Մատչելիության հղումներ

Հայրիկյան․ «Եթե սահմանադրական փոփոխություն է կատարվում, դա պիտի լինի բարեփոխում»


Մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը Հայրիկյանը որակում է ոչ թե բարեփոխում, այլ «չարեփոխում»:

«Ազգային ինքնորոշում» միավորման (ԱԻՄ) առաջնորդ Պարույր Հայրիկյանն այսօր հետաձգեց բողոքի երթը դեպի Սահմանադրական դատարան՝ բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովը գլխավորող Գագիկ Հարությունյանի աշխատավայր, քանի որ հանձնաժողովից վաղը հանդիպելու առաջարկ է ստացել:

«Այսօրվա միջոցառման նպատակին մենք արդեն հասել ենք: Մենք հանդիպում ենք ունենալու: Եվ որպեսզի այդ հանդիպումը իսկապես ծառայի արդար գործի, մենք պայման ենք դրել՝ մեզ հետ պիտի լինեն լրագրողներ», - ասաց Հայրիկյանը:

Այդուհանդերձ, հանձնաժողովականների հետ բովանդակային քննարկում ԱԻՄ-ի առաջնորդը մտադիր չէ ծավալել: Հանդիպման են գնում բացատրություններ ստանալու, թե ինչու իրենց առաջարկներից որևէ մեկը տեղ չգտավ ներկայացված նախագծում․ - «Պետականորեն ներկայացված նախագիծը քննարկման ենթակա չէ: Նա, ով այդ նախագծի քննարկմանը կմասնակցի առարկայորեն, ըստ այնտեղ ներկայացված հիմնադրույթների, նա ուղղակի արջի ծառայություն է մատուցում Հայաստանի Հանրապետությանը: Պետք է մերժել և վերջ»:

Մասնագիտական հանձնաժողովի աշխատանքը Հայրիկյանը որակում է ոչ թե բարեփոխում, այլ «չարեփոխում»․ - «Եթե Սահմանադրության նախագծում ասվում է՝ ժողովրդի իրավունքները պիտի կրճատվեն, որպեսզի մենք տղերքով մեզ լավ զգանք, դա բարեփոխում չէ: Մասնավոր խոսակցության ժամանակ ինձ այսպիսի փաստարկ բերվեց՝ շարունակությունը որ կարդաք, կտեսնեք, որ իրավունք է տրվում քաղաքացիական նախաձեռնությամբ հետագայում սահմանադրական բարեփոխում կատարել․․․ Դա ինչ է նշանակում՝ իրենք ընդունում են, որ այն, ինչ մինչև հիմա ներկայացված է, վատն է, բայց հետո ինչ-որ լավ բան էլ կա, «հանուն այդ լավ բանի՝ մի՛ խանգարեք մեզ»:

«Ազգային ինքնորոշում» միավորումը կտրականապես մերժում է ներկայացված նախագծում ամրագրված կայուն մեծամասնության սկզբունքը, երբ խորհրդարանական ընտրությունների արդյունքում ձայների մեծամասնությունը չստացած ուժը երկրորդ փուլից հետո ամեն դեպքում կունենա մեծամասնություն․- «Որևէ տեղ կիրառվե՞լ է ձեր այդ համամասնական, բայց լրացուցիչ քվեարկություններով տարբերակը․․․ Մի այլանդակություն անելիս որևէ տեղ կիրառված չլինելը իրենք ընդունում են, որ կարելի է»:

Պարույր Հայրիկյանը պատրաստ է ընդդիմադիրների հետ միասնական ճակատ կազմել՝ կանխելու Սերժ Սարգսյանի նախաձեռնած բարեփոխումների հանրաքվեն: Նորից պնդում է, որ կհամագործակցի նույնիսկ քաղաքական հակառակորդների հետ․ - «Ամեն ինչից վեր կանգնել, նույնիսկ լուրջ գաղափարախոսական տարաձայնություններից, և կենտրոնանալ այս հարցի վրա: Մենք այնքան ենք պատրաստ, որ մեզ երբ ուղղակի հարցվեց՝ «իսկ ՀԱԿ-ին, Լևոն Տեր-Պետրոսյանին դուք չեք ընդունում ընդհանրապես»․․․ Սա այնպիսի հարց է, որ ընդունում եմ, չեմ ընդունում, սխալ եմ, ճիշտ եմ․․․ ամենի ինչ պիտի դնենք մի կողմ, մոռանանք ու միասին․․․ Եթե սահմանադրական փոփոխություն է կատարվում, դա պիտի լինի բարեփոխում»:

XS
SM
MD
LG