Մատչելիության հղումներ

ԵԽ-ում Ադրբեջանի նախկին ներկայացուցիչը մեղադրվում է պետական միջոցները վատնելու մեջ


Արիֆ Մամեդով, արխիվ
Արիֆ Մամեդով, արխիվ

Եվրոպայի խորհրդում Ադրբեջանի նախկին մշտական ներկայացուցիչ Արիֆ Մամեդովին ադրբեջանցի իրավապահները մեղադրում են պետական միջոցները ապօրինի վատնելու մեջ:

Ադրբեջանում Ինտերպոլի ազգային բյուրոն որոշել է ձերբակալել ու պատասխանատվության ենթարկել նախկին դիվանագետին։

«Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայության փոխանցմամբ՝ երկրի դատախազությունը Մամեդովին մեղադրում է մի շարք հանցանքներում, մասնավորապես՝ քրեական գործ է հարուցվել խոշոր չափով գումար յուրացնելու ու վատնելու, պաշտոնեական դիրքը չարաշահելու հատկանիշներով։

Ըստ ադրբեջանական դատախազության, Արիֆ Մամեդովը 2007-2012 թվականներին Եվրոպայի խորհրդին կից Ադրբեջանի մշտական ներկայացուցչության համար հատկացված միջոցներից խոշոր չափերի յուրացումներ է կատարել: Հաղորդագրությունում նշվում է, որ եղել են նաև այլ իրավախախտումներ։

Այս ամենը հիմք ընդունելով՝ հարուցվել է քրեական գործ, և այժմ ադրբեջանական Ինտերպոլը փորձում է բերման ենթարկել դիվանագետին։

Հիշեցնենք՝ նախկին բարձրաստիճան պաշտոնյային պատժելու՝ Ադրբեջանի իշխանությունների փորձերը սկսվել են դեռ ամիսներ առաջ: Մայիսին, երբ Բաքվի շենքերից մեկում հրդեհ էր բռնկվել՝ խլելով մեկուկես տասնյակ մարդկանց կյանք, Արիֆ Մամեդովը ֆեյսբուքյան իր էջում, ցավակցելով զոհերի հարազատներին, տեղի ունեցածում մեղադրել էր երկրի իշխանություններին։

Այս գրառումն աննկատ չմնաց. Մամեդովը հեռացվեց համակարգից։ Անպատիժ չմնացին նույնիսկ նրա այն գործընկերները, ովքեր Ֆեյսբուքում հավանել էին նրա գրությունը։

Աշխատանքից հեռացվելուց հետո, Եվրոպայում բնակվող նախկին պաշտոնյան, ով մինչ այդ առանձնապես ակտիվ չէր սոցիալական ցանցերում, այժմ մեծ հեղինակություն է վայելում ադրբեջանցի ընդդիմադիր օգտատերերի շրջանում. նախկին դիվանագետը ոչ միայն անկաշկանդ քննադատում է Ալիևի վարչակազմին, այլև Ադրբեջանի հասարակությանը մշտապես կոչ է անում չլռել և ընդդիմանալ։

Ճաղերի հետևում հայտնված ադրբեջանցի քաղաքացիական ակտիվիստներին, լրագրողներին և բլոգերներին հերոս համարող նախկին պաշտոնյան իր ֆեյսբուքյան վերջին գրառումներում կոչ էր անում դուրս գալ այսպես կոչված «սպիտակ երթի»՝ երկրում տիրող անօրինականությունների դեմ:

«Բոլոր լրատվամիջոցներին, ընդդիմությանը, մտավորականությանը և յուրաքանչյուրին, ով ապրում է երկրի հանդեպ սիրով, պետք է դուրս գալ բողոքի խաղաղ երթի: Դա կլինի «սպիտակ երթ», որին պետք է մասնակցել սպիտակ հագուստով և սպիտակ փուչիկներով», - գրել է Արիֆ Մամեդովը:

Բողոքի երթը պետք է տեղի ունենա այս օգոստոսի 15-ին, որից երեք օր առաջ Ադրբեջանի իրավապահները հայտարարում են դիվանագետին ձերբակալելու և պատասխանատվության ենթարկելու որոշման մասին։

XS
SM
MD
LG