Մատչելիության հղումներ

Ռուսաստանը դիմելու է Հայաստանին՝ նորվեգական սաղմոնի ներկրումը սահմանափակելու համար


Ռուսաստանը պատրաստվում է Հայաստանին նորվեգական սաղմոն ձկնատեսակի ներկրումը սահմանափակելու հաղորդում ներկայացնել։

Ռուսական ՏԱՍՍ գործակալության փոխանցմամբ՝ այդ կերպ «Ռոսսելխոզնադզորը» փորձում է կանխել Եվրասիական տնտեսական միության անդամ երկրներից վերամշակված տեսքով նորվեգական ձկան ներմուծումը Ռուսաստան, որը Արևմուտքի դեմ պատժամիջոցներից հետո արդեն մեկ տարի է՝ հայտնվել է Կրեմլի սև ցուցակում։

Նորվեգական ձկան ներկրմամբ զբաղվող գործարարների համար լուրն այսօր իսկական անակնկալ էր։ Ըստ վիճակագրության՝ այս տարվա առաջին կիսամյակում Հայաստան է ներկրվել 165 տոննա նորվեգական սաղմոն, որից ոչ մի կիլոգրամը ոչ նույնությամբ, և ոչ էլ վերամշակված Հայաստանից չի արտահանվել։ Այդ դեպքում ինչո՞ւ պետք է հայ սպառողը ևս տուժի Արևմուտք-Ռուսաստան հակամարտության արդյունքում, հարց է բարձրացնում սպառողների շահերի պաշտպան Բաբկեն Պիպոյանը։

«Եթե Հայաստանը ներմուծեր, ապա արտահաներ Ռուսաստան, ապա այո՛, ռուսական կողմի գործողությունները որոշակի տրամաբանության շրջանակներում կլինեին։ Այսինքն դա իր համար կանխարգելիչ գործողություն կլիներ։ Բայց մենք եթե այդ արտադրանքը չունենք, ապա այս դեպքում անտրամաբանական է դառնում ռուսական կողմի գործողությունը, չէ որ մենք այդ ապրանքը՝ որպես հայկական արտադրության ապրանք, ուղղակի չէինք էլ կարողանալու վերարատահանել Ռուսաստան»,- ասում է Պիպոյանը։

Նորվեգական ձկնատեսակից բացի Արևմուտքի հետ տարաձայնություններ ունեցող Ռուսաստանն արդեն մեկ տարի է՝ արգելափակել է տասնյակ այլ մթերքների ու տեխնիկայի ներկրումը ԱՄՆ-ից, Կանադայից, Ավստրալիայից ու Եվրամիության երկրներից։

Քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը չի կասկածում՝ նորվեգական սաղմոնի սահմանափակումը ընդամենը սկիզբն է, և եթե այս հարցում պաշտոնական Երևանը ընկրկի, հայաստանյան սպառողներն աստիճանաբար կզրկվեն նաև Կրեմլի պատժամիջոցների ցանկում հայտնված մյուս ապրանքներից։

«Միանշանակ Ռուսաստանը փորձ է անելու, որովհետև խաղը 170 միլիոնի վրա է գնում, այսինքն Ռուսաստանը փորձում է ավելի մեծ շուկաներ փակել արևմտյան ընկերությունների առջև, և եթե նրան հաջողվի սա անել, բնականաբար, Ռուսաստանը ավելի կընդլայնի ցուցակը»,- ասում է Սաֆարյանը։

«Նույն տրամաբանությամբ կարող են որոշել մենք որ երկրի կոշիկ, հագուստ գնենք, անգամ պարենային ապահովության խնդիր ունենալ, և թույլ չտան այս կամ այն երկրից ներմուծում անենք։ Այսինքն մենք մեր տնտեսական կուրսը, պարենային, ագրարային քաղաքականությունը պետք է վարենք ռուսական թելադրանքով»,- հավելում է Պիպոյանը։

Մասնագետները վստահ են՝ այս կերպ Ռուսաստանը փորձում է մեծացնել իր քաղաքական կշիռը ԵՏՄ անդամ երկրների վրա, իսկ աշխարհին ցույց է տալիս, որ Արևմուտքի դեմ տնտեսական պատերազմում միայնակ չէ։

«Ի տարբերություն Արևմուտքի, որը, օրինակ, պատժամիջոցներ է կիրառում անմիջապես պետական ակտիվների, պետական բաժնետոմսերով ընկերությունների դեմ, Ռուսաստանը ավելի անուղղակի թիրախներ է վերցրել, և այս պարագայում, կարելի է ասել, թիրախը քաղաքական կամքն է, որը նա փորձում է կոտրել»,- ասում է Սաֆարյանը։

Նորվեգական ձկնատեսակի ներկրումը սահմանափակելու տեղեկություններին զուգահեռ ռուսական լրատվամիջոցները հայտնեցին Հայաստանից ներկրված խոշոր խմբաքանակի ձկան ոչնչացման մասին։ Սոչիի օդանավակայանում առգրավված մոտ 200 կգ ձկնատեսակը թեև նորվեգական սաղմոն չէր, արտադրվել էր Հայաստանում, կրկին արժանացավ եվրոպական ապրանքների ճակատագրին՝ ոչնչացվեց հենց սահմանին։ Փորձագետների համոզմամբ, սա ևս նախազգուշացում էր Հայաստանի իշխանություններին։

«Սա կարող է լինել դիրքերը ցույց տալու քայլ, այսինքն ռուսական կողմը ցույց տա, որ անկախ գործող կարգերից, ինքը գործում է որոշակի սկզբունքներով և պետք է շարժվել դրանցով»,- ասում է Պիպոյանը։

Ըստ ՏԱՍՍ գործակալության՝ ԵՏՄ անդամ երկրներում նորվեգական սաղմոնի ներկման սահմանափակումը պետք է գործեր այսօրվանից։ Հայաստանի սննդի անվտանգության տեսչությունում տեղյակ են ռուսական կողմի այս մտադրության մասին, սակայն պաշտոնական գրություն առայժմ չեն ստացել, ձկնատեսակի ներկրումը սահմանափակելու հարց առայժմ չի քննարկվել։

XS
SM
MD
LG