Մատչելիության հղումներ

Միջազգային ֆինանսական շուկան վերականգնվելու դրական նշաններ է ցույց տվել


Միջազգային ֆինանսական շուկան «սև երկուշաբթիից» հետո այսօր վերականգնվելու դրական նշաններ է ցույց տվել:

Երեկ չինական բաժնետոմսերի մոտ 9 տոկոսի անկումը իսկույն իր ազդեցությունը ունեցավ՝ օգոստոսի 24-ին կտրուկ անկում գրանցելով միջազգային ֆինանսական բորսաներում: Նավթի գնի հետ միասին ընկան հումքային ապրանքների գները:

Վերջին 4 տարիների ընթացքում օգոստոսի 24-ը Ուոլ Սթրիթի վատթարագույն օրն էր: 2009-ի համաշխարհային ֆինանսական ճգնաժամից հետո առաջին անգամ Նյու Յորքի բորսայում գրանցվեցին ամենացածր ցուցանիշները՝ օրվա ավարտին Դոու Ջոնսի ինդեքսը փակվեց ամենացածր ցուցանիշով՝ ընկնելով 3.6 տոկոսով կամ 588 կետով: Իսկ Լոնդոնի, Փարիզի, Ֆրանկֆուրտի բորսաներում անկումը կազմեց 4 տոկոս։

Ասիական շուկայում՝ Շանհայի բորսայում արժեթղթերի անկումը հասել էր 8.5 տոկոսի: Նավթի մեկ բարելի գինը 40 դոլարի պայմաններում, նավթի գնի անկման և Չինաստանի տնտեսության հետ կապված մտահոգությունները իսկույն հարվածեցին ռուսական ռուբլուն: Երեկ մեկ դոլարը վաճառվում էր 70 ռուբլի 75 կոպեկով:

Վերջին ութ ամսվա ընթացքում արդեն չորրորդ օրն է չինական ֆինանսական շուկայում անկումը շարունակվում է: Այսօր գրանցվել է 7.6 տոկոսի անկում։ Անկում է գրանցվել նաև Ճապոնիայի ֆինանսական շուկայում, բայց երեկվա ծանր իրավիճակից հետո ասիական մյուս բորսաներն ու եվրոպական ֆինանսական շուկան վերականգնվում են։ Հոնգ Կոնգի, Հարավային Կորեայի, Ավստրալիայի և Սինգապուրի բորսաներում այսօր համեստ դրական արդյունքներ են արձանագրվել: Ամենաարագը վերականգնվում է ամերիկյան ֆինանսական շուկան։ Ակնկալվում է, որ Ուոլ Սթրիթը բացվելու է կայուն եկամուտ ապահովող 3 տոկոս աճով։

««Սև երկուշաբթի» մեծ խուճապից հետո, ինչպես երևում է՝ այս երեքշաբթի սառը գլուխները գերակշռում են, քանի որ ներդրողները սկսել են հավաքել փշրանքները, չնայած Չինաստանը դեռ ինքնին շարունակում է պայքարը»,- ասել է ֆինանսական հարցերով փորձագետ Քոնոր Քեմփբելը:

Փորձագետների կարծիքով, դեռ պարզ չէ` արդյոք վատթարագույնը մնացե՞լ է ետևում, թե՝ սա պարզապես ընդմիջում է կամ արժեթղթերի անկման սկիզբ, որ դեռ երկար ժամանակ կպահպանվի:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG