Մատչելիության հղումներ

Սեյրան Օհանյանը չհերքեց, որ հայկական զինուժը դիրքային բարելավում է ունեցել


ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ
ՀՀ Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյան, արխիվ

Ըստ Պաշտպանության նախարարի, նոր ձեռք բերվելիք սպառազինությունն արդեն ընտրված է, այն կլինի «ժամանակակից, ավելի շատ պաշտպանողական, նաև կանխարգելիչ»:

Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն այսօր «Ազատության» հարցին ի պատասխան, չհերքեց, որ օրերս հայկական զինուժը Ադրբեջանի հետ սահմանագծին դիրքային բարելավում է ունեցել։

Համացանցում տեսանյութ է տարածվել, որի համաձայն, հունիսի 26-ին Նախիջևանի հետ սահմանին տեղի ունեցած ռազմական գործողությունների արդյունքում հայկական կողմը դիրքային առաջխաղացում է ունեցել։ Սեյրան Օհանյանն այս առնչությամբ ասաց. - «Ինժեներական սարքավորումների կատարելագործման, դիրքերի բարելավման ուղղությամբ աշխատանքները Հայաստանի զինված ուժերի առաջին գծի զորամասերի համար շարունակական բնույթ են կրել և կրելու են»:

Պաշտոնական հաղորդագրության համաձայն, այդ օրը Նախիջանի հետ սահմանին հակառակորդը կրակ էր բացել հայկական կողմի ուղղությամբ՝ օգտագործելով մեծ տրամաչափի զենք, ինչի հետևանքով մեկ հայ զինծառայող էր զոհվել։

Նախարար Օհանյանը, մեկնաբանելով շփման գծում պարբերաբար ակտիվացող ռազմական գործողությունները, իրավիճակը վերահսկելի գնահատեց:

«Շփման գծում մեր զինծառայողները հաստատակամ են, ունեն բարձր մարտական ոգի: Որքան էլ մերթ ընդ մերթ կրակոցներ են լինում, եթե դրանք նշանացուցված են, ապա համարժեք պատասխան են ստանում, եթե անկանոն են, իհարկե պատասխան չի տրվում: Միաժամանակ նաև համապատասխան գործողություններով, մարտական հաշվարկների, մարտական խնդիրների իրականացման պատրաստակամության շնորհիվ այդ զսպման մեխանիզմներն այսօր ստեղծված են, որպեսզի ամեն ինչ անենք հրադադարի ռեժիմը պահպանելու համար»,- ասաց Օհանյանը:

Օրերս հայտնի դարձավ, որ Հայաստանը Ռուսաստանից 200 միլիոն դոլարի վարկ կստանա, որը կուղղի նորագույն սպառազինության ձեռքբերմանը: Այս կապակցությամբ Պաշտպանության նախարարը նշեց. - «Զինատեսակներն արդեն իսկ ընտրված են, նաև ճշգրտումներ են կատարվում, դրանք ժամանակակից են, ավելի շատ պաշտպանողական են, նաև կանխարգելիչ են: Դրանք հիմք են ստեղծելու զսպման մեխանիզմների ձևավորման համար»:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG