Մատչելիության հղումներ

«Երևան ջուր»-ը հետ է կանգնել ջուրը թանկացնելու մտադրությունից


«Երևան ջուր»-ը հետ է կանգնել ջուրը թանկացնելու մտադրությունից
please wait

No media source currently available

0:00 0:00:40 0:00

«Երևան ջուր» ընկերությունը հետ է կանգնել ջուրը 2.4 դրամով թանկացնելու մտադրությունից: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով երկու օր առաջ ուղարկված գրության մեջ ընկերության գլխավոր տնօրեն Գոռ Գրիգորյանը նշում է, որ որոշել են անփոփոխ թողնել գործող սակագինը՝ 170․3 դրամ 1 խորանարդ մետրի համար:

«Երևան ջուր»-ը դեռ փետրվարին էր հանձնաժողովին դիմել թանկացման հայտով ՝ պատճառաբանելով 3 տոկոսանոց սղաճը, դոլար-դրամ փոխարժեքն ու ջրի սպառման ծավալները: Հիմա փոխել է մտադրությունը։

«Ընկերությունը հայտնում է, որ ինքը իր արդյունավետ և հետևողական աշխատանքի շնորհիվ կարողացել է մեծ ձեռքբերումների հասնել էլեկտրաէներգիայի ծախսերի կրճատման հարցում: 81 տոկոսով ծախսը նվազեցրել է: Նաև հաշվի է առնվել այն փաստը, որ հանրային ծառայությունների գների ավելացումների պայմաններում թեթևանա հաճախորդների բեռը», - պարզաբանեց Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մամուլի քարտուղար Մարիամ Ստեփանյանը:

Երկու շաբաթ շարունակ էլեկտրաէներգիայի թանկացման դեմ պայքարող «Ո՛չ թալանին» նախաձեռնության անդամ Մաքսիմ Սարգսյանը ողջունելի է համարում այս որոշումը՝ այս քայլը հանրային ճնշման արդյունք համարելով։

«Կուզեմ մեր հանրությունը սա էլ ընկալի իր ճնշման արդյունք ու հասկանա, որ միասնական պայքարի դեպքում կարելի է որոշակի առաջընթաց ունենալ ու նաև կանխել որոշակի գործողություններ: Վստահ եմ, որ եթե որևէ պրոցես չգնար քաղաքում, դիմելու էին ու թանկացնելու էին»,- ընդգծեց ակտիվիստը:

«Երևան ջուր» ընկերության հանրային կապերի ծառայության պետ Մուրադ Սարգսյանն ընդունում է՝ բողոքի ցույցերն անուղղակի ազդեցություն ունեցել են իրենց վրա, չնայած իրավական առումով ֆրանսիական ընկերության որոշումների վրա որևէ մեկը չի կարող ազդել:

Սարգսյանն ընդգծում է՝ դեռ մայիսին են հաշվարկներ արել և քննարկել սակագինը չբարձրացնելու հնարավորությունը, իսկ վերջին իրադարձություններից ու բողոքի ցույցերից հետո արդեն վերջնականապես հասկացել են՝ իրենց վարկանիշն ավելին է, քան թանկացումից ակնկալվող տարեկան 420 միլիոն դրամը:

«Վերջին իրադարձությունները ապացուցել են, որ իրոք անկախ ամեն ինչից մենք կարող ենք պարզապես սխալ հասկացվել հասարակության կողմից»,- ասաց նա։

Մուրադ Սարգսյանի խոսքով՝ փետրվարին իրենց հայտում ներկայացված թանկացման հիմնավորումներն օբյեկտիվ են, սակայն հնարավոր են համարում այդ գումարներն այլ աղբյուրներից հայթայթել.- «Մենք մեզ այդպիսի շքեղություն այսօր կարող ենք թույլ տալ, գուցե ուրիշ ծառայություններ չենք կարող, բայց սա կարող ենք։ Մենք աշխատանքային այնպիսի ոճ ենք որդեգրել, որ մեր ստացած գումարները այլ բաների՝ ավելորդությունների վրա չենք ծախսում, ստանում ենք բավականին համեստ աշխատավարձեր, մեր պայմանները բավական սուղ են։ Ուրիշ բան է, որ դա մենք կդնեինք համակարգի մեջ, որպեսզի սպառողը իր վճարած գումարի դիմաց բարելավված մատակարարում ստանար»։

Ազգային ժողովում գազի, էլեկտրաէներգիայի ոլորտներում չարաշահումների մասին բարձրաձայնող, սակագնի նվազեցման հնարավորությունները մատնանշող ընդդիմադիր պատգամավոր Արամ Մանուկյանի կարծիքով՝ ժողովրդի պայքարը որոշիչ է և հնարավոր է կանխի սեպտեմբերին ակնկալվող այլ ապրանքների թանկացումները ևս:

«Ժողովրդի կոկորդին է հասել համբերությունը։ Իրենք ռիսկ չեն անելու բարձրացնել սեպտեմբերից բենզինի, սիգարետի, սպիրտի գները, որովհետև տեսել են, որ տրանսպորտի համար ժողովուրդը կանգնեց, գինը մնաց նույնը, տրանսպորտը չպայթեց, աշխատում է, ոչ մի գծատեր մեծահոգաբար չի հրաժարվել իր գծերից։ Ճնշումը որոշում է ամեն ինչ»,- ասաց Մանուկյանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG