Մատչելիության հղումներ

Մինսկում հանդիպել են Ուկրաինայի հարցով շփման ենթախմբերը


Մինսկում հանդիպել են Ուկրաինայի հարցով շփման ենթախմբերը
please wait

No media source currently available

0:00 0:02:25 0:00

Մինսկում ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ քննարկումներին զուգահեռ տեղեկություններ կան հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ:

Բելառուսի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը քիչ առաջ հայտարարեց, որ ուկրաինական ճգնաժամի հարցով շփման երեք ենթախմբերը Մինսկի «Փրեսիդենթ» հյուրանոցում ավարտել են առանձին քննարկումները՝ կապված, մասնավորապես, վերջին օրերին առավել ակտիվ ռազմական գործողություններով աչքի ընկնող Շիրոկինո բնակավայրում իրավիճակի հանդարտեցման ուղիների, գերիների փոխանակման, նաև՝ սահմանադրական փոփոխությունների միջոցով Արևելյան Ուկրաինայում տեղական ընտրությունների անցկացման հետ:

Այս պահին, ինչպես նշել է Դոնեցկի ներկայացուցիչը, շփման ենթախմբերի համակարգողներն ի մի են բերում քննարկումների արդյունքները: Այսօր տեղի չի ունեցել շփման 4-րդ՝ տնտեսության հարցերով ենթախմբի հանդիպումը: Այն նախատեսված է վաղը:

Մինսկում ուկրաինական ճգնաժամի վերաբերյալ քննարկումներին զուգահեռ տեղեկություններ կան հրադադարի ռեժիմի խախտման վերաբերյալ: Անջատականները պնդում են, որ անցած մեկ օրվա ընթացքում ուկրաինացիները հրադադարի ռեժիմը խախտել են 37 անգամ: Դոնեցկի ներկայացուցիչը պնդել է, թե ուկրաինական կողմը հրադադարի ռեժիմը խախտել է, մասնավորապես, Հորլիվկա և Թելմանով բնակավայրերում:

Իսկ ուկրաինական բանակի խոսնակ Անդրիյ Լիսենկոն, անջատականներին մեղադրելով հրադադարի խախտման մեջ, հայտարարել է, որ Դոնբասում 8 զինծառայող է վիրավորվել: Նրա գնահատմամբ, Դոնբասում իրավիճակը շարունակում է մնալ լարված:

«Ազատություն» ռադիոկայանի ուկրաինական ծառայության թղթակից Միխայիլ Շտեկելը Սչաստյե բնակավայրում, երկու օր խրամատներում է հետևել պատերազմական գործողություններին: Տեսանյութում պատկերված է, թե ինչպես են ուկրաինական բանակի զինվորները պատասխան կրակ արձակում: Զինծառայողները բժշկական օգնություն են ցուցաբերում վիրավոր ընկերոջը:

Անցյալ շաբաթվա վերջին Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ֆրանսուա Օլանդը, ինչպես նաև Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցների միջոցով էին քննարկել Ուկրաինայի արևելքում հրադադարի պահպանման հնարավորությունը:

Կրեմլը հաղորդագրությամբ էր տեղեկացրել, որ հեռախոսազրույցի ժամանակ հատուկ կարևորություն է ունեցել, մասնավորապես, ԵԱՀԿ դիտորդների հսկողությամբ շփման գծից ծանր զինտեխնիկայի դուրսբերումը: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նախօրեին հույս էր հայտնել, որ այսօրվա հանդիպման կարևոր հարցը պետք է լինի Միսնկում ստորագրած համաձայնությունը կյանքի կոչելը ՝ Կիևի և Դոնեցկի ու Լուգանսկի միջև ուղիղ երկխոսության կայացումը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG