Մատչելիության հղումներ

Ակտիվիստ. Այսօրվա հանրահավաքը կորոշի՝ որ կողմ շարժվենք, ինչ գործողություններ իրականացնենք


Ցույցերը համակարգող խմբի անդամ Նարեկ Այվազյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 8-ը հուլիսի, 2015թ.
Ցույցերը համակարգող խմբի անդամ Նարեկ Այվազյանը «Ազատություն TV»-ի տաղավարում, 8-ը հուլիսի, 2015թ.

Նարեկ Այվազյանի խոսքով՝ տարբեր կարծիքներ կան, ու բոլորի կարծիքներն էլ պարտավոր են հարգել, բարձրաձայնել։

«Այսօր Ազատության հրապարակում նախատեսված ցույցի ընթացքում կորոշվի մեր հետագա գործողությունները, անելիքները», - «Ազատության» հետ զրույցում ասաց էլեկտրաէներգիայի թանկացման դեմ ցույցերը համակարգող խմբի անդամ Նարեկ Այվազյանը։

«Տարբեր կարծիքներ կան, ու բոլորի կարծիքներն էլ պարտավոր ենք հարգել, բարձրաձայնել, դրա համար, կարել է ասել, հանրահավաքը կորոշի՝ որ կողմ շարժվենք, ինչ գործողություններ իրականացնենք, որպեսզի մեր դրված երեք պահանջները բավարարվեն», - նշեց Այվազյանը։

Ցուցարարները, հիշեցնենք, պահանջում են չեղյալ հայտարարել էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը, վերանայել գործող սակագինը՝ նվազեցման միտումով, և պատժել հունիսի 23-ի բռնությունների պատասխանատուներին։

Նարեկ Այվազյանն ասում է, որ իր համար, մասնավորապես, ոչ թե 7 դրամն է խնդիրը, այլ տվյալ համակարգում գոյություն ունեցող թալանը։

Հիշեցնենք՝ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 26-ին Երևանում հայ - ռուսական միջկառավարական հանձնաժողովի ռուս համանախագահ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպման ժամանակ առաջարկեց ՀԷՑ-ում մանրազնին աուդիտ անցկացնել։ Ռուսական կողմը ընդունեց առաջարկը՝ հայտնելով, որ ՀԷՑ-ը ճգնաժամային վիճակից դուրս բերելու հստակ ծրագիր կա:

«Աուդիտը անցկացվում է ամեն տարի, և աուդիտը խնդրին լուծում չի կարող տալ, քանի որ աուդիտը ոչ թե լուծում է թալանը բացահայտելու, այլ ծածկադմփոց անելու միջոց է հանդիսանում։ Թալանը, կոռուպցիան, որը տեղի է ունեցել մեր էներգետիկ համակարգում, կարող է բացահայտել, եթե իրավական տեսանկյունից նայենք, Դատախազությունը», - ընդգծեց ակտիվիստը՝ մանրամասնելով․ - «Դատախազությունը պարտավոր էր քրեական գործ հարուցել այն ժամանակ, երբ էներգետիկայի նախարարի շուրթերից հնչեց, որ ՀԷՑ-ում տեղի է ունեցել թալան, սակայն մինչ այժմ ոչ մի գործ չի հարուցվել։ Թե՛ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովից, թե՛ Էներգետիկայի նախարարությունից, պետք է պարզաբանի Դատախազությունը, թե մինչ այսօր ինչու քրեական գործեր չեն բացվում»։

Այվազյանը, վկայակոչելով Հայաստանի Սահմանադրությունը, նշեց, որ նախագահը կարող է ու պարտավոր է իրականացնել ժողովրդի կամքը։ «Իսկ ժողովուրդը, ինչպես տեսանք, ասում էր, որ պետք է չեղարկվի էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին որոշումը», - հավելեց ակտիվիստը։

Հարցին, թե կարելի՞ է ասել, որ բարձրացված պահանջները քաղաքական են, ցույցերը համակարգող խմբի անդամը պատասխանեց. - «Բնականաբար, բոլոր պահանջները, որոնք մենք բարձրաձայնել ենք, դրանք քաղաքական հարթության մեջ էին»։

Անդրադառնալով ցույցերի մասնակիցների թվի զգալի նվազմանը՝ Այվազյանը նշեց, որ թեև այս պահին ցուցարարներին չեն վախեցնում, բայց տարբեր հոգեբանական մեթոդներով ցույցերից հետ պահելու փորձեր, այդուամենայնիվ, արվում են։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG