Մատչելիության հղումներ

Ցուցարարներից 72-ը տարվել են Նարկոլոգիայի կենտրոն


Ցուցարարներից 72-ը տարվել են Նարկոլոգիայի կենտրոն
please wait

No media source currently available

0:00 0:04:34 0:00

Ցուցարարներից 72-ը տարվել են Նարկոլոգիայի կենտրոն

Նրանցից 41-ը ենթարկվել են թմրանյութերի, 16-ը՝ ալկոհոլի, և 15-ը՝ և՛ թմրանյութի, և՛ ալկոհոլի հայտնաբերման փորձաքննության:

Այսօր առավոտից ոստիկանական բաժին բերման ենթարկված ցուցարարներից 72-ը ավելի ուշ Նարկոլոգիայի կենտրոնում են հայտնվել՝ փորձաքննության ենթարկվելու:

Կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը «Ազատությանը» փոխանցեց, որ միայն 3-4 օր հետո պարզ կլինի, թե արդյոք հոսանքի թանկացման դեմ ակցիայի այս մասնակիցները թմրանյութի, հոգեմետ դեղերի կամ ալկոհոլի ազդեցության տակ են եղել:

Ցուցարարներից 41-ը ենթարկվել է թմրանյութերի, 16-ը՝ ալկոհոլի և 15-ը՝ և՛ թմրանյութի, և՛ ալկոհոլի հայտնաբերման փորձաքննության:

«Ակտիվիստներից վերցվել է մեզի նմուշ: Մոտ երեք-չորս օրվա ընթացքում մենք կարող ենք ասել՝ արդյո՞ք տվյալ անձը օգտագործել է թմրամիջոց, թե՞ չի օգտագործել», - «Ազատության» հետ զրույցում ասաց կենտրոնի տնօրենը:

Այստեղ բերված ցուցարարները, ովքեր մեր այցի պահին անալիզներ էին հանձնում, «Ազատության» հետ զրույցում վստահեցնում էին, որ իրենք թմրանյութերի կամ ալկոհոլի ազդեցության տակ չեն եղել, իսկ Նարկոլոգիայի կենտրոնում հայտվել էին ոստիկանների կցկտուր տեղեկությունների հիման վրա՝ իբր դեպքի վայրում ներարկիչներ են հայտնաբերվել:

Ցուցարարները վստահ էին, որ այս ամենը նախապես մտածված սցենարի մի մասն է: «Ակնհայտ է, որ այս սցենարը նախապես գծված էր ոստիկանության կողմից՝ իրենց ապօրինի գործողությունները ինչ-ինչ կերպ արդարացնելու: Սա մարդկանց աչքը վախեցնելու համար է», - «Ազատության» հետ զրույցում ասաց նրանցից մեկը:

Նարկոլոգիայի կենտրոնի տնօրեն Պետրոս Սեմերջյանը պնդում է, որ անաչառ փորձաքննություն են իրականացնելու՝ շեշտելով, որ ուժային կառույցների կողմից ճնշումների չեն ենթարկվել:

Նա, այդուհանդերձ, փոխանցեց, որ իր բազմամյա աշխատանքային պրակտիկայում սա առաջին դեպքն է, երբ ցույցից բերման ենթարկված քաղաքացիները հայտնվում են նարկոլոգիական կլինիկայում․ - «Կախված բողոքի ցույցերի հետ՝ երբեք չի եղել: Եղել է ուղղակի, որ զուգադիպել է որոշ բողոքի ցույցերում, բայց այսքան մեծ քանակով մարդիկ չեն եղել»:

Ավելի քան 70 ակտիվիստները Նարկոլոգիայի կենտրոնից ոստիկանների ուղեկցությամբ նորից տեղափոխվեցին ոստիկանական բաժիններ:

Խորհրդային տարիներին այլակարծության համար ազատազրված իրավապաշտպան Վարդան Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ տարիներ շարունակ իշխանությունները գործում են օրենքից դուրս, և սա հերթական դրսևորումն է․ - «Մենք վերադարձել ենք, իհարկե, սովետական բարքերին: Մեր իշխանությունները, իհարկե, ապրում են սովետական մտածելակերպով: Մեր իրավապահ մարմինները և ոստիկանությունը գործում են սովետական չափանիշներով»:

XS
SM
MD
LG