Մատչելիության հղումներ

«Ես պետությանը 2 զինվոր եմ տալիս, բա ինքը ինձ 1 սենյականոց տուն չի՞ կարողանում տա»


«Ես պետությանը 2 զինվոր եմ տալիս, բա ինքը ինձ 1 սենյականոց տուն չի՞ կարողանում տա»
please wait

No media source currently available

0:00 0:02:39 0:00

Վանաձորի Երևանյան 90 հասցեում գտնվող հանրակացարանի բնակիչները վախը սրտում են ապրում, ասում են՝ բեռնատար մեքենաների անցնելու ժամանակ սենյակները ցնցվում են:

Հանրակացարանի խոնավ սենյակներից մեկում իր երկու անչափահաս երեխաների հետ ապրում է Լիլիթ Ստեփանյանը: Սենյակը ծառայում է թե՛ որպես ննջարան, թե՛ խոհանոց, թե՛ հյուրասենյակ, թե՛ լոգարան:

«Ամբողջ տունը դառնում է լվացքատուն, որովհետև ուրիշ հնարավորություն չունենք», -- պատմում է տիկին Լիլիթը, ով բուրդ լվանալով ու վերմակ կարելով է ընտանիքը պահում: Ասում է՝ աշխատած գումարով պարզապես գոյատևում են: - «Ասենք՝ երեխան պետք է լողանա՝ մնացածը դուրս են գալիս, որ փոքրիկը լողանա»:

Քաղաքապետարանը բարեգործական հիմնադրամների միջոցով է փորձում լուծել այն ընտանիքների խնդիրը, որոնք աղետի հետևանքով չեն անօթևան մնացել: Լիլիթ Ստեփանյանը, սակայն, հույսն արդեն կորցրել է, թե երբևէ նոր բնակարան կտեղափոխվեն:

«Ինչքան հեռուստացույցով նայում ենք, որ ասում են՝ բյուջեն դատարկ է, բյուջեն ճեղքված է, դուք ձեր գլխի ճարը տեսեք: Հա՝ լավ, էս պետությունը ի՞նչ է մտածում: Ես իրեն երկու հատ զինվոր եմ տալիս, բա ինքը ինձ մի սենյականոց տուն չի՞ կարողանում տա», - ասում է նա:

Բնակիչները դժգոհում են տեղի իշխանությունների անտարբերությունից, բազմիցս են դիմել քաղաքապետարան տանիքի վերանորոգման, կոմունալ պայմանների բարելավման համար: Ասում են՝ սանհանգույցը գտնվում է անմխիթար վիճակում, կոյուղին հաճախ խցանվում է, իսկ քաղաքապետարանը որևէ քայլ չի ձեռնարկում:

«Մարդ եմ բռնել, բերել եմ, սարքել եմ տվել, չորս օր հետո նույն պատմությունն է», - պատմում էր բնակիչներից մեկը:

Վանաձորի քաղաքապետարանի համատիրությունների և կոմունալ տնտեսության բաժնի պետ Գրիշա Պառավյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, թե իրենք տեղյակ են հանրակացարանի կոմունալ խնդիրներին և պատրաստվում են համայնքային միջոցներով լուծել դրանք: Նա, սակայն, չկարողացավ հստակ ժամկետներ նշել, քանի որ այս պահին ֆինանսական միջոցներ չկան:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG