Մատչելիության հղումներ

Սևանի ավազանում բարձրացել է մոտորանավակների պահանջարկը


Սևանի ավազանում բարձրացել է մոտորանավակների պահանջարկը
please wait

No media source currently available

0:00 0:05:04 0:00

Մոտորանավակների նորոգմամբ զբաղվող նորատուսցի Արթուրի խոսքով՝ վերջին տարիներին մոտորանավակների պահանջարկն ավելացել է, գինն էլ՝ տասն անգամ բարձրացել:

Գյուղի բնակիչները դրսից՝ հիմնականում Ռուսաստանից են ներկրում արդեն հնամաշ նավակները։ Եթե նախկինում 200 դոլարով կարելի էր ձեռք բերել նման նավակ, ապա այսօր 2000 դոլարով անգամ դժվար կլինի Հայաստան հասցնել, ու առանց վարպետի մոտ տանելու՝ չես շահագործի։

Ավելացել են նաև լճափ հասնելու, ձուկ կամ խեցգետին որսալու ծախսերը, իսկ լճից ստացվող եկամուտները նվազել են։

«Սա ապագա չի», - ասում է Արթուրը, - «Մարդ մտածում-մտածում, թե ինչ անա, վերջը բանկից տալիքով վարկ են վերցնում, լոդկա, լոդկի մոտոր, ցանց ա ձեռք բերում, գոնե գոյությունը պաշպանա»:

Անգամ ձկնորսության պաշտոնական արգելքը ափամերձ Նորատուսի բնակիչներին չի ստիպում ցած դնել ցանցերը։ Թեև ափսոսանքով արձանագրում են, որ ձկնապաշարը քչացել է, բայց այլընտրանք չունեն. ձկնորսությունը տասնամյակներ շարունակ գյուղը պահող միակ միջոցն է։

Նորատուսցիներն ասում են, որ ակամա եմ ձկնագող դարձել։ Տների մեծ մասի բակերում մոտորանավակներ կան․ - «Էս ամառվա սեզոնին հազարներով քաղաքից գալիս, կարթով ձուկ են բռնում, տանում քաղաքում վաճառում են․․․ բա նրանք բռնեն, նորատուսցին լճի կողքին ապրի, չբռնի՞»:

Ասում են՝ եթե ուրիշ աշխատանք լիներ, շատերը կհրաժարվեին ձկնագողությունից։

Գիտեն՝ քանի դեռ եկամտի ավելի հաստատուն աղբյուրներ չունեն, ոչ միայն իրենք, այլև հարևան գյուղերի բնակիչներն ավելի հաճախ են մոտորանավակները լիճ հանելու։

«Ճապոնիայից, Չինաստանից գիտության վերջի խոսքով ձկնորսական ինչ գործիք աշխարհում կա, Սևանա լճի մեջն ա․․․ Էդ էլեկտրականությունով ձուկ որսոցին․․․ ձկան մալյոքը լրիվ սատկավ», - ասաց միջին տարիքի մի նորատուսցի:

Կառավարությունը 2005 թվականից սկսած արդեն մոտ 3 միլիոն մանրաձուկ է լցրել Սևանա լիճ։ Ծախսել են մոտ կես միլիարդ դրամ։ Մի քանի օր առաջ կառավարությունը մոտ 8 միլիոն դրամ էլ հատկացրեց Սևանում այս տարի եղած ձկնապաշարը հաշվելու համար։ Բայց պաշտոնական տեղեկատվության համաձայն, նախորդ տարվա հաշվարկները ցույց են տվել, որ Սևանում ձկնային պաշարն «աննշան չափով է ավելացել»։

«Բատյա» ռեստորանը Նորատուսի մուտքի մոտ է։ Զոհրակ Հակոբյանը 10 տարի առաջ է հիմնել իր բիզնեսը: Ասում է՝ վերջին երեք տարիներին գործը լավ չէ։ Բայց ոչ թե ձկնապաշարի, այլ ձկան խորոված ու քաբաբ պատվիրողի պակաս ունի:

Մեկ այլ նորատուսցի՝ Դմիտրին բանակից վերադարձած իր գործազուրկ որդու հետ այսօր լճափին էր։ Ասում է՝ առանց մոտորանավակի ու ցանցի այլևս սիգ կամ իշխան չես գտնի։ Եկել, Սևանի ճահճոտ մասերում փոքր ծածաններ են որսում․ - «Կարողա սաղ օրը կանգնես ու մի տասը հատ հազիվ բռնես»։

Բայց այսօր բախտները բերել է. նախատեսած մի քանի հատն արդեն որսացել են։ Օրվա ընթրիքն ապահովված է․ - «Կգնանք, եթե հավն էլ ձու ածած լինի...»։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG