Մատչելիության հղումներ

Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ում կբարձրաձայնի ոստիկանության կիրառած բռնությունների հարցը


Լևոն Զուրաբյանը ԵԽԽՎ-ում կբարձրաձայնի ոստիկանության կիրառած բռնությունների հարցը
please wait

No media source currently available

0:00 0:02:33 0:00

Այս օրերին Ստրասբուրգում գտնվող Հայ ազգային կոնգրես խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը այսօր փորձելու է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստում բարձրաձայնել նախօրեին Բաղրամյան պողոտայում ցուցարարների և լրագրողների նկատմամբ ոստիկանության կիրառած բռնությունների հարցը։

«Ազատության» հետ հեռախոսազրույցում ընդդիմադիր պատգամավորն ասաց, որ երեկ էլ այս մասին տեղեկություններ է փոխանցել Վեհաժողովի գլխավոր քարտուղարին։

«Դիմել եմ հանձնակատարին հանդիպման համար, հույս ունեմ, որ այսօր կստացվի նաև լիագումար նիստում տեղեկություններ հայտնել ԵԽԽՎ-ին Հայաստանում կատարված իրադարձությունների վերաբերյալ՝ ոստիկանական բռնությունների, լրագրողների նկատմամբ հարձակումների, խաղաղ ցուցարարների նկատմամբ հարձակումների վերաբերյալ։ Այս ամբողջ գործը ընթացքի մեջ է»,- ասաց Զուրաբյանը։

Այսօր ՀԱԿ խմբակցության քարտուղարը հանդիպում է ունենալու նաև Վեհաժողովի Գերմանիայի պատվիրակության հետ, որը ղեկավարում է Հայաստանի հարցով համազեկուցող Աքսել Ֆիշերը։ Զրույցի թեման կլինի նաև Բաղրամյան պողոտայի վերջին դեպքերը, փոխանցեց ընդդիմադիր պատգամավորը, ով փորձելու է այս հարցը քննարկման առարկա դարձնել այսօր «Լրատվամիջոցների սեփականության թափանցիկությունը» թեմայով քննարկման ընթացքում։

«Ելույթները պետք է համապատասխանեն դեբատի թեմային, բայց տվյալ դեպքում այդ հնարավորությունները տեսնում եմ, որ խոսեմ։ Այլապես պիտի մնա ազատ դեբատին, որը վաղն է»,- ասաց Զուրաբյանը։

ԵԽԽՎ հայաստանյան պատվիրակության մշտական անդամ, հանրապետական Արփինե Հովհաննիսյանն էլ «Ազատությանը» փոխանցեց, որ թեև ուշի ուշով հետևում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, այդուհանդերձ, այս օրերին Հանրապետականն իր ջանքերը կենտրոնացնելու է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վրա։

«Բավականին բարդ է այստեղից այդտեղ իրավիճակին ռեալ գնահատական տալը։ Իհարկե, ցավում եմ, չեմ կարծում, որ դա որևէ մեկի համար հաճելի էր, որովհետև քաղաքացիներն իրենց արդար բողոքի ձայնն են բարձրացրել, բայց ինչ վերաբերում է ձեռնարկելիք քայլերին, կտեսնենք ինչպիսին կլինի օրակարգը ԵԽԽՎ-ում, այնուհետև, կարծում եմ, հնարավորություն կունենանք մտածելու, թե ինչ քայլեր ձեռնարկենք»,- ասաց Հովհաննիսյանը՝ հավելելով, թե չգիտի ինչ է պատրաստվում անել Լևոն Զուրաբյանը.- «Դա իր անհատական քայլերի հանրագումարն է, որ ինք պատրաստվում է ձեռնարկել։ Ինչ վերաբերում է մեզ, ժամանակը ցույց կտա, թե ինչ կանենք»։

Ի դեպ, նախօրեին Վեհաժողովում հայկական պատվիրակությանը հաջողվել է «Ժողովրդավարական կառույցների գործունեությունն Ադրբեջանում» զեկույցից դուրս հանել «Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի մյուս 7 տարածքների բռնազավթում» նախադասությունը՝ այն փոխարինելով միայն «Լեռնային Ղարաբաղի հակամարտություն» տերմինով։

«Հսկայական աշխատանք է կատարված երկու կողմից, և ուղղակի 1-2 չքվեարկողի, ձեռնպահ քվեարկողի կամ դեմ չքվեարկողի շնորհիվ, նաև այդքան բազմաթիվ համակիրների ջանքերի շնորհիվ կարողացանք հաջողել։ Պիտի ասեմ, որ ամեն ինչ շատ բարդ էր, բայց բանաձևը քվեարկվել է և այլևս իրականություն է, և որևէ փոփոխություն չի կարող լինել դրանում»,- ասաց Հարությունյանը։

XS
SM
MD
LG