Մատչելիության հղումներ

Սերգեյ Պուգաչով․ 1990-ականներին Պուտինը արևմտամետ էր


Սերգեյ Պուգաչով, նոյեմբեր, 2014թ․
Սերգեյ Պուգաչով, նոյեմբեր, 2014թ․

«Մեժպրոմբանկի» հիմնադիր և Ռուսաստանի խորհրդարանի վերին պալատի՝ Դաշնության խորհրդի նախկին անդամ Սերգեյ Պուգաչովը, ում այդ երկրի իշխանությունները մեղադրում են խոշոր մեքենայությունների մեջ, հայտարարել է, թե ժամանակին հենց ինքն է նախագահ Բորիս Ելցինին առաջարկել Վլադիմիր Պուտինի թեկնածությունը վարչապետի պաշտոնի և ժառանգորդի համար:

Ներկայումս Ֆրանսիայում բնակվող Պուգաչովը Ռուսաստանի նախագահի մասին մի շարք հետաքրքիր մանրամասներ է հայտնել «Ազատության» ռուսական ծառայությանը երեկ տված հարցազրույցում:

Ռուսաստանի երբեմնի ամենաազդեցիկ և հարուստ մարդկանցից մեկը ասել է, որ 1990-ականներին Պուտինը արևմտամետ էր, սակայն նեղացել է Արևմուտքից, և իր այսօրվա հակաամերիկյան պահվածքը հենց դրա հետևանք է:

Արևմուտքն էլ, իր հերթին, սխալ է գործել, երբ դեռ բոլորովին վերջերս փորձում էր պայմանավորվել Պուտինի հետ, ինչը վերջինս որպես թուլություն էր ընկալել, ասել է Պուգաչովը:

Նա պնդում է, որ Ռուսաստանի նախագահը այսօր չափազանց կախված է իր շրջապատից՝ ի տարբերություն երկրի առաջին նախագահ Բորիս Ելցինի:

Պուգաչովը ասել է նաև, թե չի հավատում, որ Ռուսաստանում կարող են լինել լուրջ փոփոխություններ՝ այնպիսի, ինչպիսիք տեղի ունեցան 1991-ին, երբ երկիրը ընտրեց ժողովրդավարական ուղին:

«Այսօր 30 տարեկանները միայն Պուտինին են հիշում, և այնքան հսկայական է ռուսական հեռուստաընկերությունների ազդեցությունը նրանց վրա, որ դժվար թե առաջիկայում փոփոխություններ լինեն», - ընդգծել է նա:

Հիշեցնենք՝ Պուտինի թշնամի Բորիս Բերեզովսկին նույնպես հաճախ հայտարարում էր, թե հենց ինքն է նրան Կրեմլ բերել:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG