Մատչելիության հղումներ

Այսօր սկսվել է Յունուսների դատավարությունը


Այսօր սկսվել է Յունուսների դատավարությունը
please wait

No media source currently available

0:00 0:03:08 0:00

Լեյլա Յունուսը դատավորներին և դատախազին դահիճ է անվանել՝ հայտարարելով․ - «Սա 30-ականների դատավարություն է»:

Այսօր Բաքվում մեկնարկել է պետական դավաճանության, մեքենայությունների, խաբեության, հարկերից խուսափելու և ապօրինի ձեռնարկատիրության մեջ մեղադրվող ամուսիններ Լեյլա և Արիֆ Յունուսների դատավարությունը։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ, կարգադրիչները դատարանի դահլիճ են թողել միայն իշխանամետ լրատվամիջոցների աշխատակիցներին։ Անկախ լրագրողների, քաղաքացիական հասարակության, քաղաքական կուսակցությունների, ինչպես նաև արտասահմանյան դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչների մուտքն արգելվել է։

59-ամյա Լեյլան և 60-ամյա Արիֆը, իրավապաշտպանների համոզմամբ, բանտում են հայտնվել շինծու մեղադրանքով, նրանց դատում են իրականում միայն այն բանի համար, որ ամուսինները համառորեն և փաստերով քննադատել են նախագահ Իլհամ Ալիևի վարած քաղաքականությունը։

Լեյլա Յունուսը պետության կողմից չգրանցված հասարակական կազմակերպության` Խաղաղության և ժողովրդավարության ինստիտուտի տնօրենն է, իրավապաշտպանության համար արժանացել է մրցանակների։ Նա անմիջական երկխոսություն էր հաստատել հայերի հետ։

Նրա ամուսինը` պատմաբան և կոնֆլիկտագետ Արիֆ Յունուսը մի շարք աշխատություններ է գրել ղարաբաղյան հակամարտության թեմայով։

Այսօր ամուսինների փաստաբանները ներկայացրել են մի շարք միջնորդություններ, այդ թվում՝ իրենց պաշտպանյալների խափանման միջոցը փոխելու մասին, սակայն դատավորը դրանք մերժել է։

Լեյլա Յունուսը դատավորներին և դատախազին «դահիճ» է անվանել։

Դատարանում հրապարակվել է մեղադրանքը։ Պետական մեղադրող Ֆարիդ Նագիևը հայտարարել է, թե Լեյլա Յունուսը վնաս է հացրել ազգային անվտանգությանը։ Գործելով, ինչպես դատախազն է ձևակերպել, «այսպես կոչված ժողովրդական դիվանագիտության քողի տակ», Յունուսը կապ է հաստատել Հայաստանի պետանվտանգության նախկին ղեկավար Դավիթ Շահնազարյանի և Լաուրա Բաղդասարյանի հետ, նրանք համագործակցել և արտասահմանյան գրանտներ են ստացել։ 2002 թվականին փող է ստացել Կարեն Օհանյանից, իսկ 2004-2005 թվականներին` «Լրագրողական հետաքննություններ» անվամբ հայկական հասարակական կազմակերպությունից։ Այդ միջոցները, ըստ դատախազի, Յունուսն օգրտագործել է լրտեսական գործունեության մեջ ներքաշված մարդկանց նյութապես աջակցելու համար։

Պետական մեղադրողը պնդում է, որ հենց այդ միջոցներով են կազմակերպել Վրաստանի տարածքով Ռաուֆ Միրկադիրովի այցերը Հայաստան։ Ըստ դատախազի, որոշ այցերի ընթացքում Արիֆ Յունուսն ուղեկցել է Միրկադիրովին, և իբր Հայաստանում նրանք հանդիպել են Դավիթ Շահնազարյանի , ինչպես նաև Հայաստանի անվտանգության ծառայության ներկայացուցիչների հետ։

Լեյլա Յունուսը հայտարարել է, որ մեղադրանքն ամբողջությամբ կեղծ է։ «Սա 30-ականների դատավարություն է, դուք պատվեր եք կատարում, դուք անում եք այն, ինչ ժամանակին արել են Սոլժենիցինի նկատմամբ, Ադրբեջանում բռնապետություն է և հալածանքներ, դուք չեք կարող դուրս գալ պատվերի շրջանակներից»,- ասել է Լեյլա Յունուսը։ Ի դեպ, ըստ ականատեսների, դատավորը թարգմանչին կարգադրել է չթարգմանել այդ վերջին խոսքերը։

Ելույթ է ունեցել վկաներից մեկը` ոմն Թախմասիբ Նովրուզով, ով ասել է, թե դեռ 1988 թվականին է ենթադրել, որ Լեյլա Յունուսը կապեր ունի հայերի հետ, իսկ հետո իմացել է, որ նա Հայաստանի հետախուզության համար է աշխատում։ Պատասխանելով հարցին, թե որտեղի՞ց է իմացել, վկան ասել է. - «Մամուլից»։ Լեյլա Յունուսն այդ վկային անվանել է սադրիչ։

Արիֆ Յունուսը հայտարարել է, որ մտադիր չէ ցուցմունքներ տալ։

Դատական նիստն այսօր ավարտվել է և կշարունակվի առաջիկայում։

Միացյալ Նահանգները, Եվրամիությունը, Human Rights Watch-ը, Amnesty International-ը, Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան և իրավապաշտպան մի շարք այլ կազմակերպություններ քննադատել են Ադրբեջանի իշխանությանը Լեյլա և Արիֆ Յունուսներին բանտ նետելու համար ու պահանջել են ազատ արձակել ամուսիններին։

Փաստաբանների պնդմամբ, երկուսն էլ ունեն առողջական լուրջ խնդիրներ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG