Մատչելիության հղումներ

Իրանի դեսպան․ «Օգոստոսին սպասվում է ԻԻՀ փոխնախագահի այցը Հայաստան»


Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսի, հուլիսի 24, 2015թ․
Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսի, հուլիսի 24, 2015թ․

«Իրանի նկատմամբ պատժամիջոցների վերացումը կոնկրետ ազդեցություն կունենա Հայաստան-Իրան հարաբերությունների վրա», - հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեիսին:

«Պատժամիջոցների վերացումից հետո Իրանը կկարողանա է՛լ ավելի զարգացնել հարևանների հետ հարաբերությունները: Մենք Հայաստանի հետ շատ լավ հարաբերություններ ունենք, և այդ հարաբերություններն ավելի կզարգանան», - վստահություն հայտնեց Ռեյիսին:

Տարիներ ի վեր Հայաստանի և Իրանի ներկայացուցիչներն ամենաբարձր մակարդակով խոսում են մի շարք համատեղ նախագծերի, այդ թվում՝ Մեղրիի ՀԷԿ-ի, Իրան-Հայաստան երկաթուղու, բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման մասին, սակայն գործը տեղից չի շարժվում: Իսկ մեկ այլ խոշոր նախագծի՝ Հայաստանում Իրանի սահմանի մոտ նավթավերամշակման գործարանի կառուցման մասին այլևս չեն էլ խոսում:

Իրանի դեսպանն, այդուհանդերձ, վստահ է, որ առաջիկայում սպասվող պաշտոնական այցերը նոր խթան կհանդիսանան երկկողմ հարաբերությունների զարգացման համար: «Հավանաբար առաջիկա մեկ ամսվա ընթացքում Հայաստան կայցելի Իրանի փոխնախագահի գլխավորած պատվիրակությունը: Այդ այցը Հայաստանի վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ Իրան կատարած այցի պատասխանն է: Եթե այդ մակարդակի այցը կայանա, այն անշուշտ իր ազդեցությունը կթողնի մեր հարաբերությունների վրա», - ասաց Ռեիսին:

«Լուրջ ներդրողներ առայժմ չկան»

Դեսպանին խնդրեցինք պարզաբանել՝ հատկապես ի՞նչ հարցերի շուրջ է Իրանի փոխնախագահը բանակցություններ վարելու Երևանում:

«Իրանի փոխնախագահ Ջահանգիրիի այցի ընթացքում նախ և առաջ քննարկվելու է Հայաստան-Իրան բարձրավոլտ էլեկտրահաղորդման 3-րդ գծի կառուցման հարցը: Այդ նախագիծը բավական լուրջ ներդրումների կարիք ունի: Թերևս տեղյակ եք, որ Իրանի ֆինանսական կարողությունները դեռևս սառեցված են, և ժամանակ է հարկավոր, որպեսզի այդ գումարները ամբողջովին ապասառեցվեն: Իրանի նպատակն է կյանքի կոչել այն նախագծերը, որոնք ստորագրվել են Հայաստանի հետ», - ասաց դեսպանը:

Իրանցի դիվանագետն անդրադարձավ նաև Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման նախագծին: «Այդ երկաթգծի կառուցման համար հարկավոր է 3 միլիարդ 200 միլիոն դոլար: Որպեսզի այն կյանքի կոչվի, ներդրող է պետք: Լուրջ ներդրող առայժմ չի գտնվել», - ասաց դեսպանը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG