Մատչելիության հղումներ

«Պուտինի հայկական շոկը»


Wall Street Journal հանդեսը հաղորդում է, որ ռուսական մամուլի արձագանքը Երևանի փողոցներում ընթացող բողոքներին վկայում է Կրեմլի նյարդային վիճակի մասին, քանի որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը համարվում է Մոսկվայի հավատարիմ դաշնակիցը։

«Պուտինի հայկական շոկը» վերնագրված ռեպորտաժում հանդեսը հաղորդում է, որ խնդրի հիմքում ոչ միայն և ոչ այնքան էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումն է, որքան տնտեսությունում ռուսների գերակայությունը և համատարած կոռուպցիան, որը բնորոշ է կրեմլյան բիզնես-մոդելին։

Էլեկտրաէներգիայի տեղական օպերատորը «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունն է, որը նախագահ Վլադիմիր Պուտինի մտերիմ բարեկամ Իգոր Սեչինի ղեկավարած ռուսական Inter RAO-ի դուստր-ձեռնարկություն է։

Նախագահ Սարգսյանը համաձայնել է անցկացնել աուդիտ և մինչև դրա ավարտը սակագնի բարձրացումը ապահովել պետության հաշվին։ Կրեմլը 200 միլիոն տրամադրում ռազմական օգնության համար և Գյումրիում մի ամբողջ ընտանիք ոչնչացրած զինվոր Պերմյակովի գործի քննությունը հանձնում է հայ իրավապահներին։

Պուտինի համար անհրաժեշտ է ապահովել ռազմական ներդրումները Հայաստանում, որտեղ գտնվում է 102-րդ ռազմակայանը` Հարավային Կովկասում Մոսկվայի կայսերական տիրույթի կարևոր գործոնը։

Պուտինի համար անհրաժեշտ է նաև կայունություն ապահովել Եվրասիական տնտեսական միությունում, որին այս տարվանից անդամակցել է Հայաստանը։

Եվրամիությունն անցած ամիս նկատել տվեց, որ առանձնապես հավատարիմ չէ Արևելյան գործընկերության երկրների նկատմամբ ստանձնած պարտավորություններին, իսկ Միացյալ Նահանգները բավարարվեց Հայաստանում իր դեսպանատան թվիթերյան գրառմամբ այն մասին, թե «մտահոգված է իրավիճակի լարվածությամբ և զսպվածության կոչ է անում»։ «Ի՜նչ լավ»,- հեգնանքով ավարտում է հոդվածը Wall Street Journal-ը։

Moscow Times-ը հաղորդում է, որ հայկական բողոքները շարունակվում են, չնայած սակագնի բարձրացումը հետաձգելու որոշման։ Փոքրիկ երկրի վրա շատ բացասական ազդեցություն է գործել Ռուսաստանի տնտեսական ճգնաժամը։

«Մենք փողոցում կմնանք մինչև մեր պահանջների կատարումը, որովհետև հոսանքի սակագնի բարձրացումը կհանգեցնի բոլոր մնացած ծառայությունների և ապրանքների գնաճին»,- ասել է ակտիվիստ Հմայակ Մկրտչյանը։

Էներգետիկայի բնագավառի միջազգային զարգացումներ մեկնաբանող OIL Price վերլուծական կայքի մեկնաբան Մարտին Վլադիմիրովի փոխանցմամբ, երբ Ռուսաստանի Դաշնային խորհրդի միջազգային հարցերի հանձնաժողովի ղեկավար Կոնստանտին Կոսաչևը հայտարարեց, թե Հայաստանում գունավոր հեղափոխության սցենար է իրագործվում, շատ մեկնաբաններ սկսեցին Հայաստանի ներկայիս վիճակը համեմատել Ուկրաինայում 2014 թվականին նախագահ Վիկտոր Յանուկովիչին տապալած բողոքի շարժման հետ։

Այնուամենայնիվ Հայաստանում բողոքի ալիքը նախևառաջ կապված է տնտեսական կացության հետ։ 100 տոկոսով ռուսների հսկողության տակ գտնվող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը, ցուցարարների համոզմամբ, թաղված է կոռուպցիայի մեջ, որն էլ և դարձել է սակագինը բարձրացնելու պատճառը։

Որքան էլ պարադոքսալ է հնչում` ցանկացած բողոքի ալիք Արևմուտք-Արևելք առճակատմամբ բացատրելու՝ ռուսների ձգտումը կարող է հենց ռուսների հետ վատ կատակ խաղալ։ Ցուցարարները կարող են սկսել Հայաստանի կառավարությունից պահանջել` հրաժարում ռուսամետ դիրքորոշումից։

Իշխանությունը պահպանելու համար Սարգսյանը գուցե ստիպված լինի վերանայել Մոսկվայի հետ սերտ կապերը, ինչին Մոսկվան կպատասխանի տնտեսական պատժամիջոցներով, օրինակ՝ գազի մատակարարումը դադարեցնելով։ Այլընտրանքը` Վիկտոր Յանուկովիչի ճանապարհով գնալն է։

OIL Price կայքի վերլուծաբանը նշում է, որ Համաշխարհային բանկի տվյալներով, հայաստանցիները եկամտի 8 տոկոսը ծախսում են էլեկտրականության վրա, մինչդեռ Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի համեմատությամբ մեկ շնչի հաշվով երեք անգամ ավելի քիչ հոսանք են սպառում։

TUT.BY բելառուսական կայքը վկայակոչել է Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյին, ով ասել է, թե Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները այդ երկրի ներքին գործն են։ Նա հույս է հայտնել, որ Հայաստանի իշխանությունները խնդիրը կլուծեն դեմոկրատական եղանակով։

Այդ մասին Մակեյն ասել է Մինսկում գումարված Արևելյան գործընկերության ոչ պաշտոնական նախարարական հավաքում։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG