Մատչելիության հղումներ

Հայաստանի հավաքականը՝ E խմբում


Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, Նեապոլ, հոկտեմբեր, 2013թ.
Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը, Նեապոլ, հոկտեմբեր, 2013թ.

Անցած շաբաթավերեջին Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաք Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլի վիճակահանությունը: Հայաստանի հավաքականը հայտվել է E խմբում, որտեղ նրա մրցակիցներն են Ռումինիայի, Դանիայի, Լեհաստանի, Մոնտենեգրոյի և Ղազախստանի ազգային հավաքականները։

Ռումինացիների հետ հայաստանցի ֆուտբոլիստները խաղացել են երեք անգամ, երկու պաշտոնական հանդիպումներից առաջինը Երևանում ավարտվել է 1:1 հաշվով, երկրորդն արդեն Ռումինիայում ավարտվել է տանտերերի խոշոր հաղթանակով` 3:0: Եվս մեկ հանդիպում էլ ընկերական էր, ռումինացիները հաղթել են 2:0 հաշվով։

Հայկական ֆուտբոլի ամենահիշարժան նվաճումներից մեկը կապված է Դանիայի հետ։ Այդ թիմի հետ Հայաստանի հավաքականը խաղացել է հինգ անգամ: Առաջին երկու հանդիպումները տեղի են ունեցել Եվրո-1996-ի ընտրական փուլում, երկուսում էլ Հայաստանը պարտվել է` տանը՝ 0:2, և դրսում՝ 1:3 հաշվով։ Իսկ հետո գրեթե երկու տասնամյակ անց հայաստանցի ֆուտբոլիստները 2013 թվականի հունիսի 11-ին եթե ոչ համաշխարհային, ապա համաեվրոպական սենսացիա են արել` դրսում Դանիային հաղթել են 4:0 հաշվով։ Այդ տարի էր Հայաստանի հավաքականը ձեռք բերել անկանխատեսելի թիմի համբավը, ջախջախիչ պարտությունների էր մատնել Սլովակիային, բայց սեպտեմբերի 10-ին Երևանում զիջել է Դանիային 0:1 հաշվով։ Անցյալ տարվա սեպտեմբերի 7-ին Հայաստանի հավաքականը Եվրո-2016-ի ընտրական փուլի շրջանակում Դանիայում պարտվել է 1:2 հաշվով, իսկ պատասխան խաղը Երևանում տեղի կունենա արդեն այս տարվա սեպտեմբերի 7-ին։

Լեհաստանի թիմի հետ Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստները հանդիպել են հինգ անգամ, 2007 թվականի հունիսի 6-ին Երևանում հաղթել են 1:0 հաշվով, մինչ այդ, նույն տարվա մարտի 28-ին Լեհաստանում պարտվել նույն հաշվով։ 2002 թվականի մարտի 28-ին է՛լ ավելի տխուր արդյունք էր` 0:3, բայց հունիսի 6-ին ոչ-ոքի` 1:1 հաշվով։ Իսկ առաջին խաղում հեռավոր 1999-ի մարտի 3-ին Հայաստանի թիմը դրսում 0:1 հաշվով է պարտվել։

Մոնտենեգրոյի ազգային հավաքականի հետ հայաստանցի ֆուտբոլիստները երբևէ չեն մրցել։

Ղազախստանի հավաքականի հետ Հայաստանի ընտրանին անցկացրել է հինգ հանդիպում, արդյունքը վատ չէ` երեք հաղթանակ, մեկական ոչ-ոքի և պարտություն։ 2004-ի փետրվարի 19-ին Կիպրոսում երկու թիմերի հանդիպումն ավարտվել է 3:3 հաշվով, 11-մետրանոցներով մերոնք զիջել են։ 2007-ին Հայաստանը Եվրո-2008-ի ընտրական փուլում Ղազախստանում հաղթել է 2:1 հաշվով, իսկ տանը ղազախներին պարտվել է 0:1 հաշվով։ 2008-ին ընկերական հանդիպում էր, Հայաստանը հաղթել է 1:0 հաշվով, 2012-ին էլ ընկերական հանդիպում էր, որն ավարտվել է Հայաստանի հավաքականի խոշոր՝ 3:0 հաշվով հաղթանակով։

Ֆուտբոլի 2018 թվականի աշխարհի առաջնության ընտրական փուլում պայքարում են 52 հավաքականներ Եվրոպայից, Ռուսաստանը տանտիրոջ իրավունքով արդեն վաստակել է ուղեգիրը։ Աֆրիկայից մասնակցում է 53 թիմ, Ասիայից՝ 45, Հյուսիսային, Կենտրոնական Ամերիկաներից և Կարիբյան շրջանից՝ 35 թիմ, Օվկիանիայից՝ 11 թիմ, Հարավային Ամերիկայից՝ 10 թիմ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG