Մատչելիության հղումներ

Սամարա մեկնող հայաստանցիները 2 օրվա փոխարեն ճանապարհին 4 օր են անցկացրել


ՀՀ-ից դուրս ծագող խնդիրներն առավելապես ծանրանում են ուղևորների, այլ ոչ թե տուրընկերությունների, կամ կառավարության վրա, արխիվ
ՀՀ-ից դուրս ծագող խնդիրներն առավելապես ծանրանում են ուղևորների, այլ ոչ թե տուրընկերությունների, կամ կառավարության վրա, արխիվ

Իրավասու նախարարությունները մարդկանց խախտված իրավունքների վերականգնման համար ոչինչ անել չեն կարող: Միայն խորհուրդ են տալիս՝ դիմեք դատարան:

50 հայաստանցի ուղևորներ Երևան-Սամարա 2000 կիլոմետր երկարությամբ ճանապարհը «Նեդ Տուր» տուրիստական ընկերության խոստացած 2 օրվա փոխարեն հաղթահարել են 4 օրում:

Ճանապարհին վնասվել է ավտոբուսի անիվը, տեխնիկական անսարքության պատճառով մեքենան պարբերաբար կանգ է առել, երբեմն մինչև 8 ժամ է պահանջվել խնդիրը շտկելու համար:

Այս մասին երեկ «Հայկական ժամանակ» թերթին պատմել է ուղևորներից Նաիրի Զուրաբյանը, ով նաև սեփական վիդեոռեպորտաժ էր պատրաստել և փոխանցել:

Այսօր վարորդի միջոցով փորձեցինք կապ հաստատել Նաիրիի հետ: Բայց, լսելով մեր հարցերը, վարորդը խիստ բարկացավ:

«Դու ո՞վ ես, որ զանգել ես էս համարով»,-միայն ասաց նա, ինչից հետո կապն ընդհատվեց:

Արցախ Քոչարյանը, ով մեզ հետ հեռախոսազրույցում ներկայացավ որպես ավտոբուսներով և միկրոավտոբուսներով ուղևորափոխադրում կազմակերպող՝ վերը նշված տուրիստական գործակալության տնօրեն, պնդեց, թե ուղևորները ճանապարհին են մնացել մի քանի ժամ միայն, երբ վնասվել է ավտոբուսի անիվը:

«Բոլորի հետ էլ դա պատահում ա»,-ասաց նա, վստահեցնելով, թե ընդամենը մի քանի ժամվա ընթացքում խնդիրը կարգավորել են, լրացուցիչ ավտոբուս չի պահանջվել:

Գործող օրենքը Հայաստանից դուրս ուղևորափոխադրումներ իրականացնելու երկու տարբերակ է նախատեսում՝ կամ միջազգային կանոնավոր ուղևորափոխադրումներ իրականացնող ընկերության լիցենզիայի տրամադրման, կամ տուրիստական գործակալություն գրանցման միջոցով: Ընդ որում, տուրիստական գործակալության դեպքում լիզենզավորումը պարտադիր չէ, սակայն, փոխադրումները պետք է լինեն ոչ կանոնավոր:

Տրանսպորտի և կապի նախարարության տրանսպորտի վարչության պետի տեղակալ Դավիթ Մելքոնյանն «Ազատության» հետ զրույցում չի բացառում, որ մանևրելու այս հնարավորությունից օգտվելով՝ տուրիստական գործակալությունները նաև կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացնում, ինչն արդեն իրենց վերահսկողությունից դուրս է: Իսկ ճանապարհին մնացած ուղևորներին նա խորհուրդ է տալիս դիմել դատարան:

«Եթե կան գործակալություններ, որոնք տուրիստականի անվան տակ կանոնավոր փոխադրումներ են անում, դա լավ չի»,-ասում է Մելքոնյանն ու հավելում՝ նախարարությունը ուղևորի և տուրգործակալության հարաբերություններին չի միջամտում, այդ հարաբերությունները կարգավորվում են քաղաքացիական օրենսգրքով:

Օրերով ճանապարհին մնացած ուղևորներին դատարանի ճանապարհը ցույց տվեց նաև էկոնոմիկայի նախարարության տուրիզմի վարչության պետ Մեխակ Ապրեսյանը: Պարզվում է՝ այս նախարարությունն էլ չի կարող վերահսկել տուրիստական այն ընկերությունները, որոնք ոչ կանոնավոր ուղևորափոխադրումներ են իրականացնում:

«Պետք է սպառողներն իրենց խախտված իրավունքների փոխհատուցում պահանջեն օպերատորից, եթե հարցը չլուծվի, իրավունք ունեն այդ հարցը դատական կարգով լուծելու»,-ասաց Ապրեսյանը:

Փաստորեն, բոլոր խնդիրները ծանրանում են միայն քաղաքացու ուսերին, ով տոմս է գնում որևէ ընկերությունից, իսկ վթարի կամ ճանապարհին տևական ժամանակով անոթի ու անջուր մնալու դեպքում կարող է միայն դատարան դիմել՝ վիճարկելու պայմանագիրը: Իսկ եթե պայմանագիր չունի, ապա խնդիրն ընդհանրապես չի լուծվում:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG