Մատչելիության հղումներ

Լեյլա Յունուսին տեղափոխել են բանտի բժշկական բաժանմունք


Լեյլա և Արիֆ Յունուսներ, արխիվ
Լեյլա և Արիֆ Յունուսներ, արխիվ

Գերմանացի պրոֆեսորը հետազոտել է իրավապաշտպանին:

8,5 տարվա ազատազրկման դատապարտված ադրբեջանցի իրավապաշտպան Լեյլա Յունուսին այսօր տեղափոխել են բանտի բժշկական բաժանմունք: Այս մասին «Ազատության» ադրբեջանական ծառայությանը հայտնել է Յունուսի փաստաբան Էլչին Ղամբարովը:

Անցյալ տարվա հուլիսին ձերբակալված իրավապաշտպանը բուժհիմնարկ է տեղափոխվել գերմանացի պրոֆեսոր Քրիստիան Վիտի խորհրդով, ով մեկ շաբաթ առաջ էր այցելել Յունուսին և հետազոտել նրա առողջական վիճակը:

Հիշեցնենք՝ ավելի վաղ Լեյլա Յունուսի պաշտպանները հաղորդում էին նրա մոտ հայտնաբերված առողջական լուրջ խնդիրների մասին, մասնավորապես՝ երիկամների հետ կապված, արյան մեջ շաքարի պարունակության կտրուկ բարձրացման, ճշման հաճախակի անկումների, մազաթափության: Ձերբակալությունից ի վեր Յունուսը կտրուկ նիհարել է՝ կորցնելով ավելի քան 10 կիլոգրամ:

Անցած շաբաթներին Բաքվում ընթացող դատական լսումների ընթացքում Լեյլա Յունուսի պաշտպանների միջնորդությունները՝ նրա առողջական վիճակով պայմանավորված, անընդհատ մերժվել են:

Ըստ փաստաբան Ղամբարովի՝ գերմանացի բժիշկը Յունուսի առողջական վիճակը բավարար է գնահատում: Մի քանի օր առաջ դատարանի կայացրած վճիռը որևէ հոգեբանական ազդեցություն չի թողել իրավապաշտպանի վրա, քանի որ այն անսպասելի չէր, նաև փոխանցել է փաստաբանը:

Ղամբարովը նաև հայտնել է, որ Լեյլա Յունուսին տեսակցելուց հետո գերմանացի բժիշկը պետք է այցելի նաև նրա ամուսնուն՝ Արիֆ Յունուսին, ով անգամ դատական լսումների ընթացքում մի քանի անգամ կորցրել է գիտակցությունն ու ուշագնաց եղել: Դատավճռի հրապարակման օրը 60-ամյա իրավապաշտպանը իր վերջին խոսքում ասել է, որ հազիվ է ոտքի վրա կանգնում, ի վիճակի չէ անգամ դատարանի հարցերին պատասխանել: Նիստերի ընթացքում, ինչպես նկարագրում էին ադրբեջանական լրատվամիջոցները, նա հիմնականում նստած էր՝ գլուխը դրած կնոջ ծնկներին:

Իրավապաշտպան ամուսիններն անցյալ շաբաթ Բաքվի ծանր հանցագործություններ քննող դատարանի կողմից մեղավոր ճանաչվեցին մի շարք ֆինանսական հանցագործությունների մեջ: Լեյլա Յունուսը դատապարտվեց 8,5 տարվա, իսկ ամուսինը՝ 7 տարվա ազատազրկման:

Յունուս ամուսիններն անցնում են նաև հայրենիքի դավաճանության հոդվածով հարուցված քրեական գործով:

Միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների պնդմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգը Յունուսների դատավարությամբ ցանկանում է արմատախիլ անել երկրում այլախոհության ցանկացած նշույլ։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG