Մատչելիության հղումներ

ԱՄՆ-ի դեսպանատունը դադարեցնում է GIPA-ում հայաստանցի ուսանողների կրթության ֆինանսավորումը


ԱՄՆ-ի դեսպանատունը դադարեցնում է GIPA-ում հայաստանցի ուսանողների կրթության ֆինանսավորումը
please wait

No media source currently available

0:00 0:04:21 0:00

ԱՄՆ-ի դեսպանատունը դադարեցնում է Վրաստանի հանրային կապերի ինստիտուտում՝ GIPA-ում (Georgian Institute of Public Affairs) հայ ուսանողների կրթության ֆինանսավորումը։

Սա նշանակում է, որ հայաստանցի ուսանողներն այլևս հնարավորություն չեն ունենա անվճար Վրաստանում մուլտիմեդիա լրագրություն և մեդիա կառավարում ուսանել:

2003 թվականից ԱՄՆ-ի ֆինանսավորմամբ Հայաստանից մոտ 60 ուսանող է ուսանել GIPA-ում։ Այսուհետև նույն կրթությունը ստանալու համար հայ ուսանողները պետք է վճարեն 3200 դոլար:

GIPA-ի շրջանավարտ Հովհաննես Իշխանյանը վստահեցնում է՝ ծրագրի միջոցով հայ ուսանողները նոր հմտություններ էին ձեռք բերում:

«Երկու ամսվա ընթացքում մենք կարողանում էինք ֆիլմեր նկարահանել, և միանգամից մտքովս դա անցավ, որ 5-6 ֆիլմ Հայաստանում այլևս լույս չի տեսնի»,- ասաց Իշխանյանը։

Լուրը տհաճ անակնկալ էր նաև հենց այս պահին GIPA-ում սովորող հայ ուսանողների համար։ Արուս Հակոբյանը պատմեց, որ իրենց չեն հայտնել Հայաստանի մասով ֆինանսավորումը դադարեցնելու պատճառները:

«Անձամբ ինձ համար ցավալի լուր էր, որովհետև այս ծրագիրը շատ մեծ հնարավորություն է լրագրողների և դաշտի համար։ Կարծում եմ, որ ինչ-որ բան կորցրեցինք»,- նշեց Հակոբյանը։

Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատնից «Ազատությանը» տեղեկացրեցին, որ ֆինանսական օժանդակության ծավալների նշանակալի կրճատումներ են եղել աշխարհի շատ երկրների համար, և այս համատեքստում կրճատվել են Հայաստանի համար նախատեսվող օժանդակության ծավալները, որը հավանաբար կանդրադառնա նաև GIPA-ի վրա:

Դեսպանատունը միաժամանակ ընդգծում է՝ սա որևէ առնչություն չունի իրականացված ծրագրի որակի կամ հայ-ամերիկյան հարաբերության ամրության հետ:

Ուշագրավ է սակայն, որ ադրբեջանցի ուսանողների համար ֆինանսավորման ծրագիրը դադարեցված չէ: Թե ինչու՝ Հայաստանում ամերիկյան դեսպանատունը չի մեկնաբանում:

Մինչդեռ հայ ուսանողները կարծում են, որ այսպիսի մոտեցումն այնքան էլ արդար չէ։ Ըստ Արուս Հակոբյանի՝ ծրագիրն առաջին հերթին հրաշալի հարթակ էր հակամարտության մեջ գտնվող երկրների ուսանողների շփման համար: Հովհաննես Իշխանյանն էլ հավելում է՝ Հայաստանը փաստորեն զրկվում է այդ հնարավորությունից։

«Այսօր այս ծրագիրը իր նպատակին կծառայի՞, եթե հայ ուսանողներ չլինեն և միայն ադրբեջանցի ու վրացի, որովհետև, ըստ երևույթին, ծրագրի հիմնական նպատակներից մեկը հայ, ադրբեջանցի և վրացի ուսանողների շփումն է»,- ասաց Հակոբյանը։

«Հիմա փաստորեն GIPA-ում բալանսը խախտվում է։ Այսինքն էնտեղ հայեր չեն լինելու, հայ ուսանողի ձայնը էլ չի հնչելու։ Շատ անարդար է։ Հակամարտության պայմաններում պետք է անպայման լսելի լինի այս կողմի կարծիքը»,- շեշտեց Իշխանյանը։

GIPA-ի ներկա և նախկին ուսանողների կարծիքով՝ Հայաստանի արտաքին քաղաքականությունը ևս կարող է նշանակություն ունենալ ծրագրի փակման համար: ԱՄՆ-ի դեսպանատունը չպատասխանեց «Ազատության» հարցին՝ արդյոք այս որոշումը կապվա՞ծ է Ռուսաստանի գլխավորած Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության հետ։ Այդուհանդերձ, Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի նախագահ Ստյոպա Սաֆարյանը վստահ է՝ Հայաստանը «եվրասիականացման» հետևանքով է մեկուսանում:

«Ի վերջո ԱՄՆ-ը կամ Եվրամիությունը կարող են լուրջ ներդրումներ կատարել մի տեղ և մեկ օր անց հայտնաբերել, որ այդ ամբողջ ներդրումները ուղղակի զրոյացված են, որևէ արդյունք չեն տալիս, որովհետև այդ ոլորտներ ներխուժել է ԵՏՄ-ը»,- ասաց վերլուծաբանը։

Հայաստանը կորցնում է լուրջ գործընկեր, որը օգնում էր թույլ պետությանը կատարել իր գործառույթները, ասում է Սաֆարյանը՝ ավելացնելով, որ կրթական-գիտական ծրագիրը այդ գործառույթներից մեկն էր, որ Հայաստան սեփական միջոցներով չի կարողանում իրականացնել։

«Երբ նման ծրագրերը փակվում են, դրա հետևանքները միջնաժամկետ և երկարաժամկետ կտրվածքով իրենց զգացնել են տալու, որովհետև ամեն մի երիտասարդ, որը գնում, ծանոթություններ էր ձեռք բերում, դրանք անուղղակիորեն օգտակար են լինում Հայաստանին։ Այժմ մենք մի այդպիսի հնարավորությունից զրկվում ենք»,- ասաց Սաֆարյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG