Մատչելիության հղումներ

Սյունիքում հերքում են Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ վիճաբանության և ծեծկռտուքի մասին լուրերը


Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ
Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյան, արխիվ

Սյունիքի մարզպետի խորհրդականն ու Սիսիանի քաղաքապետը հերքում են լուրերը, թե վերջերս Սիսիանում մարզպետ Սուրիկ Խաչատրյանի մասնակցությամբ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել։

Մարզպետը Սիսիանում եղել է, ճանապարհաշինության և նոր ջրագծերի անցկացման հետ կապված հարցեր են քննարկել, բայց վիճաբանություն չի եղել, «Ազատությանը» փոխանցեց Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը։

«Միջադեպ չի եղել բացարձակ, ջերմ իրարից բաժանվել ենք»,- ասաց քաղաքապետը։

Այն, որ ջերմ մթնոլորտում են պաշտոնյաները միմյանց հրաժեշտ տվել, նաև Սյունիքի մարզպետի խորհրդական Վոլոդյա Հովհաննիսյանը փաստեց.- «Վերջում շնորհակալություն են հայտնել մարզպետին, նստել ենք մեքենան և գնացել ենք»։

Ըստ մամուլում տեղ գտած հրապարակումների, վիճաբանությունն իբրև թե ծագել է Սիսիանի ավագանու անդամ Սրբուհի Գրիգորյանի՝ վարչապետին ուղղված գրության պատճառով, որում վերջինս ուշադրություն է հրավիրել մարզի երկու քաղաքների՝ Սիսիանի և Գորիսի ֆինանսավորման անհամաչափության վրա։

Վոլոդյա Հովհաննիսյանն ասաց՝ գրության մասին ինքն է զրուցել Սիսիանի քաղաքապետի հետ, ոչ թե Սուրիկ Խաչատյանը։

«Դա վիճաբանություն չի եղել, ես և Աղասի Հակոբջանյանը զրուցել ենք այդ թեմայով, նա հայտարարել է, որ ինքը տեղյակ չէ այդ գրության մասին, և մենք էլ բացատրել ենք, որ կատարվում է հսկայական շինարարություն, Սյունիքի մարզպետը այդքան միջոցներ է հայթայթում, դնում Սիսիանը շենացնելու վրա, և այդ գրությունը ճիշտ չի եղել, որին համաձայնել է Աղասի Հակոբջանյանը»,- ասաց մարզպետի խորհրդականը։

Սիսիանի ավագանու անդամ Սրբուհի Գրիգորյանը «Ազատության» հետ զրույցում մանրամասնեց՝ քաղաքապետ Հակոբջանյանը տեղյակ չի եղել վարչապետին ուղղված իր նամակի մասին, որում նա բարձրաձայնել է Սիսիանի և Գորիսի հրատապ խնդիրների լուծմանը տրամադրվող ֆինանսական միջոցների անհամաչափության մասին։ Կառավարությունը Սիսիանին 36 միլիոն դրամ է հատկացրել, մինչդեռ Սյունիքի մարզպետ Սուրիկ Խաչատրյանի ծննդավայր Գորիսին՝ 130 միլիոն դրամ։ Ավագանու անդամն այստեղ սուբյեկտիվ վերաբերմունք է տեսնում։

«Սա նաև արժանապատվության խնդիր էր, կառավարությունը պետք է որևէ ձևով արձագանքեր, որովհետև չի կարելի... ընդհանրապես որևէ մարզպետարանի ղեկավարի ծագումը չպետք է ազդի հրատապ ծրագրերի վրա»,- ասաց Գրիգորյանը։

Սյունիքի մարզպետի խորհրդականը համաձայն չէ, թվարկում է Սիսիանում իրականացվող ծրագրերը, ասում է՝ մարզպետն անգամ իր անձնական միջոցների հաշվին է Սիսիանը շենացնում։

«2012-2015 թվականների ընթացքում Սիսիանում կատարվել է 500 միլիոնով ավելի շինարարական աշխատանքներ, քան Գորիսում։ Դա էմոցիոնալ գրած բողոք է եղել, մենք հանգամանալից պատասխանել ենք կառավարությանը»,- ասաց Հովհաննիսյանը։

Ավագանու անդամը մինչդեռ ուշադրություն է հրավիրում, որ թվերը վերաբերում են ոչ թե Սիսիան և Գորիս քաղաքներին, այլ նույնանուն տարածաշրջաններին։ Սիսիան քաղաքում, ասում է, իրեն որպես ավագանու անդամի ամեն քայլափոխին հարցնում են երկու քաղաքների աչք զարնող տարբերությունների պատճառները։

«Սիսիանի տարածաշրջանը Սյունիքի մարզի ամենամեծ տարածաշրջանն է, բնական է, որ պետք է ավելի գումարներ հատկացվեին, էդ գումարների մեծ մասը դպրոցաշինությանն է ուղղվել, և դա շատ լավ է, բայց Սիսիան քաղաքը չպետք է անտեսվի»,- ասաց Գրիգորյանը։

Վոլոդյա Հովհաննիսյանը շեշտում է՝ ոչ թե մարզպետարանն է, այլ կառավարությունն է որոշում, թե հրատապ ճանաչած որ խնդիրներին գումար տրամադրի։ Ավագանու անդամը հակադարձում է՝ հրատապ խնդիրների ցուցակը կառավարությանը ներկայացնում է մարզպետարանը։ Սրբուհի Գրիգորյանն ասում է՝ թեև մարզային իշխանություններն արձագանքել են իր գրությանը, սակայն ինքն իր բարձրացրած հարցերի պատասխանները չի ստացել.- «Եվ ես առաջիկայում պլանավորում եմ հանդիպել վարչապետի հետ»,- ասաց նա։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG