Մատչելիության հղումներ

Դավիթ Հարությունյան. Վենետիկի հանձնաժողովի հետ «որոշակի դիրքերի մերձեցում նկատեցինք»


Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչներն այսօր Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ քննարկել են Հայաստանի սահմանադրության առաջարկվող փոփոխությունները։

Վենետիկի հանձնաժողովի փորձագետներն այսօր շուրջ հինգ ժամ շարունակ փակ դռների հետևում Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի հետ քննարկեցին անցած ուրբաթ հրապարակված նախագիծը, որն արդեն Սերժ Սարգսյանի կողմից ուղարկվել է խորհրդարան։ Թե այս անգամ ինչ կարծիք ունեին փորձագետները ներկայացված փոփոխությունների վերաբերյալ՝ հենց նրանցից պարզել չհաջողվեց, այսօր առավոտյան Երևան ժամանած երեք փորձագետներն էլ խուսափեցին խոսել «Ազատության» հետ։

Բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի նախագահ Գագիկ Հարությունյանը ևս սակավախոս էր, ասաց՝ «քննարկումը շարունակվում է, հիմա ոչինչ՝ վաղը»։

Որոշ մանրամասներ, այդուամենայնիվ, հաջողվեց պարզել։ Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամ, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանը «Ազատության» հետ զրույցում փաստեց, որ քննարկման առանցքային թեման եղել է խորհրդարանում կայուն մեծամասնություն ապահովելու և ամենաշատ քվեները ստացած երկու կուսակցությունների միջև երկրորդ փուլ անցկացնելու մասին դրույթը: Միջազգային փորձագետները դեռ մեկ ամիս առաջ էին խորհուրդ տվել այդ հոդվածը սահմանադրությունից հանել, ինչը մասնագիտական հանձնաժողովը հաշվի չէր առել։ Այսօր, սակայն, հանձնաժողովի անդամ, հանրապետական Դավիթ Հարությունյանը նշեց՝ փորձագետների մտահոգությունները իրենց համար հասկանալի էին։

«Հիմնական մտահոգությունը հետևյալն էր, թե՝ ի՞՚նչ աստիճան արժե ամրագրել այդ դրույթը Սահմանադրության մեջ և ինչ մանրամասնությամբ։ Իրենց կարծիքը հիմնականում այն էր, որ այդ դրույթը կարելի է ավելի շատ արտացոլել հենց ընտրական օրենսգրքում, կամ Սահմանադրությամբ արտացոլել շատ սահմանափակ ձևով», - ասաց նա։

Հարությունյանը վստահ է՝ խորհրդարանական համակարգին անցնող երկրում կայուն մեծամասնություն ունենալը անհրաժեշտություն է։ Այդուամենայնիվ, ըստ հանձնաժողովի անդամի, իրենք պատրաստ են առաջիկայում այս կետին անդրադառնալ, խմբագրական փոփոխություններ կատարել։

Այս դրույթից բացի Վենետիկի հանձնաժողովի ներկայացուցիչների առաջարկով մասնագիտական հանձնաժողովը առաջիկայում մի շարք այլ դրույթների հետ կապված փոփոխությունների փաթեթ կկազմի՝ խորհրդարան ներկայացնելու համար։

«Հիմնական դիտողությունները, որոնք ներկայացվեցին իրենց կողմից, հիմք կլինեն մեզ համար մեկ անգամ ևս անդրադարձ կատարելու։ Անշուշտ, արդեն նախագիծը գտնվում է Ազգային ժողովում, ուստի հանձնաժողովը կարող է ընդամենը առաջարկություններ ներկայացնել Ազգային ժողովին։ Բայց ես կարծում եմ՝ ամենակարևորն այն էր, որ մենք սկզբունքորեն որոշակի դիրքերի մերձեցում նկատեցինք երկկողմանի», - ասաց Դավիթ Հարությունյանը։

Պատրաստակամություն հայտնելով որոշ դրույթներ խմբագրել՝ Մասնագիտական հանձնաժողովի անդամը միաժամանակ նշում է, որ նախագծի վերջնական տարբերակում, իր կարծիքով, շատ բան չի փոխվելու։

«Սա այն հարցն է, որտեղ 5 թե 25՝ էական չէ, կարևորը բովանդակությունն է», - հավելեց նա։

Վաղը միջազգային փորձագետները մի շարք հանդիպումներ կունենան նաև քաղաքական ուժերի հետ, ապա հանդես կգան մամուլի ասուլիսով։

Ի դեպ, անգամ նոր սահմանադրության ընդունումից հետո էլ այն ամբողջությամբ կսկսի գործել միայն Սերժ Սարգսյանի նախագահության ժամկետի ավարտից հետո։ Մասնագիտական հանձնաժողովի անդամ Դավիթ Հարությունյանի խոսքով վարչապետը երկրի առաջին դեմք կդառնա միայն 2018-ին՝ նոր նախագահի ընտրությունից հետո. - «Որովհետև նա ընտրվել է և ժողովրդի կողմից ստացել է մանդատ, և մանդատը ստացել է որոշակի ժամանակահատվածով»։

XS
SM
MD
LG