Մատչելիության հղումներ

Ռուս - վրացական բանակցությունների հերթական փուլը՝ անարդյունք


Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասին և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե, արխիվ
Ռուսաստանի ԱԳ փոխնախարար Գրիգորի Կարասին և Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձե, արխիվ

Չորեքշաբթի օրը Չեխիայի մայրաքաղաքում կայացած ռուս - վրացական բանակցությունների հերթական փուլն այդպես էլ որևէ էական արդյունքի չհանգեցրեց: Պատճառը վերջին օրերին Վրաստանի և Հարավային Օսիայի շփման գծում ծագած լարվածությունն է:

Հիշեցնենք՝ մի քանի օր առաջ ռուսաստանցի սահմանապահները վրացական Ցիթելուբանի և Խուրվալեթի գյուղերի մերձակայքում սկսեցին առաջ տանել իրենց դիրքերը, ինչի արդյունքում մինչ այդ վրացական հսկողության տակ գտնվող մոտ 10 հեկտար տարածքն ու Բաքու-Սուպսա խողովակաշարի մի հատվածը հայտվեցին ռուսաստանցի սահմանապահների հսկողության ներքո: Ռուսաստանցի սահմանապահները այժմ տեղակայված են ռազմավարական նշանակություն ունեցող Թբիլիսի-Գորի ճանապարհի անմիջական հարևանությամբ:

Պրահայում կայացած բանակցություններից հետո Վրաստանի վարչապետի հատուկ ներկայացուցիչ Զուրաբ Աբաշիձեն լրագրողների հետ զրույցում նշում էր․ - «Սա խիստ վտանգավոր սադրանք է: Մի մոռացեք՝ մենք ապրում ենք շատ փխրուն մի տարածքում: Նման անպատասխանատու ամեն մի քայլը կարող է ապակայունացնել իրադրությունը ողջ տարածաշրջանում»:

Բանակցությունների ընթացքում պաշտոնական Մոսկվան ներկայացնող փոխարտգործնախարար Գրիգորի Կարասինը, սակայն, կտրականապես հերքում էր Ռուսաստանի ներգրավվածությունը Վրաստանի և Հարավային Օսիայի միջև իրականացվող սահմանագծման աշխատանքներին` հավելելով, թե այդ խնդիրը հարկավոր է քննարկել Ցխինվալիի իշխանությունների հետ:

«Մենք շահագրգռված ենք, որպեսզի սահմանին հանդարտ դրություն լինի: Հաշվի առնելով այն հանգամանքը, որ վերջին շրջանում Թբիլիսիում որոշ շրջանակներ մեծ աղմուկ են բարձրացրել սահմանագծման աշխատանքների հետ կապված, ես հանդես եկա հստակ բացատրություններով: Համոզված եմ` այս հարցը հարկավոր է լուծել միջադեպերի կանխման այն մեխանիզմի շրջանակում, որ ստեղծվել է ժնևյան բանակցությունների ընթացքում: Սա մի հարց է, որ պետք է քննարկեն Վրաստանի և Հարավային Օսիայի ներկայացուցիչները», - նշում էր Կարասինը:

Ակնհայտ է, սակայն, որ վրացական իշխանությունները Հարավային Օսիայի ինքնահռչակ հանրապետության հետ որևէ խնդիր քննարկել չեն պատրաստվում:

Երեկ Վրաստանի արտաքին գործերի նախարարություն է հրավիրվել երկրում Ռուսաստանի շահերը ներկայացնող Շվեյցարիայի դեսպան Գյունտեր Բախլերը: Վրաց դիվանագետները նրան են հանձնել բողոքի պաշտոնական նոտան` նշելով, որ սահմանագծի փոփոխությունը Թբիլիսիի համար անընդունելի է: «Ռուսաստանի այս քայլը սադրիչ բնույթ ունի, և դրա իրական նպատակը տարածաշրջանի ապակայունացումն է», - նշված է բողոքի նոտայում:

XS
SM
MD
LG