Մատչելիության հղումներ

Հայաստանի արտաքին պարտքն ավելի արագ է աճում, քան արտահանումը


Հայաստանի արտաքին պարտքն ավելի արագ է աճում, քան արտահանումը
please wait

No media source currently available

0:00 0:03:10 0:00

2008-ի տնտեսական ճգնաժամից ի վեր Հայաստանի արտաքին պարտքը ավելի քան երեք անգամ արագ է աճել, քան արտահանումը:

Պաշտոնական տվյալների համաձայն, 2008-ին Հայաստանի արտաքին պարտքը 1 միլիարդ 577.1 միլիոն ԱՄՆ դոլար էր, իսկ 2014-ը փակել ենք 3 միլիարդ 785.3 միլիոնով:

Այդ ընթացքում արտահանումը 1 միլիարդ 69.1 միլիոն ԱՄՆ դոլարից հասել է 1 միլիարդ 519.3 միլիոնի: Արդյունքում՝ արտաքին պարտքը աճել է շուրջ 140 տոկոսով, արտահանումը՝ մոտ 42 տոկոսով:

«Ազատության» հետ զրույցում տնտեսագետ, Arrow Global Ltd ներդրումային ընկերության տնօրեն Սամսոն Ավետյանը կարևորեց արտահանումը, որովհետև արտահանման միջոցով երկիրը արտարժույթ է ստանում, որով մարում է արտարժույթով վերցրած արտաքին պարտքը: Ուստի որքան համեստ է արտահանումը, այդքան արտաքին պարտավորությունները մարելը դժվար է․ - «Եթե նայենք զարգացող երկրներին, որոնք իսկապես մեծ ճգնաժամներ են ունեցել, սովորաբար այդ ճգնաժամների հիմքում կանգնած են հենց արտաքին պարտքերը»:

Եթե ի մի բերենք նաև այս տարվա տվյալները, ապա պատկերն ավելի մռայլ կդառնա: Հուլիսի սկզբին խորհրդարանի վավերացրած ռուսական 200 միլիոն դոլար վարկը ներառյալ՝ Հայաստանի արտաքին պարտքը կազմում է 4 միլիարդ 186.1 միլիոն ԱՄՆ դոլար, կամ նախորդ տարվա վերջի դրությամբ այն ավելացել է 10.58 տոկոսով: Մինչդեռ, Ազգային վիճակագրական ծառայության տվյալներով, այս տարվա առաջին հինգ ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, Հայաստանի արտահանումը կրճատվել է 15.7 տոկոսով և կազմել 488.7 միլիոն դոլար:

2008-2009 թվականների ֆինանսատնտեսական ճգնաժամից հետո Հայաստանի իշխանությունները հայտարարեցին, որ տնտեսական զարգացման ռազմավարությունը փոխվում է և «շինարարական փուչիկից» անցում է կատարվելու արտահանման խթանմանը: 2011 թվականի դեկտեմբերի 15-ին Տիգրան Սարգսյանի կառավարությունը հավանության արժանացրեց «Հայաստանի Հանրապետությունում արտահանմանն ուղղված արդյունաբերական քաղաքականության ռազմավարությունը», ըստ որի նախատեսված էր 2020 թվականը փակել արտահանման եռապատիկ աճով՝ այն հասցնելով մինչև 3.3 միլիարդ դոլարի:

Տնտեսագետները թերահավատ են, թե իշխանություններին կհաջողվի եռապատկել արտահանումը: Միայն նշենք, որ նախորդ չորս տարիներին՝ 2011-2014 թվականներին դոլարով արտահայտված արտահանումը աճել է ընդամենը 14.2 տոկոսով:

«Եթե մենք նայենք Հունաստանին, և այստեղ զուգահեռները, ցավոք սրտի, շատ են մեր հետ՝ արտահանման պակասուրդ և այլն, ի վերջո սկսում են վարկատուները որոշել, թե ինչ տիպի քաղաքականություն դու պիտի վարես», - ասաց Սամսոն Ավետյանը:

Օրերս The Guardian պարբերականը հրապարակեց Jubilee Debt Campaign հետազոտական կենտրոնի ուսումնասիրությանը, ըստ որի Հայաստանն այն 22 երկրների շարքում է, որոնք ճգնաժամի մեջ են՝ կապված արտաքին պարտքի հետ: Ըստ հրապարակման, ճգնաժամային է այն երկրի վիճակը, որի արտաքին պարտքը գերազանցում է ՀՆԱ-ի 30 տոկոսը, և այդ երկիրը արտաքին պարտքի մարման համար հատկացրել է իր տարեկան եկամտի 15 տոկոսից ավելին:

Կենտրոնի տվյալներով, 2013-ին Հայաստանը արտաքին պարտքի մարմանն ուղղել է իր պետեկամուտների 23.4 տոկոսը, և այդ տարի երկրի արտաքին պարտքը կազմել է ՀՆԱ-ի 43 տոկոսը:

Տնտեսագետ Բաբկեն Թունյանը «Ազատությանը» փոխանցեց, որ այդ տարի Հայաստանը վաղաժամ մարել էր Ռուսաստանից ավելի վաղ վերցրած կես միլիարդ դոլար վարկը և ճգնաժամային երկրների ցուցակում հայտնվել միայն այդ պատճառով: Պատկերը լիովին այլ է հաջորդ տարիներին: Օրինակ, 2015-ի պետբյուջեով Հայաստանը արտաքին պարտքի մարմանն ուղղելու է իր եկամուտների միայն 3.3 տոկոսը կամ 38.6 միլիարդ դրամ:

Սակայն Թունյանը հիշեցրեց, որ կառավարության նախաձեռնությամբ խորհրդարանը հունիսին ընդունեց մի օրինագիծ, ըստ որի Կենտրոնական բանկի վերցրած պարտքը այսուհետ չի ներառվելու պետական պարտքի մեջ, ինչը հնարավորություն է տալիս կառավարությանը նոր պարտքեր վերցնել: Հայաստանի օրենսդրության համաձայն, երկրի պետական պարտքը՝ արտաքին ու ներքին պարտքը միասին, չի կարող գերազանցել նախորդ տարվա ՀՆԱ-ի 60 տոկոսը: Օրենսդրական այդ փոփոխության համաձայն, այսուհետև նշված սահմանափակման ներքո են ընկնելու միայն կառավարության վերցրած պարտքերը, և չեն հաշվարկվելու Կենտրոնական բանկի պարտավորությունները:

«Տիգրան Սարգսյանի կառավարությունը քննադատվեց ահագին այդ ներգրաված վարկերի համար․ ոչ միայն ծավալի, այլև դրանց օգտագործման արդյունավետության առումով: Բայց երբ նայում ենք ներկայիս կառավարության գործելաոճին, ստացվում է, որ մենք էլի նույն ճանապարհով ուզում ենք շարունակել», - ասաց Թունյանը:

Ֆինանսների նախարարությունից այսօր մեկնաբանություն չտվեցին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG