Մատչելիության հղումներ

ՍԴ-ն քննում է «Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխված օրենքը


ՍԴ-ն հրապարակեց «Կուտակային կենսաթոշակների մասին» փոփոխված օրենքի մասին որոշումը
please wait

No media source currently available

0:00 0:03:43 0:00

Սահմանադրական դատարանում այսօր մեկնարկեց «Կուտակային կենսաթոշակների մասին» նոր՝ փոփոխված օրենքի քննությունը:

Ազգային ժողովի ընդդիմադիր պատգամավորները, ի դեմս ՀՅԴ պատգամավոր Արծվիկ Մինասյանի, բարձրագույն դատարանից պահանջում են հակասահմանադրական ճանաչել վերախմբագրված օրենքի մի շարք հոդվածներ:

Սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը այսօր նիստի ընթացքում հայտարարեց, որ թեպետ քննությունն անցնելու է գրավոր ընթացակարգով, այդուհանդերձ ցանկության դեպքում դատավորները կարող են հարցեր ուղղել կողմերին:

Գործով զեկուցող դատավոր Կիմ Բալայանը փորձեց պատասխանող կողմից՝ Ազգային ժողովից պարզել՝ ինչո՞ւ նախքան քվեարկության դրվելը օրենքի նախագիծը չի քննարկվել խորհրդարանի մշտական հանձնաժողովներում: Ազգային ժողովի գրավոր պատասխանում ասվում է, որ հանձնաժողովները չեն հասցրել եզրակացություն ներկայացնել, քանի որ օրենքը ընդունվել է արտահերթ նիստերում: Պատասխանող կողմի ներկայացուցիչը այսօր բանավոր կարգով չկարողացավ պատասխանել այն հարցին, թե՝ «իրավական ո՞ր ակտի համաձայն է նման բացատրություն ուղարկվել Սահմանադրական դատարան»:

Դատարանը գնաց խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու: Հակասահմանադրական կճանաչվի օրենքը, թե ոչ՝ պարզ կլինի մի քանի ժամից միայն:

«Դիմումը հիմնավորված է բազմաթիվ փաստերով», - «Ազատության» հետ զրույցում ասաց հայցվոր կողմի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արտակ Զեյնալյանը․ - «Ձևական առումով օրենքում փոփոխություններ են կատարվել, բայց ըստ էության՝ սա նոր օրենք է: Թողնվել է վերնագիրը, թողնվել է հերթական համարն ու ընդունման ամսաթիվը: Սա հակասում է Սահմանադրությանը, իրավական որոշակիության սկզբունքին»:

Ավելի քան մեկ տարի առաջ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքի մի շարք հոդվածներ հակասահմանադրական էին ճանաչվել: Այդ ժամանակ «Դ!եմ եմ» շարժումը գրեթե ամեն օր բողոքի ակցիաներ էր անցկացնում, և, շատերի կարծիքով՝ նաև հասարակական ճնշման ներքո, Սահմանադրական դատարանը կայացրեց այդ որոշումը: Այսօր դատարանի առջև խաղաղ էր, դահլիճում ներկա էին շարժման անդամներից մի քանիսը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG