Մատչելիության հղումներ

Քաղաքապետարանի դեմ աննախադեպ դատը շահած քաղաքացին պահանջում է վերականգնել իր իրավունքները


Քաղաքապետարանի դեմ աննախադեպ դատը շահած քաղաքացին պահանջում է վերականգնել իր իրավունքները
please wait

No media source currently available

0:00 0:04:40 0:00

Ներսիսյանները պնդում են, որ իրենց տան դիմաց կառուցված բարձրահարկը պետք է քանդվի, հակառակ դեպքում դրամական փոխհատուցում են պահանջում։

Երևանի կենտրոնում գտնվող Ներսիսյանների առանձնատան հարևանությամբ բարձրահարկ շենքի կառուցումը խախտել է նրանց իրավունքները: Նելսոն Ներսիսյանը «Ազատության» հետ զրույցում ասաց, որ այս մասին վճիռ կայացրել է դատարանը: Վարչական դատարանը մեկ տարի առաջ կայացրած այս ուշագրավ վճռով օրենքին հակասող ճանաչեց Ներսիսյանների տան հարևանությամբ կառուցված բարձրահարկ շենքի շինթույլտվությունը, որի պատճառով ընտանիքը չի կարողացել վաճառել տունը և փակել ունեցած պարտքը:

Քաղաքապետարանը բողոքարկեց վճիռը, սակայն և՛ Վերաքննիչ և Վճռաբեկ դատարանները, շուրջ մեկ տարի շարունակված դատական վեճերի արդյունքում, ուժի մեջ թողեցին հօգուտ քաղաքացու կայացված վճիռը:

«Թույլտվությո՞ւնը․․․ Ես չեմ ուզում ասել, որ ստեղ կոռուպցիոն ռիսկեր կան, որովհետև ապացույց չունեմ ձեռքս, բայց, ինքներդ ենթադրեք՝ քաղաքի գլխավոր ճարտարապետը էս խախտումները ինչի համար ա արել: Արդյո՞ք նրանց սև ու սիրուն աչքերի համար, կառուցապատողի», - ասաց Նելսոն Ներսիսյանը:

Ներսիսյանը նախկին խուզարկու է: Շինարարության ժամանակ տեղի ունեցած խախտումները արձանագրել է տնտեսական հանցագործությունների ոլորտում մասնագիտացած աչքով․ կեղծված ակտեր և կառավարության որոշում, արդյունքում՝ նախապես խոստացված եռահարկ պոլիկլինիկայի փոխարեն տան կողքին վեր խոյացավ 18-հարկանի բարձրահարկը:

«Ընդամենը մեկ մետրուկես է այ էս տարածությունը, մինչդեռ շենքի եզրագծող ճանապարհը պետք է լինի 3.5 մետր հեռավորության վրա և ունենա 12.5 մետր լայնություն: Հիմա, Աստված չանի, եթե հրդեհ լինի էնտեղ կամ էստեղ, ո՞նց են հանգցնելու», - դժգոհեց Ներսիսյանը:

Ներսիսյանները պատմեցին, որ 120 հազար դոլարի պարտավորություն ունեն Ֆինանսների նախարարությանը: Ընտանիքը պարտավորվել էր վաճառել տունը և վերադարձնել պարտքը: Քառահարկ առանձնատունը գնահատվել էր 425 հազար դոլար, մինչդեռ դրանից 1.5 մետր հեռավորությամբ բարձրահարկի շինարարությունն սկսելուն պես տան գինն օրեցօր ընկել է: Պատմում են, որ ոչ ոք չէր համաձայնում տուն ձեռք բերել շինարարության կողքին, հատկապես այն բանից հետո, երբ վերամբարձ կռունկի սլաքը շուռ եկավ և հայտնվեց տան բակում:

«Էդ մեխանիկական մուրճով որ փորում էին, մի անտանելի իրավիճակ էր: Աշխատում էին առավոտ 8-ից մինչև մութը ընկնելը: Մութը ընկնելուց հետո էլ պրոժեկտորները վառում էին ու աշխատում: Մի անմարդկային իրավիճակ, որ դրանից հետո ինֆարկտն էլ այցելեց», - պատմեց Գոհար Ներսիսյանը:

Նելսոն Ներսիսյանն էլ, մեջբերելով Սահմանադրությունը, նշեց, որ իր խախտված իրավունքները ենթակա են վերականգնման, և որ պատրաստվում է դիմել քաղաքապետին՝ պահանջելով, որպեսզի իր տան կողքին կառուցված բարձրահարկը քանդվի: Եթե քաղաքապետարանը չհամաձայնի, պետք է մարի պետության առջև իր ունեցած պարտավորությունները, պնդում է Ներսիսյանը և հավելում, թե դատարանում իր տարած հաղթանակը փաստում է, որ անօրինական որոշումների դեմ պայքարելը բարդ է, բայց ոչ անհնարին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG