Մատչելիության հղումներ

Հրատարակվել է սփյուռքահայ մտավորականի արժեքավոր մատենագիտական հետազոտությունը


Օրերս Ազգային գրադարանում տեղի է ունեցել Հովսեփ Նալբանդյանի «Հայ գիրքը Ամերիկայի մեջ» գրքի հայաստանյան շնորհանդեսը:

Սփյուռքահայ անվանի գրող, թարգմանիչ, մատենագետ, գրականագետ Հովսեփ Նալբանդյանը տասնյակ գրքերի, դասագրքերի, հանրագիտարանների հեղինակ է:

Այժմ Նալբանդյանը բնակվում է Միացյալ Նահանգներում, որտեղ դասավանդում է Բևեռլի Հիլզի լեզվաբանական քոլեջում:

Այս տարի նա հրատարակել է հերթական աշխատությունը՝ «Հայ գիրքը Ամերիկայի մեջ»: Այն հեղինակի տասնամյակների հետազոտական ու մատենագիտական պրպտումների արգասիքն է:

Օրերս Ազգային գրադարանում տեղի է ունեցել գրքի հայաստանյան շնորհանդեսը:

«Պարոն Նալբանդյանը մեր լուրջ մտավորականներից է: Միացյալ Նահանգներում մեծ գործունեություն է ծավալել․ թե՛ գրում է, թե՛ հրատարակում է, թե՛ ուրիշի գործերն է հովանավորում հրատարակել: Այս այցին մեզ նվիրեց «Հայ գիրքը Ամերիկայի մեջ», որը լրջագույն մատենագիտական աշխատանք է», - «Ազատության» հետ զրույցում ասաց Ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանը:

Գրքի առաջին հատորը՝ «Ամերիկահայ գրքի պատմությունը» խորագրով, լույս է տեսել 2011 թվականին: «Ազատության» հետ զրույցում Հովսեփ Նալբանդյանն ասաց, որ դրանից հետո ավելի եռանդուն է աշխատել․ - «Առիթը ներկայացավ, և երկու-երեք տարիների ընթացքում բավական գրքեր գտա, որոնք չկային առաջին գրքի մեջ: Եվ սկսեցի մատենագիտական աշխատանքը ճոխացնել, զարգացնել, գրքեր պրպտել, գտնել, այնպիսի գրքեր, որոնք նույնիսկ Հայաստանում չկան, Ազգային գրադարանում չկան: Քանի որ ժամանակին՝ 1930-50-ական թվականներին կուսակցական մարդիկ, որոնք հակախորհրդային էին, իրենց գրքերը տպագրում էին ընդամենը 100-150 օրինակ, տարածում էին ընկերական, ազգականական շրջանակի մեջ և չէին ուղարկում ոչ մեկ գրադարան»:

Միացյալ Նահանգներում լույս տեսած առաջին հայերեն գրքի պրպտումներում հեղինակը հասել է մինչև 1857 թվականը, երբ Նյու Յորքում տպագրվել է «Աշխարհապատումը»․ - «1857-ից մինչև 2015-ի ապրիլը 1127 գրողների 3046 գիրք, գրքույկ, հուշամատյանի մանրամասները՝ իր որակի և տեսակի մեջ առաջին անգամը լինելով»:

Նրա փոխանցմամբ 1857-ին հաջորդած 30-35 տարիներին հրատարակվել են բացառապես կրոնական գրքեր, մեկնաբանություններ, Ավետարանի թարգմանություններ․ - «1885-90 թվականներից հետո, երբ կուսակցությունները մուտք գործեցին Ամերիկա, կուսակցությունները պատճառ եղան, որպեսզի հիմնվեն նոր տպարաններ և տպագրվի ավելի շատ հեղափոխական, կուսակցական բնույթ ունեցող գրքեր»:

Իսկ 20-րդ դարում գերակշռել են գեղարվեստական գրականությունն ու հուշագրությունները:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG