Մատչելիության հղումներ

Հայաստանում ըմբոստության համար «մեծ խթան են ապահովում պարոն Պուտինը և իր վարչախումբը»


Հայաստանում ըմբոստության համար «մեծ խթան են ապահովում պարոն Պուտինը և իր վարչախումբը»
please wait

No media source currently available

0:00 0:03:18 0:00

Էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ Հայաստանում բարձրացած բողոքի ալիքին անդրադարձել է ամերիկյան հեղինակավոր «Վաշինգտոն փոստ» թերթը:

Թերթի խմբագրականում ասվում է, որ Ռուսաստանի նախագահի մերձավորներից մեկի ղեկավարությամբ գործող կոնգլոմերատի սեփականությունը հանդիսացող «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը «մեծ պարգև ստացավ կառավարական հանձնաժողովից՝ սակագնի բարձրացման տեսքով»:

«Ցուցարարները դուրս եկան փողոց՝ բացականչելով «ո՛չ թալանին»: Երբ նրանց վրա հարձակվեցին ոստիկանական ուժերը ջրնետ մեքենայով, ավելի մեծ բազմություն եկավ Երևանի գլխավոր պողոտա», - գրում է թերթը, նկատելով, որ Պուտինի քարոզչական մեքենան շատ արագ եզրակացության եկավ՝ պնդելով, թե Հայաստանում ամերիկյան դեսպանությունն է կազմակերպել այդ բողոքի ցույցերը՝ կրկնելու համար անցած տարվա ուկրաինական հեղափոխությունը․ - «Այս մտածելակերպը Կրեմլի սիրած դավադրապաշտ տեսություններից մեկն է, ըստ որի՝ ժողովրդական ըմբոստությունը Կիևում և եվրասիական այլ մայրաքաղաքներում տարերային բնույթ չի կրում: Դրանք հանգամանորեն մշակված են ամերիկյան հետախուզական վարչության կողմից: Թվում է, թե ցինիզմով և կասկածամտությամբ տարված պարոն Պուտինը և նրա շրջապատը Ռուսաստանում և հարևան այլ երկրներում, որտեղ Ռուսաստանը ձգտում է հաստատել իր տիրապետությունը, ըմբոստության ցանկացած դրսևորում դիտարկում են իբրև գաղտնի դավադրությունների արդյունք»:

Կրեմլը, ըստ «Վաշինգտոն փոստ»-ի, պարզամտություն է համարում, թե Հայաստանում, որտեղ մարդիկ աղքատության մեջ են ապրում, նրանց իրոք կարող է զայրացնել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացումը 17 տոկոսով․ - «Նախագահ Սերժ Սարգսյանը, լինելով Կրեմլի կլիենտներից մեկը, այնքան էլ կտրված չէ իրականությունից: Հրապարակավ հերքելով, որ բողոքի ցույցերը հակառուսական բնույթ ունեն՝ պարոն Սարգսյանն ամեն ինչ արեց բողոքի ալիքը թուլացնելու համար»:

Թերթը հավելում է․ - «Հայաստանի նախագահը հայտարարեց, որ պետությունը կփոխհատուցի սակագնի բարձրացումը, իսկ ՀԷՑ-ը աուդիտի կենթարկվի: Այս ամենը չկասեցրեց ցույցերը, և պարոն Սարգսյանի որոշումը՝ իր կառավարությունը Պուտինի ռեժիմին մերձեցնելու մասին, անհեռատես քայլ է թվում»:

«Անցած տարի Հայաստանը միացավ Եվրասիական տնտեսական միությանը», - գրում է «Վաշինգտոն փոստ»-ը՝ հիշեցնելով, որ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ Սերժ Սարգսյանը իրենց խմբագրակազմի հետ զրույցում ասել էր, որ Եվրասիական տնտեսական միությանը միանալը «պրագմատիկ քայլ էր»:

Թերթը վկայակոչում է Հայաստանի նախագահի այն խոսքերը, որ հայկական կոնյակը չի կարող վաճառվել Փարիզում, որ Ռուսաստանում աշխատող հայաստանցիները իրենց փոխանցումներով ապահովում են Հայաստանի ներքին համախառն արդյունքի մեկ հինգերորդը:

«Սակայն Հայաստանը և Եվրասիական միությանն անդամակցած մյուս երկրները տառապում են ռուսաստանյան տնտեսության փլուզումից: Ռուբլու անկումը դարձավ հայկական դրամի անկման պատճառ, իսկ ամերիկյան պատժամիջոցների տակ գտնվող Իգոր Սեչինի ղեկավարած «Ինտեր ՌԱՕ» էներգետիկ կոնգլոմերատի գահավիժող շահույթները դրդեցին այդ ընկերությանը ավելի մեծ շահույթներ կորզել հայկական դուստր ընկերությունից՝ ՀԷՑ-ից: Կարճ ասած՝ հայերը կարիք չունեն, որ ամերիկացիները խթանեն ըմբոստությունը: Դրա համար մեծ խթան են ապահովում պարոն Պուտինը և իր վարչախումբը», - եզրակացնում է «Վաշինգտոն փոստ» թերթի խմբագրական խորհուրդը:

XS
SM
MD
LG