Մատչելիության հղումներ

Էրդողանը սպառնում է Cumhuriyet-ի խմբագրին սկանդալային հրապարակման համար


Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողան, արխիվ

«Մեր պարտքն է չթաքցնել պետության կեղտոտ գաղտնիքները», - հակադարձում է թուրքական պարբերականի խմբագիրը:

Թուրքիայի նախագահը հրապարակայնորեն սպառնացել է Cumhuriyet թերթի գլխավոր խմբագրին, որի թերթում հրապարակված տեսանյութից և լուսանկարներից երևում է, թե ինչպես են Թուրքիայի անվտանգության ուժերը Ազգային հետախուզական կազմակերպությանը պատկանող բեռնատարներով զենք տեղափոխում Սիրիա:

Այս մասին գրում է Hurriyet Daily News-ը՝ ներկայացնելով հունիսի 7-ին Թուրքիայում անցկացվելիք խորհրդարանական ընտրությունների նախաշեմին այս սկանդալային պատմության մանրամասները:

Երեկ երեկոյան պետական TRT հեռուստաընկերության հարցազրույցում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ասել է. - «Ազգային հետախուզական կազմակերպության դեմ այս զրպարտիչ և անօրինական գործողությունը ըստ էության լրտեսություն է: Այդ թերթը ներքաշվել է լրտեսական գործունեության մեջ»:

Cumhuriyet-ում մայիսի 29-ին հրապարակված տեսանյութում ռազմական ոստիկանության և ոստիկանության սպաները բացում են երեք բեռնատարների վրայի արկղերը, որոնք զենք ու զինամթերք են պարունակում:

Պարբերականը գրել է, որ տեսանյութը նկարահանվել է 2014-ի հունվարի 19-ին, սակայն չի նշում, թե այդ կադրերը ինչպես են հայտնվել իր տրամադրության տակ:

Էրդողանը պնդել է, թե Ազգային հետախուզական կազմակերպությանը պատկանող բեռնատարները օգնություն էին տանում Սիրիայի թուրքմեններին:

Ըստ Թուրքիայի նախագահի՝ տեսանյութի հետևում իր քաղաքական թշնամի Ֆեթուլլա Գյուլենի աջակիցներն են, որոնք շարունակում են իշխանություններին վարկաբեկելու քայլերը:

«Նրանց միակ խնդիրն է ստվեր գցել Թուրքիայի վրա: Ես կարծում եմ՝ ով սա մատուցում է որպես բացառիկ ռեպորտաժ, սրա համար մեծ գին է վճարելու», - ասել է Էրդողանը՝ ուղղակիորեն նկատի ունենալով թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարին:

«Ես չեմ թողնի նա հեռանա», - սպառնացել է Թուրքիայի նախագահը:

Ըստ պետական Anadolu գործակալության՝ Էրդողանն ասել է, որ իրավական քայլերի է դիմելու: Նույն լրատվամիջոցը հաղորդում է, որ Ստամբուլի դատախազության գրասենյակը Cumhuriyet-ի գլխավոր խմբագրի դեմ հետաքննություն է սկսել:

Թուրքիայի վարչապետ Ահմեթ Դավութօղլուն ևս պնդել է, որ բեռնատարները օգնություն էին տանում Սիրիայի թուրքմեններին, առանց բացահայտելու բեռների պարունակությունը: «Ոչ մեկի գործը չէ, թե ինչ կար բեռնատարներում: Այո, Սիրիայում լուրջ բախումներ էին տեղի ունենում, և մենք օգնել ենք թուրքմեններին», - կիրակի օրը Haberturk-ին ասել է Դավութօղլուն:

Այսօր Cumhuriyet-ի գլխավոր խմբագիրը պատասխանել է Էրդողանին՝ Թվիթերում գրելով. - «Մենք լրագրողներ ենք, այլ ոչ թե պետական ծառայողներ: Մեր պարտքն է չթաքցնել պետության կեղտոտ գաղտնիքները, այլ նրանց պատասխանատվության կոչել ժողովրդի անունից»:

Մայիսի 21-ին Reuters լրատվական գործակալությունը, վկայակոչելով Թուրքիայի ռազմական ոստիկանության ծառայողների դատական լսումները, հաղորդել էր, որ ըստ ականատեսների՝ 2013-ի վերջերին և 2014-ի սկզբին Թուրքիայի Ազգային հետախուզական կազմակերպության օգնությամբ զենք էր ուղարկվել Սիրիայի՝ իսլամիստների հսկողության տակ գտնվող տարածքներ:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG