Մատչելիության հղումներ

Պուտին-Մեդվեդև մարզանքը ծաղրական արձագանքների է արժանացել


Ռուսաստանի առաջնորդներին դրական լույսի տակ ներկայացնելու՝ Կրեմլյան քարոզիչների փորձերը ծաղրական արձագանքների են արժանացել:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու վարչապետ Դմիտրի Մեդվեդևը կիրակնօրյա առավոտը դիմավորել են Սոչիի կառավարական նստավայրում՝ տեսախցիկների ուղեկցությամբ: Մարզասրահում նրանք միասին մարզվել են, ապա, մարզանքից հետո, ինչպես ընդգծվում է՝ նախաճաշել են միասին խորոված մսով և թեյել:

Ոչ ֆորմալ ֆոտոսեսիան «պայթեցրել է» համացանցի ռուսական տիրույթը: Մի կողմ թողնելով ռուսաստանցի առաջնորդների մարզված մարմիններն ընդգծող լուսանկարները՝ օգտատերերը կենտրոնացել են այլ դետալների վրա, մասնավորապես՝ Մեդվեդևի տարօրինակ մարզակոշիկների, որոնք նրան ավելի բարձրահասակ են դարձնում, Պուտինի մարզավիճակի և ներմուծումը փոխարինելու բարձրագոչ հայտարարությունների պայմաններում՝ ամերիկյան արտադրության մարզասարքերի առատության:

«Մարզանքից հետո նախաճաշ՝ այն էլ, պարզվում է, ոչ թե ինչ-որ բուտերբրոդ, ձվածեղ կամ պրոտեին, այլ ամերիկյան բաղադրատոմսով պատրաստված գրիլ: Իսկ թե ի՞նչ են խմում նախագահն ու վարչապետը նախաճաշի սեղանին, այդպես էլ հանելուկ մնաց. թեյը այլ կերպ են խմում, իսկ գինու համար կարծես դեռ վաղ է», - գրել է ռուսաստանցի մի օգտատեր:

«Առողջ ապրելակերպով հպարտացող ռուսաստանցի առաջնորդները փաստորեն չգիտեն, որ խորովածը, այն էլ մարզանքից հետո, ամենաօգտակար ուտելիքը չէ», - գրում է ուրիշը:

Հեգնանքի առարկա են դարձել նաև ռուսաստանցի առաջնորդների սպորտային նեղ տաբատները, որոնք, ինչպես նկատել են ռուսաստանցի օգտատերերը, հագնում են հիմնականում դեռահաս աղջիկները:

Ի տարբերություն Մեդվեդևի՝ Պուտինը նախընտրել է հայրենական արտադրության մարզակոշիկ, որով մարզվում են Ռուսաստանի ազգային հավաքականների մարզիկները: Իսկ ահա Մեդվեդևը պահպանել է հավատարմությունը Nike բրենդին, երևի այն պատճառով որ Air Max-ը մի քանի սանտիմետրով ավելացնում է հասակը:

«Մեդվեդևի Nike Air Max բրենդի մարզակոշիկներ հիմնականում հագնում են մարզասրահներում սելֆիներ անող նորաձև աղջիկները», - գրում է ռուսաստանցի օգտատերերից մեկը՝ հրապարակելով նույն մարզակոշիկներով մարզասրահի հայելու դիմաց սելֆի անող աղջկա լուսանկար:

Մեկ ուրիշը նկատել է, որ ռուսաստանցի վարչապետն այդպես էլ չի փոխել իր ամերիկյան արտադրության Apple բրենդի թանկարժեք ժամացույցը՝ հօգուտ հայրենական արտադրության ժամացույցի:

«Այժմ ես հասկանում եմ, թե ինչու է մեր երկիրն այս օրին հասել», - գրում է ռուսաստանցի ռազմական լրագրող Արկադի Բաբչենկոն՝ շարունակելով. - «Պարզվում է երկրի առաջին դեմքերն օրը սկսում են ուժային վարժանքներով: Ով կյանքում գոնե մեկ անգամ երկաթե ձող է ձգել, գիտի, որ դրանից հետո այլևս մտածելու ունակ չէ: Օրը պետք է սկսել ոչ թե մկանների, այլ ուղեղի մարզանքներով: Իսկ այստեղ երկրի առաջնորդները, ինչպես տեսնում եք, հակառակն են անում, որից հետո անցնում են օրենքներ ընդունելուն: Այսինքն՝ ուժ ունես, խելք պետք չէ», - գրել է լրագրողը:

Իսկ փորձագետները՝ Պուտին-Մեդվեդև համատեղ մարզանքը գնահատում են որպես «Մեդվեդևին յուրայինների շրջանում պահելու» մասին ազդակ, որի նպատակն է ցույց տալ, որ Մեդվեդևը վայելում է Պուտինի վստահությունը:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG