Մինչ այս տնտեսվարողները բազմիցս են դժգոհել, որ հինգ տաղավար տոներին հաջորդող մեռելոցների՝ ոչ աշխատանքային լինելու պատճառով իրենց գործունեության ընթացքում լուրջ խնդիրների են բախվում:
Կառավարության՝ անցած շաբաթ տեղի ունեցած նիստի ընթացքում գործարար հատվածին մտահոգող այս խնդրի հետ կապված հարց էր բարձրացվել: Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Կենտրոնական բանկին առաջարկել էր քայլեր ձեռնարկել, որպեսզի երկուշաբթի օրը բանկերը ծառայություններ մատուցեն։ Կենտրոնական բանկը հաշվի է առել վարչապետի առաջարկն ու համապատասխան որոշում է կայացրել։
Վարչապետը նաև մի քանի պետական հիմնարկների, մասնավորապես Դատական ակտերի հարկադիր կատարման ծառայությանը, Կադաստրի պետական կոմիտեին և Անձնագրային վարչությանը հանձնարարել էր հուլիսի 13-ին պահպանել աշխատանքային ռեժիմը:
Հայկ Հովհաննիսյանն աշխատում է ապահովագրական ընկերություններից մեկում: Նրա համար այսօր աշխատանքային օր է։ Ասում է, որ նախկինում մեծ անհարմարություններ է ունեցել ոչ աշխատանքային հայտարարված երկուշաբթիների պատճառով։ «Շատ անհարմար է, որ երկուշաբթիի փոխարեն շաբաթ օրն են դարձնում աշխատանքային: Ամբողջ աշխատանքային շաբաթը պարալիզացվում է ու սխալ է գնում»,- ասում է նա:
Եղիկ Ջերեջյանը լիբանանահայ է։ Արդեն երեք ամիս է Հայաստանում է։ Այսօր նա էլ է անակնկալի եկել ոչ աշխատանքային երկուշաբթիի պատճառով։
«Ես Հանրային գրադարան գնացի, որ իմ ընթերցումները շարունակեմ, չէի կարծում, որ մեռելոցի պատճառով փակ կլինի: Էնպես որ ընթերցումներս հետաձգեցի վաղվան», - ասում է Ջերեջյանը: Լիբանանահայ զբոսաշրջիկն ասում է, որ Լիբանանում հայերը միայն Սուրբ Ծննդյան և Զատկի տաղավար տոներից հետո են մեռելոցն առանձնահատուկ հիշատակում. - «Մյուս երեք հատը այս կերպ չեն նշում»:
Իսկ եկեղեցիներում, որտեղ այսօր հիշատակի պատարագներ էին մատուցվում, կային նաև այլ կարծիքներ հայտնողներ: Պատարագի մասնակիցներից երևանցի Վարդան Համբարձումյանն ասում է, որ այսօր ոչ աշխատանքային օր հայտարարելը ճիշտ է, «որպեսզի ժողովուրդը կարողանա մասնակցել իր ննջեցյալների հիշատակի համար տրվող պատարագներին»:
Հիշեցնենք, հինգ տաղավար տոներին հաջորդող հիշատակի օրերը ոչ աշխատանքային դարձնելու մասին կառավարությունը որոշում է կայացրել 2008 թվականին՝ Տիգրան Սարգսյանի վարչապետության օրոք։