

ԱՄՆ-ի նախագահը նաև ընդգծել է, որ ՆԱՏՕ-ն պատրաստ է պաշտպանել բոլոր անդամ պետություններին ցանկացած վտանգից՝ նշելով, որ դաշինքը շարունակելու է ծավալել արագ արձագանքման ուժերի ստեղծման աշխատանքները, որոնցում լուրջ դեր պետք է խաղան նաև եվրոպական երկրների զինվորականները:

ՆԱՏՕ-ի անունից, կողմերը նաև աջակցություն են հայտնել Ուկրաինային և կարևորել Մինսկի համաձայնագրի իրականացման անհրաժեշտությունը:

Յենս Ստոլտենբերգի խոսքով՝ այս հարցում, ինչպես նաև գլոբալ մյուս հարցերում դաշինքի բոլոր պետությունները միակարծիք են։ «Ամերիկան Եվրոպայի կողքին է, և Եվրոպան ու Միացյալ Նահանգները միասին են», - ասել է Ստոլտենբերգը։

Վերջին տարվա ընթացքում Մոսկվայի գործողությունները Ուկրաինայի տարածքում, ինչպես նաև ՆԱՏՕ-ի սահմանների մոտ ռուսական ռազմական ինքնաթիռների կասկածելի գործողությունները, փորձագետների կարծիքով, լուրջ մտահոգության հիմք են տալիս՝ վկայելով «սառը պատերազմի» վերսկսման վտանգի մասին:

Իրադարձությունների զարգացման նման սցենարի դեպքում ավելի է բարձրանում Հյուսիսատլանտյան դաշինքի դերը, ինչը դրդում է եվրոպական երկրներին առավել ակտիվ մասնակցել ՆԱՏՕ-ի ամրապնդմանն ուղղված աշխատանքներին:

Նախագահ Բարաք Օբամայի խոսքով՝ դաշինքը ներկայիս վտանգներին հակազդելու լավագույն ձևաչափն է։ «Մենք վերահաստատեցինք, որ ՆԱՏՕ-ն ոչ միայն անդրատլանտյան, այլև գլոբալ անվտանգության անկյունաքարն է», - ասել է ԱՄՆ-ի նախագահը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG