Մատչելիության հղումներ

Թուրք-քրդական բախումներ Էրզրումում ընտրությունների նախօրեին


Թուրք-քրդական բախումներ Էրզրումում ընտրությունների նախօրեին
please wait

No media source currently available

0:00 0:03:07 0:00

Թուրքական ընտրություններից ընդամենը երկու օր առաջ իրադրությունը քրդամետ Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության շուրջ գնալով ավելի է սրվում:

Հրապարակված ամեն մի սոցհարցում, որ վկայում է քրդական կուսակցության կողմից 10 տոկոսի նվազագույն շեմը հաղթահարելու իրական հնարավորության մասին, կարծես խթան է հանդիսանում նոր հարձակումների համար:

Չորեքշաբթի օրը Բինգյոլում նախագահ Էրդողանի այցից ժամեր անց գնդակոծվեց քրդական կուսակցությանը պատկանող ավտոբուսը, ինչը մեկ մարդու մահվան պատճառ դարձավ: Երեկ արդեն Էրզրումում հազարավոր ազգայնականներ փորձեցին խափանել Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության` քաղաքի կայանամերձ հրապարակում կազմակերպված նախընտրական հանրահավաքը:

«Սա Էրզրումն է, այստեղից փրկություն չկա» վանկարկումներով թուրք ազգայնականները ճեղքեցին ոստիկանական պատնեշը` դաժան ծեծի ենթարկելով Ժողովրդա-դեմոկրատական կուսակցության հանրահավաքի վերջին շարքերում կանգնած մի քանի տասնյակ մարդկանց, այդ թվում կանանց:

Ոստիկանությունը սկզբում բավական պասիվ էր արձագանքում, սակայն երբ բախումները սկսեցին ավելի ու ավելի ծավալուն բնույթ ստանալ, իրավապահները ստիպված եղան ջրցան մեքենաների օգնությամբ տարանջատել հակամարտող երկու խմբերին:

Թուրքական լրատվամիջոցների տեղեկություններով՝ Էրզրումում տեղի ունեցած բախումների արդյունքում մոտ 40 մարդ է վիրավորվել: Բայց նույնիսկ հանրահավաքի ավարտից մի որոշ ժամանակ անց ընդհարումները Էրզրումում չէին դադարում: «Դողան» գործակալության տեղեկություններով՝ ազգայնականների մի մասը փորձեց երթ կազմակերպել դեպի Էրզրումի առավելապես քրդերով բնակեցված թաղամասերից մեկը: Նոր բախումները հնարավոր եղավ կանխել միայն ոստիկանության միջամտությունից հետո:

Քրդամետ կուսակցության ղեկավար Սելահեթթին Դեմիրթաշը միջադեպից մի քանի ժամ անց Դերսիմում տեղի ունեցած մեկ այլ հանրահավաքի ժամանակ հայտարարում էր.- «Ակնհայտ է, որ այն, ինչ տեղի ունեցավ այսօր Էրզրումում, սադրանք էր: Փորձում էին Լինչի դատաստանի ենթարկել երիտասարդների և կանանց: Ընտրություններին հաշվված օրեր են մնացել, և ես չեմ բացառում, որ կարող են նոր սադրանքներ լինել: Ամեն դեպքում մենք շարունակելու ենք համբերատար կերպով աշխատել` անելով հնարավորը, որ նոր սադրանքները հաջողության չհասնեն»։

Այն, որ 2015 թվականի ընտրարշավի թերևս ամենալուրջ այս միջադեպը տեղի ունեցավ հենց Էրզրումում, ևս պատահական չէ: Այս քաղաքի բնակչությունը հայտնի է իր իսլամիստական և ազգայնական հայացքներով: Վերջին նախագահական ընտրությունների ժամանակ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այստեղ քվեների 68 տոկոսն էր ստացել: 2011-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ընթացքում Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցությունը Էրզրումում ստացել էր քվեների մոտ 70 տոկոսը:

Ժողովրդականության աստիճանով երկրորդ քաղաքական ուժը Էրզրումում «Ազգայնական շարժում» կուսակցությունն է: Քաղաքական այս ուժի ներկայացուցիչները պնդում են, որ որևէ առնչություն չունեն հինգշաբթի օրը քաղաքում տեղի ունեցած բախումներին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG