Մատչելիության հղումներ

Նախարարությունը համաձայնել է ստուգումներ սկսել Թեղուտի հանքը շահագործող ընկերությունում


Թեղուտի հանքավայրի տարածքը, արխիվ
Թեղուտի հանքավայրի տարածքը, արխիվ

Թեև բնապահպանները բազմիցս են ահազանգել, որ Թեղուտի հանքավայրը շահագործող ընկերությունը մի շարք խախտումներ է արել և շեղվել հաստատված նախագծից, Բնապահպանության նախարարությունը համաձայնել է ստուգումներ սկսել ընկերությունում այն բանից հետո միայն, երբ բնապահպանները դիմել են դատարան:

Նրանք պնդում են՝ կառավարության կողմից հարկային արտոնություններ ստացած «Թեղուտ» ՓԲԸ-ն շարունակում է շահագործել հանքը, թեև նախարարության կողմից հաստատված նախագծի ժամկետը լրացել է 2014-ին: Ավելին՝ ընկերությունն արդեն իսկ 40 հեկտարով ավելի անտառահատում է կատարել:

Բնապահպան Աննա Շահնազարյանը համեմատել է հանքի տարածքի 2008 և 2013 թվականի տվյալները․ - «Անտառահատվել է ավելի մեծ տարածք, քան առաջին փուլի համար էր նախատեսված, այսինքն, անտառահատումը կատարվել է տոտալ, ոչ թե 25 տարվա ընթացքում, փուլ առ փուլ»:

Դատարան են դիմել երկու հասարակական կազմակերպություններ և Շնող գյուղի մեկ բնակիչ, ով հանդես է գալիս իր գյուղի ևս 30 համահայցվորների անունից: Նախարարությունը համաձայնել է «Թեղուտ» ՓԲԸ-ում ստուգումներ սկսել: Այժմ սպասում են նախարարության ստուգումների արդյունքներին:

«Եթե նախկինում ասում էինք՝ հարգելի Բնապահպանության նախարարություն, դու խախտում ես թույլ տվել, երբ որ թույլտվություն ես տվել, հիմա ասում ենք՝ էն, ինչ որ անգամ դու թույլ ես տվել, ընկերությունը դա էլ է խախտում: Իսկ եթե ասի խախտում եղել է և իրական ծավալները ներկայացնի խախտումների, ինքը պետք է միջոցներ ձեռնարկի, և էդ միջոցները պետք է լինեն ոչ թե տույժ-տուգանքները, այլ հանքավայրի շահագործման դադարեցումը, քանի որ ամբողջությամբ է փոխված պրոյեկտը, ինքը չունի թույլտվություն այդպիսի պրոյեկտ իրականացնելու», - «Ազատության» հետ զրույցում նշեց բնապահպան Արթուր Գրիգորյանը:

Դատն աննախադեպ է նրանով, որ առաջին անգամ հայաստանյան դատարանը քննության է առել հասարակական կազմակերպության դիմումը՝ բնապահպանական հարցով: Մինչ այդ, 2009-ից ներկայացվող դիմումները մերժվում էին:

«Օրենսդրության մեջ տեսանք փոփոխություններ, դրանից հետո, ինձ թվում է, փոփոխություններ եղան նաև գլուխների մեջ էն մարդկանց, ովքեր որ որոշում են կայացնում», - «Ազատության»-ը փոխանցեց փաստաբան Հայկ Ալումյանը:

Դատարաններն անտեսում էին, փոխարենը խնդիրը մտահոգեց հանրահայտ ռոք երաժիշտ Սերժ Թանկյանին: Հիշեցնենք, երաժիշտը նամակ էր հղել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին՝ կոչ անելով չտրամադրել Թեղուտի հանքի արդյունահանման լիցենզիա, քանի որ դա վտանգում էր շրջակա միջավայրը:

Շնողի բնակիչ, մեղվաբույծ Լևոն Ալիխանյանը հաստատում է այս մտահոգությունը: Գյուղացին «Ազատության»-ը փոխանցեց, որ իրենք սեփական մաշկի վրա են զգում հանքի շահագործման ազդեցությունը: Նախ՝ գերակա շահի անվան տակ հօգուտ հանքարդյունահանողի գյուղի հողատարածքներն օտարվեցին, այժմ եղածներն էլ չեն կարողանում օգտագործել:

«Ումը գետի եզերքին է, չեն օգտագործում, որովհետև գետը էնպես պղտորված է, էնպես ծանր մետաղներ կան, որ օգտագործել հնարավոր չի: Կենդանիներն անգամ ջուր չեն խմում էդտեղից: Որ կարա վնաս լինի, մտածում էինք, բայց որ ապրելը անհնար կլինի, էդ մտքներովս չէր անցնում», - պատմեց գյուղացին:

Ալիխանյանի խոսքով, հանքարդյունաբերության վնասները զգում են բոլոր գյուղացիները․ - «Ուղղակի հարցը նա է՝ արդյոք գյուղացիները հավատում են, որ կարող են ինչ-որ դեր ունենան, թե՝ չէ: Չէին հավատում, որ իրենք կարող են դեր ունենալ, բայց արդեն կամաց-կամաց սկսում են մտածել, որ հնարավոր է նաև ինչ-որ արդյունքի հասնել, էս վերջին դեպքերի հետ կապված՝ երիտասարդների նախաձեռնության Երևանի»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG