Մատչելիության հղումներ

Դատախազություն․ «Ո՛չ թալանին»-ի մատնանշած փաստերով քրգործը հարուցվել է դեռ հուլիսի 2-ին


Հունիսի 23-ի իրադարձությունները Երևանի Բաղրամյան պողոտայում
Հունիսի 23-ի իրադարձությունները Երևանի Բաղրամյան պողոտայում

Հայաստանի գլխավոր դատախազությունը այսօր արձագանքել է երկու օր առաջ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության փոխանցած նամակին՝ հայտարարելով, որ դրանում բերված փաստերի կապակցությամբ քրեական գործ հարուցվել է դեռևս հուլիսի 2-ին:

Իր հաղորդագրությունում նշելով, որ հուլիսի 14-ին ստացել է «Ո՛չ թալանին»-ի նամակը, որով «նախաձեռնության հեղինակները խնդրել են նամակում նշված փաստերի հիման վրա հարուցել քրեական գործ՝ պատշաճ դատավարական ղեկավարում և դատախազական հսկողություն իրականացնել նախաքննության նկատմամբ, ոստիկանության գործողություններին տալ իրավական գնահատական և պատժել մեղավորներին», Գլխավոր դատախազությունը շարունակում է․ - «Նամակում բերված փաստերի, այն է՝ 2015 թվականի հունիսի 23-ին Բաղրամյան պողոտայում էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման դեմ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության կազմակերպած հավաքը, ապա նստացույցը դադարեցնելու նպատակով իրականացվող հատուկ միջոցառումների ընթացքում, պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից, իրենց լիազորությունների շրջանակից դուրս գալու, Բաղրամյան պողոտայում, Ազատության հրապարակում, հարակից տարածքներում և ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումներում հավաքի մասնակիցների և իրադարձությունները լուսաբանող մի շարք լրագրողների նկատմամբ բռնություն գործադրելու, մարմնական վնասվածքներ պատճառելու, դիտավորությամբ գույքը ոչնչացնելու միջոցով լրագրողների մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ հրապարակումները, տեսաձայնագրությունները, ինչպես նաև Հելսինկյան ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահի գրությունը, դեռևս հունիսի 24-ին ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր գործերով քննության վարչության կողմից ուղարկվել են ՀՀ հատուկ քննչական ծառայություն` համապատասխան ընթացք տալու համար»:

«Նկատի ունենալով, որ նախապատրաստված նյութերն առերևույթ պարունակում են պետական հատուկ ծառայություն իրականացնող անձանց կողմից ենթադրաբար կատարված, ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 2-րդ, 185-րդ հոդվածի 1-ին և 309-րդ հոդվածի 2-րդ մասերով նախատեսված հանցագործությունների հատկանիշներ՝ դեռևս հուլիսի 2-ին հարուցվել է քրեական գործ՝

1. ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասով (Պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից և էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին, հասարակության կամ պետության օրինական շահերին, որը զուգորդվել է բռնություն, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով),

2. 164-րդ հոդվածի 2-րդ մասով (Լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելը կամ նրան տեղեկություններ տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը` որոնք կատարել է պաշտոնատար անձն իր պաշտոնեական դիրքն օգտագործելով),

3. 185-րդ հոդվածի 1-ին մասով (Ուրիշի գույքը դիտավորությամբ ոչնչացնելը կամ վնասելը, որը զգալի չափերի վնաս է պատճառել)», - ասված է հաղորդագրությունում:

Գլխավոր դատախազությունը հայտնում է նաև, թե «նկատի ունենալով, որ «Ո՛չ թալանին» քաղաքացիական նախաձեռնության նամակում նշված փաստերի առթիվ արդեն իսկ կա հարուցված քրեական գործ, այնուամենայնիվ, վերոնշյալ նամակն ուղարկել է նախաքննությունն իրականացնող մարմնին՝ համապատասխան ընթացք տալու համար»:

Հարուցված քրեական գործով նախաքննությունն իրականացնում է Հատուկ քննչական ծառայությունը, ասված է հաղորդագրությունում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG