Մատչելիության հղումներ

Կառավարությունը հայկական դպրոցում տարածք է տրամադրել ռուսական մասնավոր դպրոցին


Կառավարությունը հայկական դպրոցում տարածք է տրամադրել ռուսական մասնավոր դպրոցին
please wait

No media source currently available

0:00 0:03:09 0:00

Ռուսական դպրոցը վարձակալության համար կվճարի մոտ 225 հազար դոլար, սակայն հայտնի չէ մեկ, թե՞ տասը տարվա համար:

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» շարժման նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանը պատրաստվում է բողոքարկել կառավարության երեկվա որոշումը, որով Երևանի կենտրոնում գտնվող Խրիմյան Հայրիկի անվան դպրոցի ավելի քան 600 քառակուսի մետր տարածքը առաջիկա տասը տարիներին կտնօրինի ռուսական «Սլավյանսկայա» մասնավոր դպրոցը: Ակտիվիստը պնդում է, որ միջնակարգ պետական դպրոցի տարածքը ռուսականին զիջելը մեծագույն սխալ է:

«Հայկական պետական կամ համայնքային կրթօջախի հաշվին․․․Թող իրենք կառուցեին կամ մասնավոր ինչ-որ շենք առնեին: Մասնավոր դպրոցները կերազեին, իհարկե, էդ գումարով․․․ Որևէ սենտիմենտ՝ կապված մեր ազգայնության հետ, մեր հայկականության հետ, անկախ պետության հետ, էդ մարդիկ չունեն: Դրանք մենեջմենթի մեքենա է, որը որևէ կապ մեր ժողովրդի իրական կյանքի հետ չունի: Կառավարությունը ոչ ուզում է պայքարել, ոչ հասկանում է դրա վնասները», - ասաց Հովհաննիսյանը:

Ըստ կառավարության որոշման, դպրոցի 3-րդ և 4-րդ հարկերից տրամադրվող այդ տարածքի դիմաց ռուսական դպրոցը վճարելու է մոտ 105 միլիոն դրամ՝ 225 հազար դոլար: Ոչ քաղաքապետարանի, ոչ էլ կրթության և գիտության նախարարության համապատասխան վարչություններում տեղյակ չէին՝ այս գումարը մեկ տարվա, թե տասը տարվա վարձակալության վճարն է:

Քաղաքապետարանի հանրակրթության վարչության պետ Գայանե Սողոմոնյանը միայն ասաց, որ ռուսական այդ դպրոցը տարածքը վարձակալել է վերջին մի քանի տարիներին՝ ամեն անգամ երկարացնելով պայմանագիրը: Այն, որ այս անգամ կառավարությունը որոշել է միանգամից 10 տարով տարածքը տրամադրել, քաղաքապետարանի պաշտոնյան առաջին անգամ մեզնից լսեց: Բայց պնդեց, որ գոնե այս պահի դրությամբ հայկական դպրոցի աշակերտների թիվն ու ծանրաբեռնվածությունը թույլ է տալիս ռուսականի հետ առանց խնդիրների աշխատել:

«Դուք ինձ տվեցիք այդ լուրը: Ես գիտեմ, որ մենք վարձակալությամբ ենք տարածք տվել: Մենք տարիներ շարունակ մեկ տարի վարձակալությամբ տվել ենք տարածքը «Սլավոնական» դպրոցին: Էս պահին թույլ է տալիս դպրոցի հզորությունը մեկ տարի ժամկետով տարածքը տրամադրելու: Ձեռք է տվել նույնիսկ, որ «Սլավյանսկին» վճարել է և էդտեղ դպրոցին օգուտ է եղել», - ասաց Սողոմոնյանը

«Մենք դեմ ենք օտարալեզու դպրոցների վերաբացմանը» նախաձեռնող խմբի անդամ Արմեն Հովհաննիսյանն անհանգստացած է՝ Եվրասիական տնտեսական միությանը միանալուց հետո կառավարությունը նաև այսպիսի գործարքներով արհեստականորեն ընդգծում է ռուսերենի գերակայությունը հայկական կրթական տարածքում:

«Հիմա ԵՏՄ-ն դե տեսնում ենք, էն ամենակոպիտ, ամենախուլիգանական ոճով է ճնշում, որ ամեն մի ռուս չինովնիկ, որ գալիս է, անպայման պիտի էդ լեզվի թեման բարձրացնի: Ճղճիմ ինչ-որ փաստարկներով, և անընդհատ հարց է բարձրացվում՝ ռուսերենի կարգավիճակը բարձրացնել Հայաստանում կառավարության համար: Դա սկզբունքային չի, ստեղ քաղաքական ճնշման և դրամի խնդիր կա», - ասաց ակտիվիստը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG