Մատչելիության հղումներ

ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել ծեծկռտուքի պատճառով մահացած աշակերտի գործը


ՄԻԵԴ-ը վարույթ է ընդունել ծեծկռտուքի պատճառով մահացած աշակերտի գործը
please wait

No media source currently available

0:00 0:03:52 0:00

Դերենիկ Գասպարյանի մահից հինգ տարի է անցել, սակայն Հայաստանի իրավապահ մարմիններն այդպես էլ որևէ մեկին պատասխանատվության չեն ենթարկել:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը վարույթ է ընդունել հինգ տարի առաջ Չարենցավանի դպրոցներից մեկում ծեծկռտուքի պատճառով մահացած տասնամյա Դերենիկ Գասպարյանի գործը:

Հայաստանի իրավապահ մարմիններն այդպես էլ որևէ մեկին պատասխանատվության չեն ենթարկել: Դերենիկը մահացել է անչափահաս համադասարանցիների կողմից ծեծի ենթարկվելուց հետո։ Երեխայի հարազատների շահերի պաշտպան Արայիկ Զալյանը մեղադրում է ուսուցչին, ով բացակայել է դասարանից՝ առանց վերահսկողության թողնելով անչափահասներին:

Եվրոպական դատարանը մի շարք հարցեր է ուղղել Հայաստանի կառավարությանը․ արդյո՞ք տեղի է ունեցել երեխայի կյանքի իրավունքի խախտում, և արդյո՞ք արդյունավետ քննություն է տարվել:

Մինչև Հայաստանի կառավարությունը կպատասխանի Մարդու իրավունքների եվրոպական դատարանի այս հարցադրումներին, փաստաբանը պնդում է՝ երկու կետով էլ գործում խախտումներն առկա են։

«Կյանքի իրավունքի խախտումը միանշանակ առկա է, և արդյունավետ քննությունը միանշանակ տվյալ գործի շրջանակներում բացակայում է, և տվյալ երկու հոդվածների հետ կապված միանշանակ պետք է կայացնի համապատասխան դատական ակտ։ Տվյալ դատական ակտը հնարավորություն կտա նաև վերանայման վարույթ հարուցելու Հայաստանի Հանրապետությունում։ Կհանգեցնի նրան, որ տվյալ անձինք կենթարկվեն համապատասխան պատասխանատվության», - ասաց փաստաբանը։

Երեխայի հարազատները պնդում են՝ պատասխանատվության պետք է ենթարկվեն թե՛ տնօրենը, թե՛ դասղեկը, և թե՛ ուսուցչուհին, ով աշակերտներից մեկի ցուցմունքի համաձայն՝ ծեծկռտուքի պահին սուրճ խմելիս է եղել ուսուցչանոցում:

Ըստ նախաքննական մարմնի, սակայն, ուսուցիչը չէր կարող կանխատեսել Դերենիկի կյանքին սպառնացող վտանգը դասասենյակից դուրս գալիս, իսկ Դերենիկի հետ վիճաբանած երկու աշակերտի հանդեպ քրեական հետապնդում չի իրականացվել, որովհետև նրանք անչափահաս են եղել:

Երեխայի պապը՝ Դերենիկ Մկրտչյանն ու մայրը՝ Գայանե Մկրտչյանը, առ այսօր սպասում են, որ որևէ մեկը պատասխանատվության կենթարկվի:

«Երեխեն ողջ-առողջ ստեղ հեծանիվ էր քշում, ասեց՝ «պապի, հաջող», գնաց քննության ու տենց էլ գնաց ու գնաց, մի ժամ հետո զանգեցին, ասեցին՝ երեխան մահացել է։ Այ մարդ, իմանանք, տենանք սկի մեկը չի՞, որ պիտի պատասխան տա», - ասաց պապը։

Մայրն էլ հավելեց. - «Բոլորը թող պատասխանատվության ենթարկվեն՝ դասղեկը, մաթեմատիկայի ուսուցչուհին. շուտ կանչել է ու երեխեքի մոտ չի մնացել»։

Ըստ դատաբժշկական փորձաքննության եզրակացության, երեխան վատառողջ է եղել, և ստացած հարվածները կարող էին նպաստել նրա մոտ էպիլեպսիկ նոպայի առաջացմանը, ինչն էլ հանգեցրել է մահվան: Երեխայի տատը չի ընդունում այս բացատրությունը, պնդում է, որ դատաբժիշկները չեղած հիվանդություններ են վերագրել թոռանը, մինչդեռ իրականում երեխան մահացել է քունքին ստացած հարվածից:

«Մահից հետո ուռած էր էդ հատվածը, զգացվում էր, որ էրեխուն ուժեղ հարված է կպել, որ խփել են, էրեխեն ընկել է, գլուխը կպել է սեղանին թե ինչին՝ շունչը կտրվել է։ Էրեխեքը տեսել են, որ վատ է, վազել են, որ դասղեկին բերեն, տեսել են՝ նստած սուրճ է խմում», - պատմեց տատը։

Եվրոպական դատարանի արձագանքը հուսադրել է մահացած երեխայի հարազատներին, որ սայլը տեղից կշարժվի: Գործով զբաղվող փաստաբանը, սակայն, շատ քիչ դեպքեր է հիշում, երբ Հայաստանի կառավարությունն ընդունել է իր թերություններն ու բացթողումները:

«Երբ կոնկրետ գործերով նայում ենք, թե կառավարությունը ինչ դիրքորոշում է բռնել Եվրոպական դատարանի առջև՝ միշտ պաշտպանողական, միշտ մտացածին ինչ-որ պատասխաններ և առարկություններ է ներկայացնում ինձ հանդիպած գործերում։ Չի եղել դեպք, որ ընդունի՝ դա նկատի ունեմ», - ասաց փաստաբանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG