Մատչելիության հղումներ

Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչները պահանջում են պահպանել իրենց շենքերը


Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերի բնակիչները պահանջում են պահպանել իրենց շենքերը
please wait

No media source currently available

0:00 0:03:17 0:00

Նրան այսօր նամակ հանձնեցին նախագահին։

«Բռնել թալանչի Մայրապետյանի ձեռքը», «Գերակա շահ չի նշանակում թալան». այսպիսի պաստառներով իրացման գոտու բնակիչները շարժվեցին դեպի նախագահի նստավայր: Քանդելու փոխարեն իրենց շենքերը երեսպատելու պահանջով՝ Հյուսիսային պողոտային հարակից մի քանի շենքերի բնակիչները նամակից բացի Բաղրամյան 26 էին տարել իրենց զորակցող 18 հազարից ավելի մարդկանց ստորագրություններ։

«Հարցադրումը եղել էր հետևյալը՝ հարգելի հայրենակիցներ, համաքաղաքացիներ, համաձա՞յն եք, որ Տերյան 23, 25 և Լալայանց 37 շենքերը չքանդվեն, երեսպատվեն, բարեկարգվեն», - «Ազատության» հետ զրույցում ասաց շենքի բնակիչ Վարդան Գերավետյանը։

Սամվել Մայրապետյանին և նրա կնոջը՝ Երևանի պետական բժշկական համալսարանի նախկին ռեկտոր Գոհար Քյալյանին պատկանող «Լոկալ Դիվելոփըրս» ընկերությունը գերակա շահ ճանաչված այս շենքերի տարածքում մտադիր է հյուրանոց վեր խոյացնել, իսկ բնակիչներին իրենց այժմյան տների մակերեսով բնակարաններ է առաջարկում հենց իրենց բակի նորակառույց բարձրահարկում:

Բնակիչների մի մասն ընդունել է այդ առաջարկը, ոմանք գումարներն են վերցրել, իսկ 25-ից ավելի սեփականատերեր պնդում են, որ չեն ազատելու տները:

Կառուցապատող Մայրապետյանը «Ազատության» հետ զրույցում հավաստիացրել էր, որ անցնող ինը տարիների ընթացքում անձամբ բանակցել է գրեթե բոլոր բնակիչների հետ։

«Բնականաբար Սամվել Մայրապետյանը այդպես պետք է ասի։ Մարդիկ են եղել, որ դուրս են եկել, օրինակ, առաջին կառավարության որոշման ժամանակ, մի մասը՝ երկրորդ, բնականաբար, եթե նա պայմանագիր է կնքում, գնում է, շփվում է Սամվել Մայրապետյանի հետ», - ասաց Գերավետյանը։

«Եթե պայքարում են, որ շենքը չքանդվի՝ դրա հասցեատերը ես չեմ: Ես մրցույթը շահել եմ, շենքն էլ քանդվելու է», - «Ազատությանը» փոխանցել էր Մայրապետյանը՝ նույնիսկ ավելորդ համարելով թեման քննարկելը: Ասում է՝ թող դատարանը որոշի՝ ով է ճիշտ, ով՝ սխալ:

Մինչդեռ բնակիչները, որոնց հայցերն արդեն դատարանում են, պնդում են, թե այստեղ էլ է պաշտպանվում Մայրապետյանի շահը, ոտնահարվում՝ իրենց իրավունքը։

«Տեսնելով դատարանի կողմնապահությունը, ես խնդրեցի ներգրավել փաստաբան, որը հստակ կերպով դատավորը մերժեց», - ասաց Գերավետյանը։

Մեկ այլ բնակիչ էլ նշեց. - «Մեր իրավունքները պաշտպանված չեն եղել։ Նույնիսկ ես դատին ներկա չեմ եղել, ես ծանուցված չեմ եղել։ Հարևանները մեզ տեղյակ պահեցին, մենք գնացինք դատարան և դիմում գրեցինք, որպեսզի մեզ փաստաբան տրամադրեն, բայց դա էլ թույլ չտվեցին»։

Բնակիչներից Կարեն Ֆիլոյանը չի պատրաստվում ապրել Մայրապետյանի կառուցած նոր բարձրահարկում։ Մասնագիտությամբ ինժեներն իր աչքով է տեսել՝ շենքն անորակ է: Չի վերցնի նաև գործարարի առաջարկած փոխհատուցում գումարը:

73 տարի ապրելով քաղաքի կենտրոնում, Ֆիլոյանը չի պատկերացնում՝ ինչո՞ւ պետք է որևէ մեկի բիզնես շահի համար ազատի տունը։

«Ես կլքեմ իմ բնակարանը մենակ այն ժամանակ, երբ որ մեր բոլոր՝ 25 բնակարանները պայմանավորվեն, որ լքում են։ Ես մենակովս հարց չունեմ լուծելու, եթե նույնիսկ ինձ տան մեկ միլիարդ դոլար», - ասաց Ֆիլոյանը։

Ավելի քան ութ տարվա պայքարի ընթացքում սա նախագահական հանձնված արդեն չորրորդ նամակն էր: Վարդան Գերավետյանն ասում է, որ գոհացնող պատասխան երբեք չեն ստացել: Բայց հույսը չեն կորցրել, Սերժ Սարգսյանին խնդրում են միջնորդել, որ գործերը վերանայվեն, շենքն էլ՝ երեսպատելով պահպանեն։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG